ՀԱՐԿՎԵԼՈՒ ՄԱՏԵՐԻԱ՞Լ

Ինչպես հայտնի է, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ընդերքում ծնվել և կառավարության օրակարգում է հայտնվել օրինագիծ, որը նախատեսում է, մասնավորապես, անշարժ գույքի կադաստրային գնահատման մոտեցում իրական շուկայական գներին։ Այլ կերպ ասած, անշարժ գույքի կադաստրային գինը ամենամոտ ժամանակներս էականորեն կբարձրանա։

Թե ինչպես դա կանդրադառնա շուկայում տիրող իրավիճակի վրա, ստույգ ասելը դժվար է։ Ամենայն հավանականությամբ, կարելի է սպասել իրարանցման, ժամանակավոր գնաճի։ Այդ ոլորտը սովորաբար չափազանց զգայուն է արձագանքում ոչ միայն փոքրիշատե նշանակալի բոլոր իրադարձություններին, այլև նույնիսկ տեղեկատվությանը, լուրերին, կանխատեսումներին։ Իսկ այստեղ, ըստ էության, ներդրվում են արմատական, կարելի է նույնիսկ ասել՝ հեղափոխական լուծումներ։ Ասենք, ինչպեսև մյուս բոլոր ոլորտներում, որոշ ժամանակ անց կրքերը կհանդարտվեն, իրարանցումը կմարի, և գնագոյացման գործընթացը կվերադառնա պահանջարկի ու առաջարկի հիման վրա գների ձևավորման ստանդարտ և բնական բանաձևին։ Այ այստեղ գներն անմիջականորեն կապված են երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, նրա տնտեսության մեջ տիրող ներդրողական կլիմայի, անվտանգության հարցերի, ժողովրդագրական միտումների հետ։

Ասենք ուղղակի. այսօրվա դրությամբ վերոթվարկյալ ուղղություններում դրական նշաններ գործնականում չկան։ Ներդրողական կլիման գնալով ավելի անհրապույր է դառնում, երկրի տնտեսությունը ավտոպիլոտով թռչում է անհայտ ուղղությամբ, աշխատատեղերի տոտալ կրճատումը բարձրացնում է գործազրկության մակարդակը, աճում է արտագաղթը, ավելանում կապիտալի արտահոսքը, ահագնանում Հայաստանի և Արցախի սահմաններին տիրող լարվածությունն ու ռազմական գործողությունների սկսվելու սպառնալիքը։ Մի խոսքով, անշարժ գույքի շուկայում աշխուժացման, դրա (շուկայի) ակտիվացման հեռանկարները, մեղմ ասած, մշուշոտ են։

Այլ հարց է, որ անշարժ գույքի կադաստրային գնի բարձրացումը անխուսափելիորեն կհանգեցնի անշարժ գույքի հարկի աճի, ինչը, ըստ էության, իշխանությունը չի էլ թաքցնում։ Իսկ դա հերթական ցավոտ հարվածն է քաղաքացիների սոցիալական վիճակին։ Այո, սկզբունքորեն աշարժ գույքի հարկման այսօր կիրառվող փաստացի չափերը նվազագույն են և ոչ այնքան համարժեք։ Բայց այստեղ չի կարելի հաշվի չառնել անշարժ գույքի տերերի, այսինքն երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնության սոցիալական վիճակի գործոնը։ Երկրում, որի բնակչության մեկ երրորդը պաշտոնապես համարվում է աղքատ, և գործնականում ողջ բնակչությունը անշարժ գույքի սեփականատեր է, կառավարությունը մտադրվում է բարձրացնել այդ հարկատեսակը։ Համաձայնեք, դա չափազանց խիստ, եթե չասենք դաժան քայլ է։

Տվյալ համատեքստում, թերևս, արժե ուշադրություն դարձնել Հայաստանի քաղաքացիների սոցիալական վիճակի ևս մեկ բնութագրիչին։ Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ամսական միջին աշխատավարձը 2018 թվականին կազմել է 172 հազար դրամ։ Մինչդեռ մեկ տարի առաջ այդ ցուցանիշն արձանագրված էր 177 հազարի մակարդակի վրա։ Այսինքն անցած տարվա ընթացքում 5 հազարով նվազել է ամսական միջին աշխատավարձը, ինչը վկայում է երկրում կյանքի որակի առումով բացասական միտումների մասին։ Ընդ որում այստեղ կարևոր է ուշադրության առնել ևս մեկ հանգամանք։ Վարչապետը պարբերաբար հայտարարում է այն մասին, թե 2018 թվականի հուլիսից կուտակային կենսաթոշակային համակարգում արված փոփոխությունների շնորհիվ բարձրացել է 209 հազար քաղաքացիների աշխատավարձը։ Հիմա չենք խոսի այն մասին, որ կենսաթոշակային ֆոնդին արվող վճարումների գումարի կրճատումը ամենևին էլ չի նշանակում աշխատավարձերի բարձրացում։ Դա ծախսերի կրճատում է, այլ ոչ թե եկամտի աճ։ Հարցը դա չէ։ Հարցն այն է, որ նույնիսկ հաշվի առնելով «209 հազար մարդու աշխատավարձերի աճը», ինչը վկայակոչում է կառավարության ղեկավարը, ամսական միջին աշխատավարձը նվազել է 5 հազար դրամով։ Եվ դա միտում է։

Եվ ահա, ունենալով այդչափ տխուր սոցիալական պատկեր, չունենալով իրավիճակի շոշափելի փոփոխման հեռանկարային ըմբռնելի ծրագրեր, կառավարությունը գնում է փաստորեն գույքահարկի բարձրացման, ինչը, անկասկած, կհարվածի երկրի գործնականում յուրաքանչյուր քաղաքացու շահերին, լինի դա գյուղի բնակիչ՝ ոչ մեծ հողակտորի տեր, թե քաղաքում բնակարանի սեփականատեր։

Նիկոլ Փաշինյանը ժամանակին հաճախ էր խոսում այն մասին, որ Հայաստանի ժողովուրդը «տուգանվելու մատերիալ չէ»։ Այդ կարգախոսի ներքո անցավ ՃԵԿ-ի խախտման համար տուգանքների համաներումը, այդ կարգախոսի ներքո անցավ բանկային վարկերի ուշացրած վճարումների տուգանքների համաներումը։ Մինչդեռ, եթե Հայաստանի ժողովուրդը տուգանվելու մատերիալ չէ, ապա դա բնավ չի նշանակում, թե նրան պետք է վերածել հարկվելու մատերիալի

Основная тема:
Теги: