ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ԵՎ ZANGI ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԱՅՍՈՒՀԵՏ ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԶԱՆԳԱՀԱՐԵԼ ԱՆՎՃԱՐ

Ամերիաբանկը և Zangi ընկերությունը հանդես են գալիս նոր առաջարկով, որն ավելի որակյալ է դարձնում հաճախորդներին մատուցվող ծառայությունը։

Այսուհետ Zangi մեսենջերի միջոցով հաճախորդները կարող են անվճար զանգահարել Ամերիաբանկ՝ աշխարհի ցանկացած կետից՝ ունենալով ընդամենը ինտերնետ հասանելիություն։

Ծառայությունից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ներբեռնել Zangi մեսենջերը և ակտիվացնել ծառայությունը՝ դիմելով Ամերիաբանկ նախընտրելի կապի միջոցով։

«Ամերիաբանկը հաճախորդամետ է դարձնում բանկի կողմից մատուցվող ծառայությունները, և հաշվի առնելով, որ արձակուրդային սեզոն է, փորձել ենք նաև ավելի մատչելի ծառայություն մատուցել հաճախորդներին, որպեսզի հատկապես ՀՀ սահմաններից դուրս գտնվելիս ստիպված չլինեն օգտվել ռոումինգ ծառայությունից», – ներկայացնելով նոր ծառայությունը, ասաց Ամերիաբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը։

Այսպիսով, բանկի հաճախորդներին հնարավորություն է տրվում աշխարհի ցանկացած կետից կապ հաստատել Բանկի կոնտակտային կենտրոնի հետ և արագ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները կամ կատարել գործարքներ Հեռախոսային բանկինգ ծառայության շրջանակներում։

Zangi ընկերության տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ընկերությունն ունի մրցակցային առավելություններ. Zangi-ում աշխարհի լավագույն անվտանգության համակարգերն են ներդրված, որոնք բացառում են ցանկացած միջամտություն կամ վերծանում։

«Zangi մեսենջերն անվտանգ է, քանի որ օգտագործում ենք վերջին սերնդի պաշտպանության մի քանի համակարգ։ Տվյալների տեղափոխման ժամանակ կիրառվում է end-to-end տեսակի կոդավորումը, իսկ ոչ մի հաղորդագրության պատմություն Zangi-ն սերվերներում չի պահպանում։ Վերացնում ենք յուրաքանչյուր պոտենցիալ վտանգ, որը կարող է լինել հաճախորդի համար», – ասաց Zangi ընկերության տնօրենը։

Սա սկիզբն է համագործակցության, տեղեկացրին Շավարշ Ոսկանյանը և Վահրամ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ունեն ճանապարհային քարտեզ՝ հաճախորդների համար բանկային համակարգի ավելի հարմարավետ լուծումներ տալու։