ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը

Եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի հարկման համակարգը մեկ միասնական համահարթ դրույքաչափով փոխարինելը հակասում է սոցիալական շուկայական տնտեսական կարգ ունենալու պահանջներին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԳՄ-ն, տեղեկացնում է NEWS.am:

Հայտարարությունում ասվում է.

«Հայաստանի կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկվում է եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի հարկման համակարգը փոխարինել համահարթ (մեկ միասնական) դրույքաչափով:

Առաջարկությունը հակասում է սոցիալական շուկայական տնտեսական կարգ ունենալու, սերունդների միջև հանրային համերաշխության ապահովման, սոցիալական պետության սահմանադրական պահանջներին:

Այն հակասում է նաև երկրի առաջ ծառացած աղքատությունը հաղթահարելու, աշխատանքը խրախուսելու, արժանապատիվ վարձատրության համակարգ ներդնելու՝ կառավարության կողմից տրված խոստումներին:

Համահարթ եկամտահարկի ներդրմանը դեմ են արտահայտվում հանրության մասնագիտական և երիտասարդական լայն շրջանակներ, ձևավորվել է «Ահազանգ» հասարակական երիտասարդական շարժում՝ ընդդեմ համահարթ եկամտահարկի:

Արժևորելով և քաջալերելով դեմ արտահայտվողների վճռականությունը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը անընդունելի է համարում կառավարության ներկայացրած առաջարկությունը, պահանջում է հրաժարվել դրանից:

Հրապարակելով ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակի կողմից ներկայացվող տեսակետը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկում է համատեղ քննարկել դրանով ներկայացվող այլընտրանքային լուծումները:

Основная тема:
Теги: