«Սևազգեստ խմբեր և ծաղկավոր «բաբչկաներ»․ Փաշինյանը հավանություն է տվել «կոշտ հարվածների»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ կոչ է արել ոստիկանությանը դիմել կոշտ քայլերի բռնության քարոզի դեմ, տեղեկացնում է Newsarmenia.am։

«Թավշյա ոչ բռնի հեղափոխությունից հետո մի շարք ուժեր, այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող անձինք փորձեցին քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է ժողովրդավարական ցանկացած երկրում։ Մեկ տարվա փորձերի արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, և վերջին շրջանում տեսնում ենք, որ, ըստ ամենայնի, որոշ շրջանակներ որոշել են բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ իրականացնել և նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է, որ նրանք պատրաստվում են բռնությամբ քաղաքական հարցեր լուծել», – նշել Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, իշխանություններն օպերատիվ տեղեկություններ ունեն, որ այդ շրջանակների որոշ հատված որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում պետք է շրջեն, տրամադրություն ստեղծեն, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնեն։

«Եթե Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո բռնության կոչեր են հնչում, ապա իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և պետք է շատ կոշտ հակահարված տա նման բոլոր երևույթներին։ Երևանի Ազատության հրապարակը փորձում են երթևեկելի գոտի դարձնել, ավտոմեքենաներով ճռիկներ անել, վարել մայթերով և սա, ըստ էության, որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում հաստատված է անիշխանություն կամ իրավական համակարգը չկա կամ թույլ  է։ Նման դեպքերում իրավապահ համակարգը խնդրին ոչ թե պետք է վերաբերվի որպես երթևեկության խախտում, այլ որպես արհամարհանք հասարակության, օրինականության նկատմամբ, ինչով պետք է զբաղվեն իրավապահները, որպեսզի նման արարք թույլ տվող ցանկացած անձ լրջորեն փոշմանի դրա համար», – նշեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այսօր առավոտյան այս թեմայով նաև զրույց է ունեցել ոստիկանապետի հետ:

«Ինչ վերաբերում է այդ սևազգեստ խմբերին, ապա այդ սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր «բաբչկան» կապել և հնարավորինս վառ ծաղիկներով ճանապարհել քաղաքակիրթ, օրինական կյանք»,– ասաց Փաշինյանը:

Այնուհետև ՀՀ վարչապետը դիմեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

«Պարոն Դավթյան, կարծում եմ՝ դատախազությունը նույնպես պետք է այս երևույթներին ոչ միայն մոտենա ուղղակի քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածի զուտ մեկնաբանության տեսակետից, այլև ընդհանրապես հանրային անվտանգության տեսակետից Եթե կա անհրաժեշտություն, նույնիսկ պետք է նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ և բռնության քարոզը, ատելության քարոզը պետք է շատ խիստ հակազդեցության արժանանա: Բացարձակապես կապ չունի, թե այդ քարոզն իրականացնողները հանդես են գալիս իշխանության համակիր, որպես ընդդիմության համակիր: Հայաստանում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված: Հաջորդ անգամ բռնության քարոզի, բռնության բառապաշարի համար բերանները բացելուց առաջ պետք է տասը անգամ մտածեն: Եթե դրանից հետո էլ այնուամենայնիվ գնան նման գործողությունների, ուրեմն 10 անգամ պետք է հակահարված ստանան և այդ հակահարվածը չպետք է լինի թավշյա, այն պետք է լինի երկաթյա», – ընդգծեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը :

ՀՀ վարչապետն առաջարկեց նաև ձևավորել խումբ, որը քաղաքացիների այդ ահազանգերին սովորականից 10 անգամ ավելի արագ կարձագանքի և արագ միջոցներ կձեռնարկի, որոնք կլինեն տեսանելի հանրության առջև։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր հերթին առաջարկեց նման դեպքերը չդիտարկվեն որպես լոկալ դեպք, և դրա ամբողջ մեխանիզմը բացահայտելուն ուղղված գործողություններ իրականացվում են:

«Մենք հետևում ենք, որ լրիվ ծավալով իրականացվի, հնարավոր կազմակերպիչներ, դրդիչներ, օժանդակողներ կամ եթե այլ, ավելի ծանր հնցագործություն է նախապատրաստվում, այդ ամենը բացահայտվի», – ընդգծեց ՀՀ գլխավոր դատախազը։

Ինչ վերաբերում է բռնության կոչերին, Արթուր Դավթյանն ասաց, որ դեռևս երկու տարի առաջ այդ ուղղությամբ փոփոխություններ են նախաձեռնել. «Հենց դատախազությունն էր նախագիծ ներկայացրել, որ մեր երկրում քրեականացվի հանցագործություն կատարելու կոչերը, սակայն օրենքում սահմանափակվեցին միայն ահաբեկչությամբ», – նշեց Արթուր Դավթյանն`առաջարկելով կրկին վերանայել նման օրինագծի մշակման հնարավորությունը։