ԿՐԿԻՆ՝ ՈՒՐԻՇԻ ՎՇՏԻ ՇԱՀԱՐԿՈ՛ՒՄ

2 հանձնաժողով, 1 նախագահ

2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրման համար Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի նախագահությամբ փաստահավաք խմբի ձևավորման հետ միաժամանակ, զոհվածների հարազատները սկսեցին ակտիվորեն ներգրավվել ՀԱԿ-ի ակցիաներում՝ նախագահի նստավայրի, խորհրդարանի պատերի, Գլխավոր դատախազության շենքի մոտ։

Հարազատներին կորցրած մարդիկ մի քանի տարի շարունակ ՀԱԿ-ի կողմից օգտագործվում էին քարոզչական նպատակներով։ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը ձևացնում էր, թե միակ ուժն է, որը շահագրգռված է, որ 10 մարդու մահվան մեղքը կրողները կանգնեն դատարանի առաջ ու պատժի ենթարկվեն։ Ցուցանշական է, որ երբ Փաշինյանի և ՀԱԿ-ի ճանապարհները բաժանվեցին, «Հայկական ժամանակ» թերթում հայտնվեցին մարտյան ողբերգության զոհերի ազգականների անկեղծացումներն այն մասին, որ հիասթափվել են ՀԱԿ-ից և այժմ արդարության հույսը կապում են միայն Նիկոլի հետ։

Ահա արդեն մեկ տարի է, ինչ Փաշինյանը իշխանության ղեկին է, և նույնիսկ հայտարարեց, թե «Մարտի 1»-ի գործը լիովին բացահայտված է, սակայն 10 հոգու կյանք խլած մարդասպաններն այդպես էլ չկանգնեցին դատարանի առջև, փոխարենը՝ հարազատների վշտի շահարկումների արատավոր ավանդույթը շարունակվում է։ Հենց նույն Ա.Քոչարյանը, որը ոչ այնքան վաղուց ստանձնել է 2016թ. Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ղեկավարումը, հայտարարեց զոհված զինծառայողների հարազատներին հանձնաժողովի աշխատանքում ներգրավելու մտադրության մասին։ «Զոհերի հարազատները և նրանց ծառայակից ընկերները լինելու են մեր հիմնական ուսումնասիրության շրջանակների մեջ»,- հայտարարեց նա։

Ժամանակավոր հանձնաժողովի ձևավորումից հետո փորձագետները միաձայն հայտարարեցին այն մասին, որ դրա կազմը չի կարող իրազեկ համարվել քառօրյա պատերազմի հանգամանքների և մանրամասների ուսումնասիրման հարցում։ Ինչ վերաբերում է զոհերի հարազատներին ներգրավելուն, ապա ակներև է 2008թ. իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի հետ կապված իրավիճակի կրկնությունը։

Զարմանալի ոչինչ, ըստ էության, չկա. երկու կառույցներն էլ գլխավորել ու գլխավորում է նույն խորշելի անձնավորությունը, ուստի հարազատներին կորցրած մարդկանց զգացմունքների նոր շահարկումներից խուսափել չի ստացվի։ Ադրբեջանի 2016թ. ապրիլյան ագրեսիայի օրերին զոհվածների ազգականներին նույն ճակատագիրն է սպասվում, ինչ որ 2008թ. մարտի 1-ին զոհվածների հարազատներին. նրանց օգտագործելու են քաղաքական և քարոզչական նպատակներով։

Խնդիրները պահանջում են զուտ պրոֆեսիոնալ մոտեցում

Ժամանակավոր հանձնաժողովի անդամների պրոֆեսիոնալ հմտությունների բացակայությունը և Ա.Քոչարյանի ծրագրերը պերճախոս վկայում են այն մասին, որ պատգամավորական ժամանակավոր մարմնի իրական նշանակությունը բնավ ագրեսիայի հանգամանքների բացահայտումը չէ, այլ քաղաքական նախադրյալների ստեղծումը՝ նախկին իշխանության վրա ճնշում գործադրելու և բարձրագույն հրամանատարական կազմին վարկաբեկելու համար։

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը օրերս կարծիք արտահայտեց, որ ժամանակավոր հանձնաժողովի օրակարգում գտնվող խնդիրները պահանջում են զուտ պրոֆեսիոնալ մոտեցում։ Մինչդեռ հանձնաժողովի անդամների հայտարարություններից հետևում է, որ բարձրաստիճան զինվորականները պետք է բացակայեն ծառայության վայրից, որպեսզի հանձնաժողովի անդամներին պատմեն ռազմաճակատի տարբեր հատվածներում մարտական իրավիճակի պայմաններում իրականացված ռազմավարական և մարտավարական գործողությունների մասին, և ոչ միայն։

«Պետք է հասկանալ, թե տվյալ ժամանակահատվածում ինչպիսի քաղաքական միջավայր էր տարածաշրջանում, դրա սահմաններից դուրս, ինչ շահեր են այդտեղ բախվել։ Եվ արդյոք հասկանալուց հետո (եթե նույնիսկ ենթադրենք, թե օբյեկտիվ մոտեցում են ցուցաբերում) կարողանալու են դրանց մասին բարձրաձայն խոսել։ Արդյոք այդ բարձրաձայն խոսքի ընթացքում շատ ավելի մեծ հարցեր չեն առաջանալու արտաքին քաղաքականության մեջ։ Ես չեմ կարծում, թե այն մասնագետները կամ այն մարդիկ են այդ հանձնաժողովում, ովքեր կարող են հստակ պատկերացում կազմել։ Եվ նորից էմոցիաների դաշտում փորձելու են ոչ պրոֆեսիոնալ, սիրողական մակարդակով ինչ-որ սլաքներ ուղղել այս կամ այն ուղղությամբ»,- ընդգծեց Զաքարյանը։

Նրա կարծիքով, քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության նկատմամբ պրոֆեսիոնալ մոտեցումը թույլ կտար ճիշտ եզրահանգումներ անել, որոնք բավական պիտանի կլինեին ապագայում։ Ավաղ, հանձնաժողովի առաջին իսկ նիստից հետո չգտնվեց ոչ մի փորձագետ, որ կասկածի տակ չառներ խորհրդարանական ժամանակավոր մարմնի պրոֆեսիոնալ իրազեկությունը։ Կարծում եմ, դա օբյեկտիվ պատճառներ ունի. ուսումնասիրվող հարցի ոլորտում հանձնաժողովի անդամների և նախագահի մասնագիտական հմտությունների բացակայությունն ակներև է։

Հերթական շոուն

«10 տարի մարտի 1-ի զոհերի հարազատների ցավը, ողբերգությունը շահարկեցին, հիմա մի 10 տարի էլ պետք է քառօրյայի զոհերի հարազատներին կանչեն:

Այս հանձնաժողովում ես մեկ մարդու գիտեմ, որ քիչ թե շատ ռազմական գործողություններով անցած է և կարող է ինչ-որ բան ասել, Երկրապահի նախագահ Սասուն Միքայելյանը, նա էլ ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել: Ժամանակին ՊՆմանրամասն ուսումնասիրել է Ադրբեջանի քառօրյա ագրեսիայի նյութերը։ Եվ եթե հիմա, այս իրավիճակում,երբ ամենօրյա պատերազմական վիճակ ունենք, քննիչ հանձնաժողովը հարյուրավոր զինվորականների գործից կտրի, կանչի նիստերի, հարցաքննի ու բացատրություններ պահանջի, ապա պատկերացրեք բանակում այդ զինվորականների հոգեվիճակը:Սա ուժեղացնում է մեր բանակը, թե՞ թուլացնում է»,- հայտարարեց նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նրա խոսքերով, հասարակության համար գլխավորը հիշելն է, որ այդ պատերզմում մենք հաղթել ենք, իսկ նրանք, ովքեր ուզում են այդ հաղթանակը ներկայացնել իբրև պարտություն, հարվածում են մեր բանակին: Վարդանյանը կարծիք հայտնեց, որ ժամանակավոր հանձնաժողովը հերթական շոուն է, որի մասին շուտով մոռանալու են։ Այդ առնչությամբ նա հիշեցրեց 2008թ. մարտի 1-2-ի երևանյան իրադարձությունների մանրամասները հետաքննող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքի և ծավալուն եզրակացությունների մասին։ Այսօր այդ հանձնաժողովի մասին ոչ ոք չի հիշում…

Основная тема:
Теги: