«Ադեկվատ դիսկուրս»․ Հիմնական խնդիրը Արցախի անվտանգությունն է ու մարտահրավերներին դիմակայելը

2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները որևէ կապ չունեն հեղափոխության հետ, ավելին՝ Հայաստանում կատարվածը հակացուցված է հեղափոխությանը, այսօր՝ «Ադեկվատ» ՀԿ-ի նախաձեռնած «Ադեկվատ դիսկուրս» կոնֆերանսի ժամանակ ասաց «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը։

«Դա գուցե ներիշխանական դավադրություն էր կամ ինչ-որ տեղ՝ արտերկրում ծրագրավորված սցենար», - տեսակետ հայտնեց բանախոսը։

Որպես թիվ մեկ օրակարգ՝ Ռուբեն Հակոբյանն առանձնացրեց Արցախի անվտանգության հարցը, առկա մարտահրավերներին դիմագրավելը։ Նա միաժամանակ կարծիք հայտնեց, որ այսօր Վաշինգտոնում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը «վերջի սկիզբն է»։

Քննարկմանը ներկա «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր Միհրան Հակոբյանն էլ նկատեց, որ գործող իշխանությունը փորձ է անում մերժել անցյալը և հասել է նրան, որ Հայաստանը բաժանում է հնի ու նորի, սևերի ու սպիտակների։ «Հասարակությունն այսօր երկփեղկված է, քաղաքական դաշտը՝ խոպան, հերկված», - ասաց նա։

ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանն իր հերթին շեշտեց, որ փոփոխությունների ծրագիրը տապալված է, բարեփոխումների տեսլականներն՝ այդպես էլ չմշակված։ Ըստ նրա՝ իրական ռեֆորմները թողած՝ գնում են անցումային արդարադատության, վեթինգի և հայաստանյան իրականության հետո որևէ առնչություն չունեցող այլ նորամուծությունների հետևից։

Վերլուծաբան Անդրանիկ Թևանյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գործող կառավարությունը փորձում է հասարակությա մեջ թշնամիներ փնտրել՝ այս կերպ պահպանելով սեփական իշխանությունը։