Կարեն Վրթանեսյան. Ադրբեջանը պատրաստվել է ու շարունակում է պատրաստվել պատերազմի

Ռազմական ոլորտում որևէ բան չի փոխվել, ինչպես եղել է, այնպես էլ շարունակվում է մարտական պատրաստությունը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը, տեղեկացնում է Aysor.am։

«Եթե մի փոքր դադար կար ռազմատենչ հռետորաբանության, այդ դադարն արդեն ավարտվել է, փետրվարից սկսած էլի սպառնալիքներ են Ադրբեջանի կողմից», - ասաց նա։

Վրթանեսյանի խոսքով՝ շատ կոնկրետ սցենարներ են խաղարկվում Արցախի դեմ ռազմական գործողությունների տարբեր կորպուսների մակարդակով։

«Ռազմական առումով Ադրբեջանը պատրաստվել է ու շարունակում է պատրաստվել պատերազմի Հայաստանի հետ՝ ներառյալ Արցախը», - նշեց կայքի համակարգողը։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան էլ նշեց, որ այս ֆոնին վտանգավոր է պառակտում մտցնել Հայատսանի ու Արցախի միջև։
«Սա ոչ միայն անհեթեթություն է, այլև՝ ծայրահեղ վտանգավոր, որովհետև հիմա փաստացի ադրբեջանական քարոզչությունը շատ հարմար ձևով օգտվում է պահից. ամբողջ ադրբեջանական մամուլը հեղեղված է նյութերով, որոնց հիմքը այդ թեզն է ՝ Հայաստանն ու Արցախը պառակտվում են, որևէ պարագայում չի կարելի Ադրբեջբանին թույլ տալ մտածել, որ ինքը ունի որևէ շանս հասնել հաջողության», - ասաց նա։

«Հանգիստ նստեք տեղներդ», - ավելացրեց Կարեն Վրթանեսյանը։

«Ռազմինֆո« կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանն էլ նշեց, որ Հայաստանում ընթացող քաղաքական հայտարարությունները Արդբեջանում որսում են ու սկսում շահարկել։

«Այսինքն՝ պատասխանատվությունը ինչ-որ հավանական գործողության դնում են հայկական կողմի վրա։ Մեզ ուշադիր հետևում են ու գործում են», - ասաց Խաչիկյանը։