Երևանում մեկնարկել է Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթը

Հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկել է Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթը։ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամները և կազմակերպիչներն օրը սկսել են Կոմիտասի անվան պանթեոն այցելությամբ, որտեղ ծաղիկներ են խոնարհել մեծ կոմպոզիտորի շիրմաքարին։ Այնուհետև եղել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, ծանոթացել մեծն Կոմիտասի կյանքին և ստեղծագործությանը։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի խոսքով` անցած 15 տարիները հնարավորություն են տալիս ասելու, որ Արամ Խաչատրյանի ժառանգությունը ներկայացնող մրցույթն ունի իր ուրույն տեղը միջազգային մրցույթների ընտանիքում և պատվով ներկայացնում է մեր երկիրը, մեր կատարողական արվեստը։

«Սա շատ լավ հնարավորություն է Հայաստանն աշխարհին ներկայացնելու որպես մշակութային պետություն, պետություն, որն ունի հարուստ ժառանգություն, և որի հայացքը միտված է դեպի ապագան։ Խաչատրյանի մրցույթն անցած տարիների ընթացքում բացահայտել է այսօր արդեն մեծ համբավ վայելող այնպիսի երաժիշտների, ինչպիսիք են Նարեկ Հախնազարյանը, Միրան Վոպոտիչը, Անդրեյ Իոնիցան, Ֆյոդոր Ռուդինը, Յարոսլավ Նադրժիցկին և այլք»,- ասել է Աննա Տեր-Հովակիմյանը։

Խաչատրյանի մրցույթի ժյուրիի նախագահ Վահագն Պապյանը ներկայացրել է ժյուրիի կազմը, որում ընդգրկված են մեծ ճանաչում վայելող երաժիշտներ՝ դաշնակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միխայիլ Վոսկրեսենսկին, Բելառուսի ժողովրդական արտիստ, դաշնակահար Իգոր Օլովնիկովը, Իսրայելի հայտնի դաշնակահար Թոմեր Լևը, Չինաստանի դաշնակահարների միության նախագահ Վեյ Ճանը, մեծահամբավ դիրիժոր Իլյա Ստուպելը, մեծ ճանաչում վայելող դաշնակահար, պրոֆեսոր Սերգեյ Էդելմանը։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյաննը երեկ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի բացման գալա համերգին:

Մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային երաժշտական այս մրցույթն անց է կացվում նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո: Մրցույթն այս տարի անցկացվում է դաշնամուր մասնագիտությամբ։

Գալա համերգին մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ հանդես է եկել տաղանդավոր դաշնակահար Հայկ Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթին մասնակցելու է 12 երկրի մոտ երեք տասնյակ երիտասարդ դաշնակահար։ Նրանց պարտադիր կատարման ծրագրում ընդգրկված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է և իրականացվում է միջազգային չափանիշներով։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, տեղեկացնում է armeniasputnik.am:

Основная тема:
Теги: