ՍՈՒՊԵՐՆԱԽԱՐԱՐԸ ՀԻՄԱ ԷԼ ՁԵՌՔ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ 85 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՀԻ ՎՐԱ

Եթե բարոյահոգեբանական իրավիճակը Շիրակի պետական համալսարանում չփոխվի, ապա այն կամ կլուծարվի, կամ կմիավորվի այլ համալսարանի հետ, հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, հաղորդում է News.am-ը։

Ա.Հարությունյանի կարծիքով, «համալսարանը հայտնվել է բարոյահոգեբանական շատ վատ վիճակում», ձևավորվել են ոչ մեծ խմբեր, որոնք առաջնորդվում են բացառապես սեփական շահերով։ Վերոնշյալ բուհ կատարած այցի ժամանակ, իր խոսքերով, տհաճ տպավորություններ է ստացել։ Եվ այդ հիմնավորմամբ իր գոյությունը կարող է դադարեցնել 85 տարի առաջ՝ 1934 թվականին հիմնադրված համալսարանը, որն արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում «Պատվո նշան» շքանշանի՝ որակյալ մասնագետների պատրաստման և մանկավարժության ոլորտում գիտական հետազոտությունների զարգացման գործում իր ավանդի համար, գոյության տարիների ընթացքում աճեցնելով հազարավոր բարձրորակ մասնագետներ։

Այսինք ձեռքի թեթև շարժումով կրթության նորանշանակ նախարարը, որը լույս աշխարհ է եկել 1979 թվականին, որի անձնական պատմությունը կրկնակի կարճ է այդ համալսարանի պատմությունից, մարդը, որն այն չի ստեղծել (և ընդհանրապես ի՞նչ է ստեղծել), չի կառուցել, մատը մատին չի տվել դրա գործունեության, զարգացման, ծաղկման համար, պատրաստ է մի հարվածով ոչնչացնել բազմաթիվ սերունդների աշխատանքի պտուղները։ Որովհետև իրեն, տեսեք-տեսեք, դուր չի եկել «բուհի բարոյահոգեբանական մթնոլորտը» և հաճելի տպավորություններ չի ստացել։ Եվ սա «նոր Հայաստա՞նն» է։

Դուք երբևէ տեսե՞լ եք, որ բուհը փակեն այն պատճառով, որ մթնոլորտն այն չէ, դասախոսները միմյանց հետ անձնական հարաբերությունները լուծում են ոչ այնպես, ինչպես դուր է գալիս նախարարին։ Ի սեր Աստծո, եթե որևէ կառույցում, կարևոր չէ՝ ինչպիսի, կան կրթության նախարարի հնչեցրածին համանման խնդիրներ, ապա դրանք լուծվում են արդյունավետ ու գրագետ մենեջմենտի, կառավարման ոլորտում բարեփոխումների միջոցով։ Քաղաքակիրթ աշխարհում ոչ մի տեղ չես տեսնի նման բան, որ պետական բուհի լուծարման հարց դնեն ոչ թե այն պատճառով, որ դասավանդման որակը գոհացուցիչ չէ կամ հարց է դրված կրթական չափանիշներին անհամապատասխանության մասին, այլ որովհետև դասախոսները միմյանց հետ յոլա չեն գնում։

Մինչդեռ սա այդ կարգի առաջին դեմարշը չէ հետհեղափոխական սուպերնախարարի կողմից։ 2018 թվականին, ընդամենը մի քանի օր լինելով կրթության ու գիտության նախարարի պաշտոնում, Արայիկ Հարությունյանը հարձակվեց էլիտար դպրոցների և, ի դեմս դրանց՝ «Արարատյան բակալավրիատի», «Այբ»-ի և անձամբ Մեսրոպ քահանայի վրա՝ որպես Սերժ Սարգսյանի նախկին խորհրդականի։ Պետք է ենթադրել, որ հենց այդ գործոնը առանցքային դարձավ նախարարի ձեռնարկած հրապարակային հաշվեպարզումների համար։ Տարօրինակ է, որ Ա.Հարությունյանը, որին դուր չի գալիս «թե ինչպես են դասախոսներն իրենց անձնական հարաբերությունները պարզում», ինքը դրանք պարզում է հենց այդպես։ Այն ժամանակ «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը հայտարարեց. «Հայաստանի կրթության նոր նախարարն առանց որևէ բովանդակալից վիճաբանության ու լուրջ հիմքերի հարձակվել է «Այբ» հիմնադրամի 12 տարվա աշխատանքի արդյունքի (որին անհատույց աջակցել են հարյուրավոր բարերարներ) ու Կրթության գերազանցության ազգային ծրագիր 4-ամյա նախագծի վրա։ Աշխարհում լավագույն կրթություն ունենալու ազգային երազանքի թևերն ուզում են կոտրել…»։

Հենց անցած տարի էլ, հունիսին, կրթության և գիտության նախարարը ազդարարեց Հայաստանի 70 դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբների փակման և ամառային ճամբարների կազմակերպման համար գումարների հատկացման գործընթացի դադարեցման մասին։ Իբր՝ տվյալ ծրագիրը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, բացի այդ դրա դադարեցումը թույլ կտա տնտեսել հարյուր միլիոնոավոր դրամներ։ Առանց որևէ դիտավորության հիշեցնենք, որ պատանի երկրապահների ամառային ճամբարը հիմնադրվել էր ավելի քան 20 տարի առաջ

Այն ժամանակ «ԳԱ»-ն գրեց. «Ինչո՞ւ է պետք փակել «Պատանի երկրապահ» ակումբները, լուծարել ամառային ճամբարները՝ իրենց մարզումներով, մարզական-մշակութային միջոցառումներով, որտեղ հաստատապես կարելի էր շատ բան սովորել, կոփվել, դառնալ ավելի ուժեղ, կարգապահ։ Ինչո՞ւ է պետք փակել երիտասարդական ռազմահայրենասիրական օգտակար ծրագիրը, եթե պատճառը վատ մենեջմենտն է կամ կոռուպցիոն ռիսկերը, ինչպես հավաստիացնում է կրթության նախարարը։ Դա ինչ է, ե՞լք է դրությունից։ Նման մատուցմամբ կարելի է փակել ցանկացած նախագծեր, քանի որ ամենուր կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր կամ անբարեխիղճ կատարողներ»։

Ինչ-որ տեղ գտնել կոռուպցիոն ռիսկեր, ինչ-որ տեղ կառչել բարոյա-հոգեբանական մթնոլորտին և գործընկերների փոխհարաբերություններին, ինչ-որ տեղ փնտրել հակաների, իսկ արդյունքում փլուզել պատմությունը, ջնջել կրթական ավանդույթները, ոչնչացնել այն ամենը, ինչ եղել է «մինչ», այն ամենը, ինչը կապված չէ երիտբարեփոխիչների «հեղափոխական» գործունեության հետ։ Մի՞թե դա չէ նպատակը։ Հնարքներն արդեն մշակված են, իսկ հասարակության համար նշանակալի բոլոր հարցերի շուրջ հրապարակային բանավեճեր կազմակերպելու նոր իշխանությունների երդմնալից հավաստումներն ընդհանրապես անէության գիրկն անցան՝ բազմաթիվ այլ խոստումների հետ մեկտեղ։ Հասարակության հետ ոչ ոք ոչինչ չի քննարկում։

Ներկայումս սուպերնախարարը ձեռք է բարձրացրել 85 տարվա պատմություն ունեցող բուհի վրա։ Ո՞վ է հաջորդը ավերման հերթում։ Երևանի՞ պետհամալսարանը։ Փորձեր արդեն եղել են, և բազմիցս։

Основная тема:
Теги: