ԲՀԿ․ Հայաստանում ներդրումներ կատարելու համար հստակ համակարգ է անհրաժեշտ

2017 թվականի վերջին, երբ ֆինանսների նախարարը Վարդան Արամյանն էր, պետական բյուջեն ներկայացնելիս ներմուծեցին հարկաբյուջետային քաղաքականության նոր տրամաբանություն և կանոններ:

Այն սահմանափակում դրեց արտաքին պարտքի ներգրավման վրա, բայց որպես դրան հակակշիռ կապիտալ ներդրումների ծավալը զգալիորեն աճեց: Հունիսի 20-ին Ազգային ժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, տեղեկացնում է News.am:

Նրա խոսքով, սակայն, ծավալը, որ նախատեսված էր 2018 թվականին կապիտալ ներդրումների մեծացման համար, չկատարվեց, իսկ խոսքը 80 մլն դոլարի մասին էր: Իսկ եթե քաղաքացին երկրում անվտանգություն, արդարություն և աշխատանք է պահանջում, ապա կոնկրետ բյուջեի կատարման իմաստով անհրաժեշտ են արդյունավետություն, արտադրողականություն և շահութաբերություն: «Ես այդպես էլ չտեսա, որ բազմակողմանի ներկայացնեն կապիտալ ներդրումների տնտեսական կամ սոցիալական արդյունավետությունը: Այս մասին զրո տեղեկատվություն է, միայն ասացին, որ արտահանման հատվածում շահութաբերությունը 8 տոկոսով ցածր է, քան մյուս ոլորտներում, բայց ոչ մի խոսք չեղավ այն մասին, թե դա ինչպես է համադրվում ներքին շուկայի խնդիրների հետ»,- դժգոհեց խորհրդարանականը:

Բացի այդ, ինչպես նշեց պատգամավորը, հունվարին արտահանումը կրճատվել է 16,2 տոկոսով, փետրվարին` 8,2 տոկոսով, մարտին՝ 2,2 տոկոսով, ապրիլին ավելացել է 9,9 տոկոսով: «Ընդհանուր առմամբ չորս ամիսների ընթացքում արտահանումը կրճատվել է 4,1 տոկոսով, մինչդեռ մարտ-ապրիլին արտահանման ցուցանիշները թվերով նույնն են` 207 մլն դոլար», - նշեց նա:

Մելքումյանը նաև նշեց, որ այսօր Հայաստանում ներդրումների ընդունման հստակ համակարգ չկա: Խոշոր ներդրողները գալիս են, հանդիպում են վարչապետի, նախարարների և փոխնախարարների հետ ու հեռանում, որովհետև պարզ չէ, թե ինչ մեխանիզմներով են ներդրումները կատարվում: «Անհրաժեշտ է օրենքով պատասխանատվություն սահմանել ներդրումների ընդունման և մերժման համար, այլ ոչ թե քննարկել դա», - եզրափակեց պատգամավորը: