Հայկ Ալումյան․ «Էս դատավարությունը դարձրել եք կրկես» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել։

Նիստի մեկնարկին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանն ասաց, որ հայտարարություն ունի անելու, սակայն դատավոր Արմեն Դանիելյանը թույլ չտվեց։

Դատավորը մերժեց Օրբելյանի՝ խոսքը շարունակելու բազմաթիվ փորձերը։

«Նստե՛ք», - հորդորեց դատավորը։

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ ասաց, որ ինքն էլ ցանկություն ունի որոշակի հարցերի պարզաբանումներ ստանալ։

Դատավորը, սակայն, Պողոսյանին էլ թույլ չտվեց խոսքը շարունակել։

«Ես չեմ ավարտել», - ասաց Պողոսյանը։

«Զբաղեցրե՛ք ձեր տեղը։ Դուք ինձ հետ զուգահեռ խոսում եք, խնդրում եմ ձայն չբարձրացնել դատարանի վրա», - ասաց դատավորը։

Նա Միհրան Պողոսյանին զգուշացրեց՝ եթե այսպես շարունակվի, հնարավոր է, սանկցիա կիրառի վերջինիս նկատմամբ։

Այսքանով, սակայն, պաշտպաններ-դատավոր «հակամարտությունը» չավարտվեց։

«Պարոն Ալումյան, կարծում եմ որևէ մեկի հրճվանքը չեմ առաջացրել, ինչ-որ բան եմ ասում, որ ծիծաղելի՞ է», - դիմելով Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին՝ ասաց դատավորը։

Հայկ Ալումյանն էլ հորդորեց՝ իր նկատմամբ չկիրառել «հրճվել» բառը։

«Առաջին անգամ եմ ասում, մեղմ եմ ասում, նուրբ եմ ասում, մյուս անգամ այսպես չեմ ասելու, շատ կոպիտ եմ ասելու», - ասաց Ալումյաը։

«Պարոն Ալումյան, իմ վրա՞ եք թափ տալիս մատը», - զայրացավ դատավորը։

Հայկ Ալումյանի՝ դատավորի գործողությունների վերաբերյալ առարկություններ ներկայացնելուն միացան նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանն ու Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։

Դատավոր, սակայն, նրանց էլ թույլ չտվեց խոսել։

«Էս դատավարությունը դարձրել եք մի հատ կրկես։ Սրանից հետո ինձ հանկարծ չհամարձակվեք ընդհատել», - հորդորեց Հայկ Ալումյանը։

Դատավորը հայտարարեց 10 րոպե ընդմիջում։

«Թող կրքերը հանգստանան», - ասաց դատավորը։

«Չի հանգստանալու...կյանքում մի անգամ ռիսկ արե՞լ եք քննիչի կամ դատախազի հետ էդ տոնով խոսեք», - շարունակեց Ալումյանը։

Ընդմիջումից հետո դատավոր Արմեն Դանիելյանն ասաց, որ չի եկել վեճի մեջ մտնելու։

«Պահպանեք համատեղ հարգանքը դատական նիստում», - ասաց նա։

Դատավորը նշեց՝ եթե փոքր-ինչ լարվածություն է առաջացել, հայցում է բոլորի ներողամտությունը։

Մանրամասները՝ տեսանյութում, տեղեկացնում է aysor.am։


Основная тема:
Теги: