ԿԻՍՈՒՄ ԵՆ ԱՐՋԻ ՄՈՐԹԻՆ, ՈՐԻՆ ԴԵՌ ՉԵՆ ԳՏԵԼ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն անցկացրեց պետական կառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին բյուջեի լրացուցիչ մուտքերին վերաբերող հարցեր, հաղորդում է News.am-ը։

Վարչապետը, մասնավորապես, նշեց. «Ես արդեն հայտարարել եմ, որ այս տարի շուրջ 62 միլիարդ դրամի գերակատարում ենք սպասում, ավելի ճիշտ՝ վստահ ենք, որ այդքանով կգերակատարենք մեր բյուջեի եկամտային մասը: Եվ այժմ կա խնդիր՝ քննարկել, հասկանալ, թե ինչպես պետք է տեղաբաշխվեն այդ հավելյալ միջոցները: Ըստ էության, երեք հարցերով մենք արդեն որոշում ընդունել ենք։ Այդ գումարներից 7 միլիարդ դրամ կհատկացվի ճանապարհաշինության ծրագրերին, մենք պայմանավորվել ենք, որ զինվորականների և ոււսուցիչների աշխատավարձերը այս տարի պետք է բարձրացնենք, դրա համար հարկավոր կլինի 3,5 միլիարդ դրամ: Մեզ մնում է մնացած մասով հասկանալ, խոսքը 45 միլիարդ դրամի մասին է, որը մենք պետք է ճիշտ որոշմամբ հասկանանք ինչպես ծախսել»։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թեև Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ ընդգծեց, որ խոսքը ոչ թե լրացուցիչ մուտքերի սպասումի, այլ վստահության մասին է, որ դրանք կլինեն, այդքանն ակնհայտորեն քիչ է, որպեսզի համարենք, թե 62 միլիարդ լրացուցիչ միջոցներն արդեն կառավարության գրպանում են։ Ուստի նշյալ խորհրդակցությունը կարելի է հանգիստ համեմատել չսպանված արջի մորթին կիսելու հետ։ Մեր դեպքում՝ ընդհանրապես երկու մորթիների, քանի որ սկզբում խոսվում էր 40 միլիարդի մասին, իսկ հիմա օրակարգում 62 միլիարդն է։ Այդուհանդերձ խոստովանենք. «արջը» դեռևս սպանված չէ, թե ով և ինչպես է սպանելու, նույնպես հայտնի չէ։ Վարչապետը դարձյալ հրամցնում է կանխատեսումը, թեկուզև նույնիսկ վստահ կանխատեսումը, իբրև իրականացած փաստ։ Իսկ այդ վստահությունը հասարակությանը փոխանցելու համար էլ՝ նախաձեռնում մորթին կիսելը։

Ակնհայտ է, որ բյուջետային մուտքերի առումով այդօրինակ լավատեսության համար իրական նախադրյալներ չկան։ Տնտեսական հեղափոխությունը մթագնվեց Փաշինյանի հայտարարած «հեղափոխության երկրորդ փուլով», որը սահմանափակվում է դատական համակարգի փլուզմամբ։ Նման իրավիճակում երկրում ներդրողական կլիմայի և բիզնես-մթնոլորտի մասին մտածելն անգամ պարզապես անհեթեթ է։ Անհեթեթ է ակնկալել օտարերկրյա ներդրումային կապիտալի ներհոսք երկիր, որի արդարադատության համակարգում պատրաստվում են «վիրահատական միջամտություն» կատարել։ Ընդ որում վիրադանակը նույնիսկ ոչ թե վատ վիրաբույժի, այլ պարզապես մսագործի ձեռքին է։

Պարզ է, որ այսպիսի երկրում, որտեղ արդարադատությունն իրականացնում է ժողովրդի անունից հանդես եկող մարդկանց խումբը, որտեղ նույնիսկ սահմանադրական օրենքը սկզբունքորեն ժխտվում է իշխանության մակարդակով, կապիտալ ներդնելը ոչ միայն պարզապես ռիսկային է։ Դա ընդհանրապես խելահեղություն է։ Ավելին, այդպիսի երկրից կապիտալը սովորաբար առհասարակ փախչում է։ Փախչում է և՛ տեղականը, և՛ օտարերկրյան։ Ինչպես ասում են՝ շառից-փորձանքից հեռու։ Ի դեպ, առաջին եռամսյակում արդեն արձանագրվել են այդ փախուստի ցուցանիշները։

Այս խորապատկերին մնում է լրացուցիչ գումարներ կորզել այն ամենից, ինչն առայժմ կա և գործում է։ Ըստ երևույթին, հենց դրա վրա է հիմնվում լրացուցիչ 62 միլիարդ մուտքի հարցում կառավարության ղեկավարի վստահությունը։ Բայց բիզնեսի վրա գործադրվող ճնշումը չի կարող չհանգեցնել հակառակ ֆինանսական արդյունքի։ Այո, խոշոր բիզնեսի վրա կարելի է ճնշում գործադրել։ Արդյունքում ինչ-որ բան ստանալ, ինչպես բազմիցս է եղել և՛ նախկին կառավարությունների, և՛ ներկայինիս օրոք։ Բայց դա չի կարող ապահովել եկամուտների կայուն աղբյուրներ. այն աստիճան կայուն, որ համոզված, վստահորեն (ինչպես Փաշինյանը) կանխատեսես լրացուցիչ եկամուտների ճշգրիտ թվերը։ Իսկ ինչ վերաբերում է միջին և փոքր բիզնեսին, ապա այստեղ առհասարակ ոչ մի ակնկալիք չկա։ Այն հազիվհազ թպրտում է ջրի երեսին։

Հաշվի առնելով այս հանգամանքները, ստացվում է, որ կառավարությունը զբաղվում է ոչ միայն չսպանված, այլև չգտված արջին կիսելով։ Եվ, դատելով որոշ նշաններից, իշխանության մեջ կան մարդիկ, որոնք դա գիտակցում են։ Մոտ 10 օր առաջ հայտնվեց և լայնորեն հրապարակվեց տեղեկատվություն այն մասին, որ խորհրդարանում պատրաստ է երկրում նվազագույն աշխատավարձը 55 հազարից մինչև 65 հազար դրամի բարձրացնելու օրինագիծը։ «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում շտկումների օրինագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ փաստաթղթի ընդունման դեպքում նվազագույն աշխատավարձը սպառողական զամբյուղի մակարդակից ավելի բարձր կլինի և կլուծի կարևորագույն սոցիալական խնդիր, նվազագույն աշխատավարձի աճը կհանգեցնի նաև ողջ երկրում միջին աշխատավարձի աճի, նվազագույն աշխատավարձ ստացողների գնողունակությունը կավելանա։ Դե, և այդպես շարունակ՝ նույն ոգով։

Նախաձեռնությունը, ասենք ուղղակի, թեև պոպուլիզմի հերթական դրսևորման հոտ էր արձակում, այդուհանդերձ օգտակար էր թվում։ Եվ գլխավորը՝ ոչ թանկարժեք։ Թե որքանով էին իրատեսական գաղափարի հեղինակների հաշվարկները, դժվար է ասել, բայց նույն հիմնավորման մեջ ներկայացվում էր կոնկրետ թիվ. առաջարկվող տարբերակը գանձարանի վրա կնստի տարեկան ընդամենը 1,1 մլրդ դրամ։ Եվ ահա հիմա՝ ամենահետաքրքիրը. պատասխանը ընթերցողի հավանական տարակուսանքին, թե ինչու է տողերիս հեղինակը այդ օրինագծի մասին խոսում անցյալ ժամանակով։ Ամեն ինչ շատ պարզ է. խորհրդարանի կայքում նշված է, որ օրինագծի հեղինակը հետ է կանչել դա (բառացի՝ հետ վերցրել)։ Եվ տեղի է ունեցել դա մայիսի 21-ին։

Թե ինչու հեղինակը մտափոխվեց բարձրացնել նվազագույն աշխատավարձերը, դժվար է ասել։ Բայց կարելի է ենթադրել, որ այդ նպատակի համար կառավարությունը չի գտել հենց այդ 1,1 միլիարդը։ Եվ դա այն դեպքում, երբ բառացիորեն հաջորդ օրը կառավարության անդամները մտածում ու քննարկում են, թե ինչպես ծախսեն 62 միլիարդ լրացուցիչ միջոցները, իսկ վարչապետն ասում է, որ այդ գումարները ոչ միայն պարզապես սպասվում են, այլ հաստատ կլինեն

Համարվում է, որ միակ բանը, որում հաջողության են հասել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, պոպուլիզմն է։ Իրականում դա այդպես չէ։ Իրականում պոպուլիզմի մեջ անգամ նրանք հաջողության չեն հասել, քանի որ նույնիսկ պետական լուրջ միջոցներ չպահանջող պոպուլիստական օրինագծի վրա ակներևաբար փողը խնայեցին

Основная тема:
Теги: