ՔԱՈՍԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարության վերջին նիստը և այդուհետ գործադիր իշխանության ներկայացուցիչների ճեպազրույցները կարելի է համարել բավական խորհրդանշական։ Իսկ խորհրդանշում էին դրանք այն, ինչի բացակայության համար կշտամբում են ներկայիս իշխանությանը. գաղափարախոսությունը։ Իրականում հինգշաբթի օրը պարզ դարձավ, որ գաղափարախոսություն կա, պայմանականորեն այն կարելի է բնորոշել խորհրդային հանրահայտ հիթի տողով՝ «մենք ծնվել ենք, որ հեքիաթը դարձնենք իրականություն»։ Ճիշտ է, այստեղ կա մի կարևոր շտկում։ Իշխանությունը պարզապես իրականություն է անվանում հեքիաթը։

Նիստում, բացի ամենայնից, քննարկվում էր նաև բնության մեջ այն ձեռնարկության գոյության հարցը, որ մի քանի ամիս առաջ հանդիսավորությամբ բացեց վարչապետը։ Մի քանի շաբաթ առաջ ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ իշխանական քարոզչության կողմից պիարավորված կենցաղային տեխնիկա արտադրող ձեռնարկությունը ոչ այլ ինչ է, քան հերթական ֆեյքը, որ իրականում այն չի գործում։ Եվ ահա հինգշաբթի օրը կառավարությունն ամենայն լրջությամբ ու երկար խոսում էր այն մասին, թե իրականում տվյալ արտադրությունը գոյություն ունի և շատ շուտով կթողարկի արտադրանքի առաջին խմբաքանակը։ Արդեն այն, որ մի ամբողջ կառավարություն իր թանկարժեք ժամանակը նվիրում է նրան, որ փարատի օբյեկտի իրական գոյության վերաբերյալ կասկածները, արտառոց է ի սկզբանե։ ԲայցԱյդպիսիք են «նոր Հայաստանի» դաժան իրողությունները։

Այնքան էլ կարևոր չէ, կա այդ ձեռնարկությունը, թե ոչ։ Կարևոր է այն, որ կառավարությանը կասկածեցին ստի մեջ, և այժմ նա փորձեր է ձեռնարկում ազատվելու այդ կասկածներից։ Մինչդեռ հենց հաջորդ հարցը, որ քննարկվեց հինգշաբթի օրը, բացատրում է, թե ինչու է ընդհանրապես կարելի կասկածի տակ առնել այն ամենը, ինչ ասում է գործող իշխանությունը։

Խոսքը դարձյալ 51 հազար աշխատատեղերի մասին է, որ մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իբրև նոր, հեղափոխությունից հետո բացված տեղեր։ Ահա ուրեմն, այժմ Փաշինյանն ասում է, որ դրանց լոկ մեկ հինգերորդ մասն է նոր, մնացածները պարզապես դուրս են եկել ստվերից։ Այստեղ կարծես թե հեքիաթը սրբագրեցին, նոր աշխատատեղերի մասին սուտն անվանեցին մասամբ իրականություն։

Իսկ այն, ինչ ասաց նիստից հետո ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը, շոկի մեջ գցեց նույնիսկ նրանց, ովքեր քնքուշ զգացմունքներ են տածում այս իշխանության նկատմամբ։ Օսիպյանը ուղղակիորեն հայտարարեց, որ դատարանների արգելափակման երկուշաբթի օրը տեղի ունեցած ակցիան ՏԱՐԵՐԱՅԻՆ էր, թեև ողջ Հայաստանը վկան է այն բանի, թե ինչպես Փաշինյանը բոլորին կոչ արեց իրականացնել այդ ակցիան։ Միաժամանակ Օսիպյանը պնդում էր, թե ակցիան օրինական էր, թեև օրենքն արգելում է համանման միջոցառումները դատարանների շենքերից անմիջական հեռավորության վրա։ Ընդ որում ոստիկանության պետը նշեց, որ ոստիկանության աշխատակիցները ակցիայի մասնակիցներին կոչ են արել բացել շենքերի մուտքերը։

Ի մի բերելով Օսիպյանի ասածը, ստանում ենք հետևյալ պատկերը. կառավարության ղեկավարը մարդկանց կոչ է արել արգելափակել դատարանները, բայց դա տեղի է ունեցել տարերայնորեն, օրենքի խախտում չի եղել, բայց ոստիկանության աշխատակիցները մարդկանց կոչ են արել բացել մուտքերը։ Ասել, որ այստեղ ակներև է ստի կույտը, նշանակում է՝ ոչինչ չասել։ Եվ ոչինչ չենք էլ ասի, քանի որ եթե քեզ ասում են, թե մածունը սև է, ապա վիճելն անիմաստ է։ Պարզապես խորհուրդ կտանք փորձել կիրառել նույն մոտեցումն ապագա դատարանի դահլիճում։ Այն դատարանի, որն անցնելու է չարաբաստիկ վեթինգի ընթացակարգի միջով և գործելու է անցումային արդարադատության ձևաչափով։

Դժվար թե կարող են կասկածներ լինել նրանում, որ հետագայում հենց այդ մոդելով է սկսելու գործել նաև արդարադատությունը։ Մոդելը պարզ է. եթե գործադիր իշխանության ղեկավարը համարում է, որ մածունը սև է, օրենսդիր իշխանությունը, բնականաբար, ջերմորեն հաստատում է, ապա դատական իշխանությանը մնում է միայն ամրագրել դա դատավճռի տեսքով։ Եվ հենց այդպիսի դատարանում հայտնվելու վտանգին է ենթարկվում երկրի յուրաքանչյուր քաղաքացի։ Դատարան, որը պարզապես կսկսի դատավճռի կարգավիճակ տալ իշխանության ներկայացուցիչների, ի դեպ՝ տարբեր տրամաչափի, ցանկություններին ու քմահաճույքներին, պատճառ բերելով հասարակական շահը։ Եթե ոմանք կարծում են, թե այդ հասարակական շահը սահմանափակվում է լոկ նախկին իշխանության կուլակաթափությամբ, ապա ակնհայտորեն սխալվում են։ Իշխանության ներկայացուցիչների պահանջները քողարկող այդ «հասարակական շահը» կարող է հասցեագրված լինել ցանկացած քաղաքացու։

Նրանք, ովքեր կարծում են, թե այս իշխանությունը գաղափարախոսություն չունի, թերևս սխալվում են։ Դա կա և ամփոփված է սևը սպիտակ անվանելու, հեքիաթը իրականություն կոչելու ձգտման մեջ։ Ասելու և անելու մտքով անցած ամեն բան։ Իսկ դա մենիշխանական կամայականության և քաոսի գաղափարախոսություն է

Основная тема:
Теги: