Վարչապետ․ Պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող մեզ վախեցնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող մեզ վախեցնել:


       

Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։

«Վաղը Վաշինգտոնում տեղի ունենալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին: Սահմանի երկայնքով կա լարվածություն, ունեցել ենք երկու զոհ, Ձեր պատկերացումները՝ ի՞նչ պետք է անել կարգավորման ուղղությամբ»,– հարցրեց նա։

Վարչապետը նախ ցավակցեց զոհված 2 զինվորների հարազատներին, ապա նշեց, որ ինքը Արցախի հարցի կարգավորման համար լավատեսական տրամադրություն չի հաղորդել։

«Ես միշտ ասել եմ, որ պետք չէ մոռանալ, որ պատերազմը չի ավարտվել, և այն ցանկացած պահի կարող է բռնկվել, իրավիճակի լարում լինել: Ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է կիրառել նույն գործիքը, որը երկար ժամանակ կիրառել է՝ փորձ անելով դուրս բերել հարցի կարգավորումը կառուցողական, բանակցային հունից: Հայաստանը պետք է դիմակայի այդ գործիքին՝ նաև ԶՈւ պատրաստակամության մակարդակը բարձրացնելով: Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող մեզ վախեցնել»,– ասաց նա։

Բաբաջանյանն արձագանքեց՝ ասելով, որ այդ լավատեսությունը գալիս է վարչապետի և ԱԳ նախարարների հանդիպումից հետո, և ինքն առավելապես հղում է կատարում պաշտոնական տեքստերին: Այնուհետև պատգամավորը հարցրեց՝ ինչպե՞ս է վարչապետը գնահատում դիվանագիտական ջանքերը, և այդ ճակատում արվո՞ւմ է հնարավորինը:

«Ղարաբաղի հարցն այնպիսի հարց է, որ պետք է դիտարկել լայն կոնտեքստում, որովհետև իրեն առանձին դիտարկելը և փոքր մասշտաբով նայելը միշտ կբերի սխալ հետևությունների: ՀՀ-ն բանակցային գործընթացում իր դիվանագիտական ջանքերը շարունակում է մարտի 12-ին Ստեփանակերտում հռչակված սկզբունքների շրջանակներում: Մեր դիվանագիտական ջանքերը որոշ ուղղություններով եղել են շատ արդյունավետ: Մեր դիվանագիտությունը սկսում է ավելի ու ավելի արդյունավետ լինել»,- պատասխանեց վարչապետը, տեղեկացնում է News.am։

Основная тема: