ԱԿՏԻՎԻՍՏ ՋԻՎԱՆԸ ԵՎ ԱԶԴԱՆՇԱՆԸ՝ ԼԵՀԱՍՏԱՆԻՑ

Մայիսի 25-ին Թատերական հրապարակում տեղի ունեցած «Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների և Ռոբերտ Քոչարյանի հակառակորդների» միտինգը ցուցանշական գտնվեց ոչ միայն սակավաթվությամբ, այլև առաջին հերթին՝ ելույթ ունեցողների սկանդալային հայտարարություններով։

Առանձնակի ուշադրություն գրավեց ակտիվիստներից մեկը՝ Ջիվան Աբրահամյանը, որն իրեն թույլ տվեց անմիջական սպառնալիքներ հնչեցնել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հասցեին։ Հաջորդ օրը նա բերման ենթարկվեց ոստիկանություն՝ «առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքի մեջ կասկածանքով», սակայն արագ բաց թողնվեց։ Ոստիկանությունը հայտարարեց, թե նյութեր է հավաքում միջադեպի փաստով, բայց քրեական գործ հարուցելու մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։

Ավելին, բաժանմունքից դուրս գալուն պես՝ «ակտիվիստը» հայտարարեց, թե ոչ մի անօրինական բան թույլ չի տվել, իսկ ակցիայի ժամանակ իր ասած խոսքերը սխալ են մեկնաբանել։ Այնուհետ նա փաստացի կրկնեց իր սպառնալիքները. «Ես պայքարում եմ երկրում օրինականության համար։ Եթե որևէ մեկը սպառնա սահմանադրությանն ու օրինականությանը, ես կպաշտպանեմ դրանք»։ Օրինականության և սահմանադրության ըմբռնման նման մակարդակ ունեցող մարդու հայտարարությունները մեկնաբանելն անիմաստ է, նշենք միայն, որ կա նրա ելույթի տեսագրությունը, որը միանշանակ բացառում է «սխալ մեկնաբանման» հնարավորությունը։ Տվյալ դեպքում, սակայն, այդ սուբյեկտի անձը մղվում է հետին պլան, քանի որ բուն միջադեպը լույս է սփռում ավելի լուրջ խնդիրների վրա և մեծապես դուրս գալիս զուտ իրավական գնահատականի սահմաններից։

Անշուշտ, այդ կարգի սպառնալիքներն ու հայտարարությունները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ. անկախ նրանից, թե հատկապես ում են հասցեագրված։ Մյուս կողմից, հարցն ակնհայտորեն ունի քաղաքական տեսանկյուն, նախևառաջ Հայաստանի իշխանությունների համար, որոնք, ընդգծեմ, արագ ժխտեցին կապը կազմակերպիչների և բուն հավաքի հետ։ Այս առնչությամբ բավական կոշտ արտահայտվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը քննադատեց միտինգի կազմակերպիչներին և նրանց գործածած հռետորաբանությունը։ Իրավապահ մարմինները կոնկրետ գործողություններ են ձեռնարկել այդ սպառնալիքներից անմիջապես հետո, ասաց նա, նշելով, որ պետք է անցկացվի համապատասխան հետաքննություն։

Կարծում ենք, «ակտիվիստին» քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը հերթական քննությունն է իշխանությունների համար։ Նախ, դա նրանց թույլ կտա անջրպետվել բոլոր առումներով ձախողված միտինգից ոչ թե խոսքով, այլ գործով։ Երկրորդ, ցույց կտա կողմնակցությունը օրենքի ոգուն ու տառին, անկախ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ վերաբերմունքից (խոսքը, բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի մասին է)։ Երրորդ, դրանով իսկ յուրօրինակ մեսիջ կուղարկվի այն ուժերին, որոնք գիտակցաբար բորբոքում են Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև հակասությունների ծայրաստիճան վտանգավոր կրակը, ինչից ՀՀ ղեկավարությունը նույնպես ձգտում է, համենայն դեպս հրապարակավ, զերծ մնալ։ Վերջապես, դա հատկապես կարևոր է այն պահին, երբ դատական համակարգում բարեփոխումները դուրս են գալիս ներքին օրակարգի առաջին պլան։

Այս խորապատկերին բավական անսպասելի հնչեց բացահայտ կտրուկ ազդանշանը Լեհաստանից։ Հայաստանում 2015-2017 թվականներին այդ երկրի դեսպանը՝ Եժի Մարեկ Նովակովսկին մայիսի 28-ին Երևանում մամլո ասուլիս անցկացրեց, որի ընթացքում բավական քննադատական գնահատականներ հնչեցրեց հայկական իշխանությունների հասցեին։ Համաձայն «Առավոտ» թերթի հաղորդագրության, նա զարմանք արտահայտեց դատարանների շենքերն արգելափակելու Փաշինյանի կոչի առնչությամբ։ Այնուհետ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի հասկացել տարբերությունը պետության ղեկավարի ու հեղափոխության առաջնորդի միջև, և անհեթեթություն անվանեց այն հանգամանքը, որ դատական բարեփոխման նախաձեռնությունը շատ արագ առաջին պլան դուրս եկավ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելուց հետո։

Այնուհետ՝ ավելին.Նովակովսկին բնորոշեց տեղի ունեցող ամենը որպես դատական իշխանությունը գործադիր իշխանությանը ենթարկելու փորձ, նշելով, որ չի հասկանում, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի համար թիվ առաջին խնդիրը Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին և մյուսներին ամեն գնով «նստեցնելը», քանի որ նրանից ակնկալում էին կոռուպցիայի դեմ իրական պայքար և համակարգային փոփոխություններ։ Ի մի բերելով, լեհ դիվանագետը մտահոգություն արտահայտեց, որ Նիկոլ Փաշինյանին տրամադրված հասարակական վստահության պաշարը կարող է շատ արագ սպառվել։

Հանրահայտ է, որ նախկին գործիչների շուրթերով շատ հաճախ հնչեցվում է այն, ինչն ընդունված չէ ասել պաշտոնապես, և այդ իմաստով թեկուզև նախկին դեսպան Նովակովսկու կոշտ գնահատականները ոչ մի դեպքում չի կարելի թերագնահատել։ Ավելին, հատկանշական է, որ նման դերը հանձնարարվել է հենց Լեհաստանի ներկայացուցչին, ընդ որում՝ միանգամից մի քանի պարամետրերով։

Նախ, Լեհաստանը համարվում է ամերիկյան քաղաքականության հաղորդիչը Եվրամիությունում, փորձագետների դիպուկ արտահայտությամբ՝ «Վաշինգտոնի ենթակապալառուն Եվրոպայում»։ Ելնելով բացի ամենայնից նաև դրանից, Վարշավան վերջին տարիների ողջ ընթացքում ձգտում է խաղալ առաջատար դերերից մեկը հենց նույն ԵՄ-ում՝ որպես Արևելյան Եվրոպայի երկրների շահերի ներկայացուցիչ։ Բացի այդ, եկեք չմոռանանք, որ Լեհաստանի ներկայացուցիչն է գլխավորում Հայաստանում ԵՄ-ի պատվիրակությունը, և հենց Պյոտր Սվիտալսկին հնչեցրեց դիրքորոշումը դատական համակարգի բարեփոխման նկատմամբ, ինչը (դիրքորոշումը) անմիանշանակ ընկալվեց Հայաստանի փորձագիտական շրջանակների կողմից։

Վերջապես, Նովակովսկու քննադատությունը հնչեց Վենետիկի հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի համազեկուցողների, Եվրախորհրդարանի պատգամավորների և Freedom House կազմակերպության ներկայացուցչի կողմից այդ ուղղությամբ Հայաստանի իշխանությունների գործողությունների նույնքան անմիանշանակ գնահատականի խորապատկերին։

Կարող է թվալ, թե շոշափած երկու հարցերի միջև առանձնակի կապ չկա, սակայն ակներև է, որ Հայաստանի ղեկավարության համար վրա է հասնում յուրօրինակ ճշմարտության պահ։ Դատական համակարգի բարեփոխումների հարցով, ինչպես նաև ընդհանրապես իշխանությունների գործողությունների քննադատությունը տեղի բազմաթիվ փորձագետների կողմից, գնալով ավելի հաճախ է համընկնում միջազգային գործընկերների գնահատականների հետ, որ արտահայտվում են ինչպես պաշտոնապես, այնպես էլ տարբեր գործիչների շուրթերով։ Եվ առավելևս նշանակալի է, երբ դրանք արտահայտում է այնպիսի փորձառու և հեղինակավոր քաղաքական գործիչ, ինչպիսին դոկտոր Եժի Մարեկ Նովակովսկին է, որը ժամանակին զբաղեցրել է Լեհաստանի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը, դիվանագետի, որը գերազանց գիտի Հայաստանի ինչպես պատմությունը, այնպես էլ մերօրյա իրողությունները։

Ի դեպ, 2019 թվականի հունվարին ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում Նովակովսկին, խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին, հայտարարեց հետևյալը. «Եթե նա չունենա բնակչության աջակցությունը, ապա նրան կհեռացնեն ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանին»։ Այս հայտարարության բազմանշանակությունը դժվար թե կարիք ունի մեկնաբանությունների։