Վարդան Ոսկանյան․ Հայաստանը դիտարկում է որպես կարևորագույն կապող օղակ

Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը չափազանց կարևոր և դրական է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ նշված համաձայնագրի ստեղծման գործում լուրջ դերակատարություն է ունեցել Հայաստանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանն ավելացնելով, որ Իրանի խորհրդարանի կողմից նման համաձայնագրի վավերացումն ու կիրարկումը բխում են մեր շահերից։

Հարցին՝ ե՞րբ հնարավոր կլինի տեսնել ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի արդյունքները, մեր զրուցակիցը պատասխանեց՝ դա առավելապես կախված է կողմերի գործողություններից։

«Իրանում ԵԱՏՄ-ի նկատմամբ մոտեցումը միանշանակորեն դրական է, և այդ համատեքստում չափազանց կարևոր է, որ իրանցիները Հայաստանը դիտարկում են որպես կարևորագույն կապող օղակ՝ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև։ Մեր պետությանը փաստացիորեն շնորհվում է ինչ-որ առումով բացառիկ կարգավիճակ, ինչն էլ հաշվի առնելով՝ մենք պետք է աշխատենք», - ասաց Վարդան Ոսկանյանը։

Իրանագետը միաժամանակ հույս հայտնեց, որ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայանգիրը թույլ կտա շահագործել Մեղրիի ազատ տնտեսական գոտին։

«Այդ գոտին ստեղծվել է, բայց, ցավոք, փաստացի կերպով չի աշխատում։ Մինչդեռ այս համաձայնագրի ընձեռած նոր հնարավորությունները դուռ են բացում ազատ գոտու շահագործման համար», - ասաց Վարդան Ոսկանյանը։

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօր վավերացրել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը:

Основная тема:
Теги: