«ՎԵՐԵԼԱԿԻՑ» ՀԵՏՈ

Վիեննային և Սանկտ Պետերբուրգին այլընտրանք չկա

Հունիսի 12-ի առավոտյան Բաքվի ԶԼՄ-ները հաղորդեցին իրենց ԶՈՒ-ի դիրքերի գնդակոծման մասին՝ ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ արցախ-ադրբեջանական սահմանի վրա։ Համաձայն հաղորդագրության, դա տեղի է ունեցել ՀՀ Կրասնոսելսկի շրջանի տարածքից և Արցախի միանգամից մի քանի շրջաններից։ Հավաստիացվում է, թե հայկական ուժերը կիրառել են ականանետ և ահագնացնում են լարվածությունը շփման գծի ողջ երկայնքով։ Դա, հեղինակների կարծիքով, վկայում է, որ «շփման գծում լարվածության նվազման մասին պայմանավորվածությունը, որ անցած աշնանը Դուշանբեում ձեռք բերվեց Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև, այլևս չի գործում»։

Պատասխան հայտարարությամբ հանդես եկավ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, հերքելով այդ տեղեկատվությունը։ Համաձայն Ստեփանակերտի, «հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (5 նռնակ): Անհրաժեշտության դեպքում ասվածը կարող ենք հիմնավորել համապատասխան տեսագրություններով: Բացի դրանից առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին»։

Արցախի պաշտպանության նախարարությունը նաև ընդգծում է, որ ադրբեջանական ՌՕՈՒ-ի թռիչքները գտնվում են Արցախի Պաշտպանության բանակի ՀՕՊ-ի միջոցների խիստ վերահսկողության տակ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները լիարժեքորեն տիրապետում են առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը։ Բաքվին կոչ անելով զերծ մնալ իրավիճակի արհեստական սրման սադրիչ գործողություններից, պաշտոնական Ստեփանակերտը նախազգուշացնում է, որ հակառակ դեպքում իրավիճակի սրման և դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը կընկնի պաշտոնական Բաքվի վրա։

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարության ամենշաբաթյա ամփոփագրում, որը հրապարակվել է մի քանի օր առաջ, ասվում էր, որ շփման գծում հակառակորդը կիրառել է ականանետ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ։

Իրադարձությունների ժամանակագրությունը, որոնք հանգեցրին ահագնացման հերթական ոլորքի և հակամարտության բոլոր երեք կողմերի խիստ հայտարարությունների, լավ հայտնի է։ Մայիսի 30-ին, երբ համանախագահներն այցով գտնվում էին Բաքվում, Ադրբեջանը հայտարարեց շփման գծում իր զինծառայողի մահվան մասին, որին սկզբում ներկայացրեցին որպես շարքային, իսկ այնուհետ, փաստերի ճնշման տակ, ստիպված եղան խոստովանել, որ դա մայոր էր, ենթադրաբար՝ գումարտակի հրամանատար։ Հայ փորձագետները, հղում կատարելով ադրբեջանական այլընտրանքային աղբյուրներին, անմիջապես վարկած արտահայտեցին այն մասին, որ նա սպանվել է ոչ թե հայկական կողմից արձակված կրակոցից, այլ ինչ-որ ներքին հաշվեպարզումների կամ այդ ժամանակահատվածում անցկացվող զորավարժանքների արդյունքում։

На передовой

Համանախագահներն իրենց հայտարարության մեջ խորին մտահոգություն արտահայտեցին և կողմերին կոչ արեցին դրսևորել առավելագույն զսպվածություն և խուսափել իրավիճակի լարումից։ Այդուհանդերձ հունիսի 1-ին Արցախում դիպուկահարի կրակոցը կյանքից զրկեց 19-ամյա Սիփան Մելքոնյանին։ Հայաստանի ԱԳՆ-ը այդ առիթով հայտարարեց, որ վերջին զարգացումները լուրջ վնաս են հասցնում հակամարտության խաղաղ կարգավորմանը և դրան նպաստող մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերին։ «Վերջին միջադեպն ընդգծում է հնարավորինս սեղմ ժամկետներում հրադադարի խախտումների ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմի ներդրման վերջնականացման և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հրատապությունը՝ համաձայն Ադրբեջանի՝ 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունների »,- նշվում էր փաստաթղթում։

Մի քանի օր անց Սանկտ Պետերբուրգում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատարարեց, որ հայկական կողմը Ադրբեջանին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին փաստացի ապացույցներ է ներկայացրել այն մասին, որ մայիսի 30-ին, երբ զոհվել է ադրբեջանցի մայորը, հայկական կողմից ոչ մի կրակոց չի հնչել։ Տեղեկատվության ստուգման արդյունքներն ուղարկված են համանախագահներին, ասաց նա։ Եվ նշեց, որ խուսափելու համար նման վեճերից, թե ով, որտեղ և երբ է կրակել, անհրաժեշտ է քննարկել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել դեռևս 2016 թվականին Վիեննայում։ «Խոսքը վերաբերում է հետաքննությունների ստեղծման մեխանիզմի քննարկմանը հակամարտության գոտում։ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստ են այս մեխանիզմները ստեղծել ԵԱՀԿ-ի հովանու ներքո»,-ընդգծեց Փաշինյանը։

Երկու օր անց՝ հունիսի 9-ին, Բաքուն հաղորդեց առաջնագծում իր զինծառայողի մահվան մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել Սիփանի Մելքոնյանի սպանության համար պատժիչ գործողություններ իրականացրած զինծառայողներին։ Ադրբեջանի ԱԳՆ-ը հանդես եկավ հայտարարությամբ, թե Հայաստանը փորձում է խափանել բանակցային գործընթացը, իսկ փորձագետները իրար հերթ չտալով սկսեցին պնդել, որ Դուշանբեի վերելակում Փաշինյանի և Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները իրականում չեն գործում։

Ստեփանակերտի ԵՎ Բաքվի միջև հայտարարությունների ներկայիս փոխանակումը, ըստ էության, ամրագրում է նոր իրավիճակը, երբ առաջին պլան են դուրս գալիս արդեն ոչ թե երևութական «մարդասիրական քայլերը», այլ հենց հրադադարի պահպանման ռեժիմի ամրապնդման և միջադեպերի հետաքննման միջոցները։ Կողմերը չեն դադարում մեղադրել միմյանց պայմանավորվածությունները խախտելու մեջ, սակայն Ադրբեջանը դա անում է մերկախոս, իսկ Արցախն ու Հայաստանը հիմնվում են փաստերի վրա, ներկայացնում դրանք միջնորդներին և հավաստում իրենց հայտարարությունները համապատասխան տեսանյութերով հիմնավորելու պատրաստակամության մասին։ Քաղաքական լեզվի թարգմանելիս՝ դա նշանակում է մեկ բան. դարձյալ կտրուկ արդիականանում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք Ալիևի համար մեծ գլխացավանք դարձան 2016-2018թթ. ժամանակահատվածում, սակայն անցած տարվա ընթացքում, ըստ էության, համահարթվեցին, քանզի գործում էր «վերելակային» պայմանավորվածությունը։ Եվ այն փաստը, որ այդ մասին խոսում է վերելակում գտնվող քաղաքական գործիչներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը, ընդգծում է. առաջնագծում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը կարգավորման գործընթացի ամենահրատապ հարցն է, առանց որի լուծման անհնար է խոսել «մարդասիրական քայլերի», մթնոլորտի ստեղծման ու այլևայլ բաների մասին։

Դրա ամենապերճախոս ապացույցը Բաքվի փաստացի հրաժարումն է։ Երկու տարի շարունակ Ալիևը ժամանակ էր ձգում, փորձելով խուսափել ուղղակի պատասխանից և խափանել լուծումը, ինչի արդյունքում պարզ կդառնար, թե հատկապես ով է հրադադարի ռեժիմի և հետագա բոլոր պայմանավորվածությունների խախտման գլխավոր մեղավորը։ Չպարզված հանգամանքներում սպանված մայորի հետ կապված Բաքվի սադրանքը, որը յուրօրինակ կայծ ծառայեց նոր ահագնացման համար, առավել քան հաստատում է այդպիսի մեխանիզմների ներդրման ծայրահեղ անհրաժեշտությունը։ Ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվում դրանցից։ Այս հարցի պատասխանը պարզ է վաղուց և բոլորին։

Այդ թվում՝ համանախագահներին, որոնք պարտավոր են իրենց խոսքն ասել նոր իրավիճակում։ Եվ այդ «խոսքի» մեջ պարտադիր պիտի առկա լինեն Վիեննան և Սանկտ Պետերբուրգը։ Այլապես մնում է մտածել, թե միջնորդները այսպես թե այնպես «խրախուսում են» Ալիևին հետագա սրացման՝ այդ թվում նաև առաջնագծում սադրանքների ճանապարհով։