Ո՞Վ Է ԴԵՄ ՏՎԵԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ։ ՎԵԹԻՆԳԻ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԳՐԵԹԵ ՊԱՏՐԱՍՏ Է

Պարզվում է, որ վեթինգի մասին օրինագծի վրա իշխանության «Իմ քայլը» խմբակցությունն աշխատում է արդեն վաղուց, առնվազն մեկ-երկու ամիս։ Համենայն դեպս դա ակներև է դառնում ԱԺ ներկայիս նստաշրջանի ընթացքում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, իսկ այնուհետ նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի արած հայտարարություններից։ Թեև դեռևս երկու շաբաթ առաջ քաղաքական ուժերը, այդ թվում նաև «Իմ քայլը» դաշինքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հավանաբար պատկերացում անգամ չունեին այդ տերմինի մասին…

Նախեվառաջ հիշեցնենք, որ դատարանների շենքերի արգելափակման և Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարության հաջորդ օրը «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ հրավիրեց։ Եվ երեք ժամ տևած բուռն քննարկումներից հետո հենց նույն օրը, մայիսի 21-ին Մակունցը լրագրողներին հայտարարեց, որ իրենք սկսելու են աշխատել վեթինգի մասին օրինագծի վրա։ «Որոշում է կայացվել վեթինգի մասին նախագիծ մշակել, և հիմա մենք այդ ուղղությամբ աշխատելու ենք ավելի ինտենսիվ ու ակտիվորեն»,- ասաց Մակունցը։

Այսօր, մայիսի 29-ին, այսինքն հանգստյան և տոնական օրերով հանդերձ՝ 8 օր անց, պարզվում է, որ օրինագիծը գրեթե պատրաստ է։ Եվ Մակունցը ընդդիմադիր խմբակցություններին և հասարակական կազմակերպություններին առաջարկում է ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկությունները։ Կազմակերպչական հարցերի քննարկման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, խոսք վերցնելով, հայտարարեց. «Ինչպես հայտնի է, «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է վեթինգի նախագիծը մշակելու գործընթաց, որը սկսվել է դեռևս ամիսներ առաջ: Այս պահին այն վերջնականացման փուլում է: Խմբակցություններին խնդրում եմ մեկ շաբաթում ներկայացնել գրավոր առաջարկներ և մտահոգություններ: Առաջարկս վերաբերում է նաև շահագրգիռ հասարակական կազմակերպություններին»։

Ճիշտն ասած, դժվար է պատկերացնել, թե օրինաստեղծ մտքից թույլ խմբակցությունը գործնականում մեկ շաբաթվա ընթացքում կարողացել է ինչ-որ բան մշակել զրոյից, իսկ առավելևս՝ խելքին մոտ ինչ-որ բան ծնել։ Առհասարակ ինչ-որ բան ծնել… Մեկ շաբաթում։ Թեև ակնհայտ է. նույնիսկ այսօր նրանցից շատերը լավ չեն պատկերացնում, թե ինչ բան է վեթինգը։ Բայց գուցե այդ փաստաթուղթը նրանց դե՞մ են տվել, կամ էլ իրենք են պարզապես ինչ-որ տեղից արտագրել դա, առանց գլխներին զոռ տալու։ Չէ՞ որ նույնիսկ անցումային արդարադատության թեմային նվիրված լսումները 88 անդամ ունեցող խմբակցության մեջ չբացահայտեցին թաքնված տաղանդների։

Բացի այդ, եթե ընթերցողը նորից կարդա մայիսի 21-ին և մայիսի 29-ին Մակունցի արած վերոնշյալ հատարարությունները, ապա կհասկանա, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հակասում է ինքն իրեն։ Մերթ նա ասում է, թե «որոշում է կայացվել վեթինգի մասին նախագիծ մշակել», մերթ «ինչպես հայտնի է, «Իմ քայլը» նախաձեռնել է վեթինգի մասին նախագիծ մշակելու գործընթացը, որը սկսվել է դեռևս ամիսներ առաջ»։

Պարզվեց, որ այդ մասին տեղյակ չէր, օրինակ, ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը չհապաղեց հայտարարել այդ մասին, նույնպես ԱԺ ամբիոնից։ «Շատ վատ է, եթե ամիսներ առաջ եք աշխատել, իսկ մենք, կներեք, խաբար չենք եղել, դա արդեն վատ ուղերձ է: Իմիջիայլոց, ամիսներ առաջ անցումային արդարադատության մասին էիք խոսում, ոչ թե վեթինգի: Այդ տերմինը հենց «Լուսավոր Հայաստանն» է դրել շրջանառության մեջ, որից հետո վարչապետն իր ելույթում այդ մասին հայտարարեց։ Ես գիտեմ, որ երկու ամիս անցումային արդարադատության վրա եք աշխատել, վեթինգի մասին խոսք չի եղել: Վեթինգը նոր բան է, նոր եք դրա շուրջ աշխատում»,- հայտարարեց Մարուքյանը։ Ինչին ի պատասխան փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանգիստ նշեց, թե իբր՝ դե, արդեն խաբար եք

«Եթե ինչ-որ բան կա, պետք է խումբ ստեղծել, այդ խմբով աշխատել,- հայտարարեց Մարուքյանը։- Ոչ թե ասել «մենք աշխատել ենք մի բանի շուրջ, եթե մտահոգություններ կամ առաջարկներ ունեք տվեք»: Ինչի՞ շուրջ տանք, ի՞նչ իմանանք՝ ինչ եք գրել, որ դրա շուրջ առաջարկներ տանք»,- միանգամայն հիմնավորված հարց տվեց Մարուքյանը։ Նրա խոսքերով, տպավորություն է ստեղծվում, որ դա ուղղակի հայտարարություն է, որն արվում է, որպեսզի հետո ասեն, թե իբր՝ մենք հանդես եկանք հայտարարությամբ, իսկ ընդդիմությունը չցանկացավ համագործակցել։

Առհասարակ իշխանության խմբակցությունը շատ բան է անում (կամ չի անում) հույժ գաղտնի։ ԼՀ խմբակցության ղեկավարի խոսքերով, հայտարարել էին, օրինակ, Ընտրական օրենսգրքի վրա տարվող աշխատանքների մասին։ Տեղի ունեցավ ընդամենը մեկ հանդիպում, որին ԼՀ-ն ուղարկեց իր ներկայացուցիչներին, ինչով էլ ամեն ինչ ավարտվեց, նոր հանդիպումներ չհաջորդեցին։ Բայց Մարուքյանը, ըստ երևույթին զայրանալով վեթինգի մասին Մակունցի հայտարարությունից, այդքանի վրա կանգ չառավ։

«Դուք հայտարարել եք, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծ եք պատրաստում։ Որևէ տեղեկություն չկա, որ՝ այ, եկեք, եթե չեք ուզում սուպերվարչապետականը, ուրիշ տարբերակով ԱԱԾ-ին և ոստիկանությանը մենք կբերենք խորհրդարան։ Որևէ խումբ չի ստեղծվել, մենք չգիտենք այդպիսի գործող խմբի մասին։ Նույնը վերաբերում է անցումային արդարադատությանը։ Մենք նույնիսկ չգիտենք, թե ով է աշխատում այդ խմբում, կոնկրետ ով է պատասխանատու անցումային արդարադատության նախագիծը պատրաստելու գործում։ Անունը նշեք, որպեսզի այդ մարդու հետ մենք շփվենք։ Որ մեկիդ հարցնում ենք, ասում եք, թե խումբ է աշխատում, բայց անուններ չեք նշում»,- ամփոփեց Մարուքյանը։