Իրականացվել են կադրային փոփոխություններ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Լևոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նույն օրը նախագահը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում՝ ազատվելով ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

Երկրի ղեկավարն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանն ազատվել է պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր Լևոն Մնացականյանին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ նշանակելու մասին:

Բակո Սահակյանի նույն օրն ստորագրած մեկ այլ հրամանագրով Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:

Նախագահ Սահակյանը հունիսի 11-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն և անձնակազմին ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Լևոն Մնացականյանին՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իգոր Գրիգորյանին՝ նրա գործունեության համար:

Նույն օրը Նախագահն այցելել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և անձնակազմին ներկայացրել ծառայության նորանշանակ տնօրեն Վլադիկ Խաչատրյանին՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք, տեղեկացնում է aysor.am:

Основная тема:
Теги: