ԻՆՉՈՒ ՄԻՇՏ ԾՈՒՌ ԿԼԻՆԻ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՀԱՅԵԼԻՆ

Մայիսի 13-ին ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակվեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի «Լեռնային Ղարաբաղի փխրուն խաղաղությունը» հոդվածը, նվիրված բախման գոտում հրադադարի ռեժիմի սահմանման 25-ամյակին։ Հոդվածը կոռեկտ է, կառուցված դիվանագիտական էթիկայի շրջանակներում և համապատասխանում է նախանշված նպատակին. գնահատական տալ բանակցային գործընթացի համար պայմաններին ու հնարավորություններին և հասկանալ, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի կանխվի մարտական գործողությունների վերսկսումն ու ապահովվի խաղաղ գործընթացի անշրջելիությունը։

Բծախնդիր հայ ընթերցողը կարող է նույնիսկ դժգոհություն ներկայացնել Զոհրաբ Մնացականյանին ավելորդ զսպվածութան համար, քանզի հոդվածում բացակայում են բախման զարգացման վրա տարբեր ժամանակներում կրիտիկական ազդեցություն գործած բազմաթիվ փաստեր։ Օրինակ, չի հիշատակվում 1988-1990թթ. Ադրբեջանի ողջ տարածքում ծավալված հայերի ցեղասպանությունը, որի բարձրակետը դարձան զանգվածային ջարդերն ու խաղաղ քաղաքացիների ամենադաժան հրապարակային սպանությունները Սումգայիթում, Գանձակում (Կիրովաբադ) և Բաքվում։ Իսկ ցեղասպան բնույթի իրադարձութունները, որ տեղի ունեցան պատերազմից անմիջականորեն առաջ և արդեն ընթացքում, մասնավորապես՝ ռազմա-ահաբեկչական «Կոլցո» գործողությունը, սարսափելի կոտորածը Մարաղա գյուղում և այլ իրադարձություններ նշված են ընդամենը մեկ արտահայտությամբ. «1992 թվականի ամռանը ադրբեջանական զինված ուժերն արդեն օկուպացրել էին Լեռնային Ղարաբաղի տարածքի 40%-ը, իրականացնելով էթնիկական զտումներ»։

Հոդվածում չեն հիշատակվում նաև արդեն հետպատերազմյան շրջանի որոշ իրադարձություններ, որոնք դարձան բանակցային գործընթացի յուրօրինակ փուլանիշեր, օրինակ, սպանությունը Բուդապեշտում և մարդասպանին հետ գնելու ու հերոսացնելու ուղղությամբ Բաքվի հետագա բոլոր գործողությունները, Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչների գերեվարման դեպքերը՝ միջազգային հումանիտար իրավունքի հետագա կոպտագույն խախտումներով։ Մյուս կողմից, նման զսպվածութունը համապատասխանում է հեղինակի կարգավիճակին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարի, բանակցողի, որը նպատակադրված է առաջին հերթին հակամարտության կարգավորման ուղղությամբ։

Երկու շաբաթ անց՝ մայիսի 27-ին նույն պարբերականում հրապարակվեց Ադրբեջանի արտգործնախրար Էլմար Մամեդյարովի, պետք է ենթադրել, պատասխան հոդվածը։ Տարածաշրջանային իրողություններից նույնիսկ ոչ այնքան լավատեղյակ ընթերցողը կնկատի դրա մեջ ծեծված ու վաղուց պսակազերծված քարոզչական կաղապարների լիառատությունը, ոչ վաղ անցյալի փաստերի խեղաթյուրումը և այսօրվա իրական Ադրբեջանը տեսնելու ցանկության իսպառ բացակայությունը, այնտեղ տիրող ռազմաշունչ քսենոֆոբիայի, հայերի հանդեպ անհանդուրժողականության ու ատելության մթնոլորտով, որը վաղուց դարձել է այդ երկրի պետական քաղաքականությունը։

Նախարարը չի խորշում նաև բացահայտ ստախոսությունից, ընդ որում՝ մի շարք առումներով։ Օրինակ, նա պնդում է, թե «հրադադարը ձեռք բերվեց Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ՝ որպես հակամարտության մասնակիցների»։ Սա, ընդգծեմ, հայտարարում է մի ամբողջ պետության ԱԳՆ ղեկավարը, հուսալով խաբել դյուրահավատ ընթերցողին, որը բացառում է նույնիսկ միտքն այն մասին, որ բարձր պետպաշտոնյան կարող է նվաստանալ այդպիսի ստախոսության աստիճանի։ Ում՝ ում, բայց ղարաբաղյան խնդրի շուրջ բազմամյա բանակցողին գերազանց հայտնի է պատերազմի տարիներին Արցախի իշխանությունների հետ Ադրբեջանի ակտիվ անմիջական շփումների մասին, որոնք խրախուսվում էին, ի դեպ, «համազգային առաջնորդ» և Ադրբեջանի ներկայիս «իմաստուն տիրակալի» հայրիկ Հեյդար Ալիևի կողմից։ Ինչպեսև այն մասին, որ հենց Ստեփանակերտի հետ Բաքվի անմիջական շփումների շնորհիվ է հաջողվել արդյունավետ որոշումների հասնել անցած 25 տարիների ընթացքում։ Եվ իհարկե՝ այն մասին, որ նման մոտեցման պսակը դարձավ բոլոր այդ տարիների միակ գործող փաստաթուղթը։ Հրադադարի մասին համաձայնագիրը, որ 1994 թվականի մայիսի 5-ին Բիշկեկում ստորագրեցին ԵՐԵՔ կողմերը՝ Արցախը, Հայաստանն ու Ադրբեջանը։

Ըստ էության, այլ բան անհնար է ակնկալել մի մարդուց, որը բոլորովին վերջերս հայ լրագրողներին տված հարցազրույցում պնդում էր, թե այդ փաստաթղթի տակ կա նաևԱրցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցչի ստորագրությունը։ Արտգործնախարարից, որը կրկնում է քարոզչական հեքիաթներն այն մասին, թե Ադրբեջանը դարձել է աշխարհի ժողովուրդների հանրության հարգված անդամ, գիտակցաբար լռելով այդ երկրի և իր նախագահի շուրջ ծավալվող կոռուպցիոն ու իմիջային բազմաթիվ սկանդալների, ինչպեսև այն մասին, որ Ադրբեջանը համաշխարհային առաջատարներից մեկն է մարդու իրավունքների և ժողովրդավարական նորմերի խախտումների քանակով։ Ի դեպ, Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղի հետ կապված դեռևս չմարած սկանդալն առավել քան համոզիչ ցույց տվեց, թե որքան «հարգված» պետություն է ալիևյան Ադրբեջանը։

Մեղադրելով Հայաստանին հարևան երկրների հանդեպ տարածքային նկրտումների մեջ, սույն վայ-նախարարը «մոռանում է» իր երկրի նախագահի կողմից Երևանին բազմիցս ու հրապարակայնորեն ներկայացված պահանջների մասին, ինչպես նաև այսօր սրընթաց բորբոքվող սկանդալի, կապված արդեն Վրաստանի հետ՝ Ադրբեջանի կողմից «Դավիթ Գարեջա» քրիստոնեական հուշարձանի զավթման փորձի առնչությամբ։

Մենք չէինք հիշատակի այս ամենը, եթե խոսքը վերաբերեր սովորական քարոզչական շիլային, որը կույտերով լցված է Բաքվի կայքերում։ Բայց ասվածը վերաբերում է պաշտոնական անձի, իր երկրի առաջին դիվանագետին, որն իրեն թույլ է տալիս ոչ միայն կամայականորեն մեկնաբանել միջազգային փաստաթղթերը, այլև տիրաժավորել անպատկառ սուտ, խեղաթյուրելով իրողություններն ու գիտակցաբար լռության մատնելով լայնորեն հայտնի փաստերը։

Ուրեմն ինչի՞ վրա է ուղղված պրն. Մամեդյարովի կեղծ պաթոսը։ Հենց այն ամենի, ինչը Բաքվի գլխավոր նպատակն է. բռնի ճանապարհով կրկին ներառել Արցախը Ադրբեջանի կազմում, անտեսելով նրա ժողովրդի իրավունքները։ Լուծել փախստականների հարցը բացառապես միակողմանի կարգով, անտեսելով Ադրբեջանից և Արցախի օկուպացված տարածքներից հեռացած կես միլիոն հայ փախստականների իրավունքները։ Նենգափոխել բախման էությունը, դրան տալով համայնքային բնույթ, թույլ չտալով Արցախի լիարժեք վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ և փորձելով հայկական հանրապետության օրինական իշխանություններին հակադրել «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը»։ Հենց այն «համայնքը», որի ղեկավարը վերջերս հայտարարեց, թե իրենք «համաձայն են» ապրել Ղարաբաղում միայն այն հայերի հետ, որոնք ընդունում են Ադրբեջանի ինքնիշխանությունը, ինչով հերթական անգամ հաստատեց թուրքական գլխավոր նպատակը. ստանալ Արցախն առանց հայերի։ Թե ինչ են մտադիր անել մնացածների հետ, համայնքի ղեկավարը, ինչպեսև Մամեդյարովը, համեստորեն լռում է, մտքում պահելով իր պետության հանրահայտ սկզբունքը. «Հայի սպանությունը հանցագործություն չի համարվում Ադրբեջանում»։

Անհրաժեշտ է ընդգծել ևս երկու հանգամանք։ Նախ՝ ԱԳ նախարարի ճչացող անգրագիտությունը միջազգային փաստաթղթերի առումով։ Այսպես, Մամեդյարովը հիշատակում է Հելսինկյան եզրափակիչ ակտը՝ ինքնորոշման սկզբունքին վերաբերող մասով. «Մասնակից պետությունները կհարգեն ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը` մշտապես գործելով ըստ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համապատասխան նորմերի` ներառյալ նրանք, որոնք վերաբերում են պետությունների տարածքային ամբողջականությանը»։ Եվ պնդում է, թե դա, իբր, «հստակ վկայում է, որ նշյալ սկզբունքը կիրառելի է միայն պետութան տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Ստիպված ենք լուսավորել ադրբեջանցի նախարարին՝ ՄԱԿ-ի Իրավական հարցերով կոմիտեի որոշման մասին հիշեցումով, որն իր փաստաթղթերից մեկում ինքնորոշման իրավունքի իրականացման ուժային ճնշումը հավասարեցրել է այնպիսի երևույթների, ինչպիսիք են ցեղասպանությունը, ապարտեիդը և այլ հանցագործությունները մարդկության դեմ։ Թեև դժվար թե դա օգնի, քանզի ՄԱԿ-ի հետ կապված հարցերի ողջ համալիրից Բաքվին հետաքրքրում են բացառապես և միայն տխրահռչակ «չորս բանաձևերը»։

Եվ վերջինը։ Մամեդյարովի հոդվածը ոչ միայն ցինիկաբար խեղաթյուրում է կարգավորման հարցի և գործընթացի բուն էությունը, այլև բաց տեքստով վարկաբեկում է Մինսկի խորհրդաժողովն ու Մինսկի խմբի համանախագահներին։ Խոսելով ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի 1994թ. դեկտեմբերի 6-ի որոշման մասին, նա պնդում է, թե «համանախագահներին հանձնարարություն է տրվել փուլ առ փուլ իրականացնել բախման կարգավորման գործընթացը, երբ դրա հիմնական հետևանքները, որոնց թվին առաջին հերթին պատկանում է Ադրբեջանի տարածքների բռնազավթումը և ադրբեջանցի բնակչության վտարումն այնտեղից, պետք է վերացվեն առաջին փուլում, ինչը թույլ կտա անհրաժեշտ պայմաններ ստեղծել Մինսկի խորհրդաժողով գումարելու համար»։

Փոքրիշատե լուրջ ցանկացած փորձագետ վայրկենապես կորսա փաստերի գիտակցված աղճատումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի այս խոսքերում, որը չի խորշում տվյալ դեպքում նույնպես մեկնաբանել հանրահայտ փաստաթղթերը իր երկրի համար շահավետ տեսանկյունից։ Միջնորդներին վերագրելով բախման «փուլ առ փուլ լուծման» և հետևանքների վերացման պարտավորությունը, որոնք վերաբերում են միայն ադրբեջանական կողմին և ոչ մի կերպ հաշվի չեն առնում հայկական կողմերի շահերը։

Դրանով իսկ Մամեդյարովը հերթական անգամ ոչ միայն հաստատում է, որ Ադրբեջանը պայմանավորվելու անընդունակ երկիր է, այլև ոտնձգություն է կատարում Մինսկի խմբի համանախագահների հեղինակության դեմ։ Ավելին, նա վարկաբեկում է նրանց բարձր առաքելությունը, որն իր բոլոր հայտնի թերություններով և բացթողումներով հանդերձ՝ բացառիկ է համաշխարհային մասշտաբով։ Քանզի, եթե իրերին նայենք գլոբալ աշխարհաքաղաքական կտրվածքով, ապա այդ առաքելությունն ամփոփված է հայերի ցեղասպանության հերթական փուլ սանձազերծելու և Հայկական հարցը վերջնականապես լուծելու Ադրբեջանի և Թուրքիայի մտադրությունների ու ախորժակի զսպմանը։

Հենց դա էլ հարուցում է Էլմար Մամեդյարովի անսքող նյարդայնությունը և դրդում նրան այդչափ բարձր պաշտոնական անձին ոչ վայել պահվածքի։ Հենց այդ պատճառով էլ պրն. Մամեդյարովի հայելին միշտ կլինի ծուռ և ոչ համարժեք պատմությանը, իրականությանն ու փաստերին։

Թեպետ, արժե՞ արդյոք այլ բան ակնկալել այնպիսի երկրի նախարարից, ինչպիսին Ադրբեջանն է։