ՄԵՍԻՋՆԵՐ ՓԱՐԻԶԻՑ
Ֆրանսիան օժանդակո՞ւմ է Արցախի մեկուսացմանը
Սկանդալը ֆրանսիական դատարանների որոշումների շուրջ, որոնք չեղարկեցին այդ երկրի և արցախյան քաղաքների միջև բարեկամության ավելի քան տասը հռչակագրերից չորսը, ուժգնանում է։ Մոտ երկու շաբաթ առաջ հայտնվեց այդ կարգի առաջին հաղորդագրությունը, այնուհետ՝ երկրորդը, երրորդը. պարզ դարձավ, որ Բաքվում լրջորեն ձեռնամուխ են եղել Ադրբեջանի համար բավական ցավոտ խնդրի լուծմանը։ Եվ դիմել են իրենց համար սովորական մեթոդներին, քանզի նախկինում հռչակագրերի ստորագրումը կասեցնելու հրապարակային փորձերը ձախողվել էին։
Հիշեցնենք, որ սկսած 2016 թվականից Ադրբեջանի արտգործնախարարը բազմիցս դիմել է ֆրանսիացի գործընկերներին, խնդրելով ազդել բարեկամության հռչակագրեր ստորագրող քաղաքների ղեկավարության վրա, որոնք իրենց մոտ պատվիրակություններ են ընդունում Արցախից և այդ առիթով կազմակերպում Հայկական մշակույթի օրեր ու տոնական այլ միջոցառումներ։ Մամեդյարովի արտասվաթոր խնդրանքները մեծամասամբ մնացին անպատասխան, մեկ բացառությամբ։ Հառլեմ Դեզիրը՝ եվրոպական հարցերով Ֆրանսիայի նախկին պետքարտուղարը հայտարարեց. «Ֆրանսիայի որոշ քաղաքների կողմից Լեռնային Ղարաբաղի հետ կապերի հաստատումը մտնում է բուն քաղաքների իրավասությունների մեջ։ Ֆրանսիայում քաղաքներն իրենք են որոշում, թե ում հետ բարեկամանալ։ Մենք դրական ենք գնահատում քաղաքների համագործակցությունն այլ քաղաքների հետ՝ միջազգային մասշտաբով»։
2016-ի ապրիլին Բուր-լե-Վալանսի քաղաքապետի՝ Մերլեն Մուրիեի դեմ դատական հայցը՝ Շուշիի հետ Բարեկամության հռչակագրի առնչությամբ, մերժվեց, իսկ ինքը՝ տիկին քաղաքապետը գնահատեց դա որպես «օտար պետության կողմից վախեցնելու փորձ Ֆրանսիայի տարածքում»։
Այսօր ֆրանսիական դատարաններն ընդունում են ճիշտ հակառակ որոշումներ։ Պատճառները կարող են տարբեր լինել, այդ թվում՝ Փարիզի դիրքորոշման փոփոխությունը կամ Բաքվի կողմից խավիարային դիվանագիտության հանրահայտ մեթոդների վերագործարկումը։ Պետք է ենթադրել, որ Մամեդյարովի անզորությունը ստիպել է Ալիևին դիմել այդ ծայրահեղ միջոցին. ավելին, հրակնատի վրա է նետվել ինքը՝ առաջին տիկինը։ Համենայն դեպս որոշ հայ փորձագետներ համարում են, որ մարտ ամսին Մեհրիբան-խանումի Ֆրանսիա կատարած այցը անմիջականորեն կապված է այսօր ընդունվող դատական որոշումների հետ։
Հայկական կողմը տարօրինակ կերպով չէր արձագանքում բավական երկար ժամանակ։ Առաջինը մեկնաբանություն տարածեց Արցախի ԱԳՆ-ը, ափսոսանք արտահայտելով և նման որոշումներն անվանելով «սխալ քաղաքական ազդանշան Ադրբեջանի համար, որը ֆրանսիական դատարանի վճիռն արդեն մեկնաբանում է որպես օժանդակություն Արցախի մեկուսացմանն ուղղված իր քաղաքականությանը»։ Մեկնաբանության մեջ նշվում էր նաև, որ դա կարող է «ստվեր նետել Ֆրանսիայի՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում չեզոք միջնորդի դիրքորոշման վրա»։ Ավելին, ԱԳՆ-ը ընդգծում էր, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, որոշակի պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ հակամարտության չկարգավորվածության պատճառով չսահմանափակվեն Արցախի բնակիչների հիմնարար իրավունքները, այդ թվում՝ զարգացման իրավունքը ։
«Արցախի Հանրապետության ժամանակավորապես չճանաչված լինելը չի նշանակում, որ պետք է սահմանափակվի նրա բնակիչների մասնակցությունը միջազգային համագործակցությանը։ Նմանատիպ համագործակցությանը չճանաչված պետությունների մասնակցության օրինականությունը հաստատվել է միջազգային արբիտրաժային պրակտիկայով և ճանաչվել միջազգային դատարանների կողմից»,-նշվում էր փաստաթղթում։ ԱԳՆ-ը ողջունում էր Արնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլի վճռականությունը՝ բողոքարկելու Սերժի-Պոնտուազ քաղաքի վարչական դատարանի որոշումը, և ընդգծում Արցախի միջազգային կապերն ընդլայնելու և խորացնելու մտադրությունը. հաղորդվում էր, մասնավորապես, որ քննարկման փուլում են նոր հռչակագրերի ստորագրման առաջարկները։
Ադրբեջանական կեղտոտ խաղերին հասցված իսկական ապտակ դարձավ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի հայտարարությունը, որ հրապարակվեց հունիսի 13-ին։ Նա համոզմունք հայտնեց, որ դատական որոշումները չեն անդրադառնա երկու ժողովուրդների բարեկամության վրա և վերահաստատեց իր աջակցությունն Արցախին։ «Ես շարունակում եմ պնդել, որ տեղական ինքնակառավարման մարմինները իրավասու են կնքել բարեկամության մասին այդպիսի հռչակագրեր, հատկապես այն պայմաններում, երբ դրանցից շատերը (մասնավորապես՝ Վալանսի դեպքում) քաղաքային խորհուրդների որոշումներ չեն և չեն կարող կասկածի տակ առնվել վարչական դատարանների որոշումներով»,- նշում է Վալանսի քաղաքապետը։
Ավելին, Վալանսի քաղաքապետը բացահայտ դատապարտեց «Ֆրանսիայի ազգային իշխանությունների հակասական գործողությունները»։ «Մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը վստահեցրեց ծագումով հայ մեր համաքաղաքացիներին, որ հումանիտար կամ կրթական նպատակների ուղղված ծրագրերը չեն ենթարկվի հետապնդման։ Միաժամանակ դատական հետապնդումը բազմապատկվում է, հստակ մեսիջներ հղելով ռազմատենչ Ադրբեջանին։ Դարավոր բարեկամության և տնտեսական այսրոպեական շահերի միջև ընտրություն կատարելով հօգուտ վերջիններիս, Ֆրանսիայի կառավարությունը խախտում է հավասարակշռված և բարոյական մոտեցման իր ավանդական դիրքորոշումը։ Դա մոտեցում է, որ Ֆրանսիան դրսևորել է ազատության ձգտող ժողովուրդների նկատմամբ»,- ասվում է Նիկոլա Դարագոնի հայտարարության մեջ։
Բնականաբար, հարց է առաջանում Ֆրանսիայի համար իսկապես ամոթալի այս գործընթացի հանդեպ հայկական կողմի ցուցաբերած հակազդեցության մասին։ Ի՞նչ են ձեռնարկում պետկառույցները, մասնավորապես ՀՀ ԱԳՆ-ը, ինչպես նաև հայկական լոբբիստական կազմակերպությունները։ ԱԳՆ-ը առայժմ մեռյալ լռություն է պահպանում. այնպիսի տպավորություն է, թե այդ ամենը ոչ մի կերպ չի առնչվում հայկական արտաքին քաղաքական գերատեսչության իրավասությանը։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայի և Եվրոպայի հայկական կազմակերպություններին, որոնք ժամանակին մեծ ջանքեր են գործադրել հռչակագրերի ստորագրման համար, ապա «ԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը համոզմունք հայտնեց, որ ֆրանսիական դատարանների այդպիսի վճիռների թիվը ժամանակի հետ կաճի։
Նրա կարծիքով, Ֆրանսիայի իշխանությունները համարում են, որ տեղական ինքնակառավարման ֆրանսիական մարմինները իրավունք չունեն սեփական արտաքին քաղաքականություն վարել և շեղվում են երկրի պաշտոնական արտաքին քաղաքական ուղեգծից։ Մանոյանն այդպիսի մոտեցումն անվանեց սխալ, քանի որ ՏԻՄ-երը իրավունք ունեն շփվել տեղական ինքնակառավարման միավորների հետ։ «Դա բխում է կողմերից մեկի, այն է՝ Ադրբեջանի շահերից, և չեզոքության խախտում է, որ առ այսօր պահպանում էր Ֆրանսիան»,- հայտարարեց նա, հաղորդելով, որ Եվրոպայում Հայ դատի գրասենյակն արդեն քննարկում է գործընթացին հակազդելու քայլերը։ Եվ հավելեց.«Սա բնավ չի նշանակում, թե Հայաստանի իշխանությունները անելիք չունեն»։
Ըստ էության, առանցքային պահ է այն հարցը, թե իրավունք ունեն արդյոք Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմիններն այդ կարգի պայմանագրեր կնքել այն դեպքում, երբ խոսքը չճանաչված երկրի մասին է։ Եթե մի քանի տարի առաջ արտգործնախարարի շուրթերով հայտարարվեց, որ դա մտնում է բուն քաղաքների իրավասությունների մեջ, և որ իշխանությունները դրական են գնահատում նման համագործակցությունը, ապա այդ ժամանակներից ի վեր ի՞նչ է փոխվել ֆրանսիական ղեկավարության դիրքորոշման մեջ։ Ինչո՞ւ 2016 թվականին դատարանը մերժեց ադրբեջանական հայցը, իսկ այսօր տրցակներով ընդունվում են հակառակ բնույթի որոշումներ։
Միանշանակ է մեկ բան. որքան էլ անկախ լինեն դատարաններն այնպիսի երկրում, ինչպիսին Ֆրանսիան է, այդչափ նրբաբնույթ հարցում որոշումների վրա իշխանությունների դիրքորոշման ազդեցությունը կասկածից վեր է։ Վերացարկվելով այն բանից, որ այդ երկիրն ավանդաբար բարեկամական է համարվում Հայաստանի համար, փաստում ենք գլխավորը. նման գործողություններն անվերապահորեն նշանակում են բացահայտ աջակցություն Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը, քանզի խոսքը բացառապես մշակութային, կրթական և հումանիտար շփումների մասին է։ Նման պահվածքն ակնհայտորեն հակասում է Ֆրանսիայի իմիջին՝ որպես համամարդկային արժեքներին հավատարիմ ժողովրդավարական երկրի։ Բաքվի ավտորիտար ռեժիմին տվյալ հարցում ցուցաբերվող աներկիմաստ աջակցությունը չի կարող չընկալվել որպես մեղսակցում մարդու հիմնարար իրավունքների և միջազգային մի շարք կոնվենցիաների խախտման հարցում, քանզի այդ իրավունքներն ու փաստաթղթերը ոչ մի տարբերություն չեն դնում ճանաչված և չճանաչված պետությունների քաղաքացիների միջև։
Չշոշափելով հարցի բարոյական տեսանկյունները, ընդգծենք. դատարանների որոշումները տագնապահարույց ազդանշան են Փարիզի կողմից արժեքային և քաղաքական այնպիսի գերակայությունների ընտրության մասին, որոնք պատիվ չեն բերում Ֆրանսիային։ Մանավանդ եթե հաշվի առնենք այն, թե տվյալ դեպքում ինչպիսի երկրին ցուցաբերվող օժանդակության մասին է խոսքը։