Աղասի Ենոքյան. Ադրբեջանը կարող է օգտվել տարածաշրջանի ընդհանուր լարվածությունից

Հայաստանի հանրությունը թերագնահատում է տարածաշրջանում լարվածության հնարավոր հետևանքները։ Այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Աղասի Ենոքյանը հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ մինչ Հայաստանում զբաղված են խորհրդարանական շոուներին հետևելով, տարածաշրջանում լարվածությունը խորանում է։ «ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների առումով իրավիճակը խիստ լարված է, Թրամփը նոր պատժամիջոցներ է մտցրել։ Լարվածություն կա նաև Վրաստանի և Ադրբեջանի միջև։ Ղարաբաղի հարցով շատ լուրջ հայտարարություն է հնչել խաղաղարարներ մտցնելու վերաբերյալ։ Թեև մերոնք մերժել են, բայց ես այս դեպքում հակված եմ հավատալու Մամեդյարովին։ Դա այն է, ինչի մասին արդեն ասվել է՝ Լավրովի պլանը»,- նշել է քաղաքագետը։

Իրավիճակը Վրաստանում նա համեմատել է Հայաստանում մեկ տարի առաջվա իրադարձությունների հետ։ Ընդ որում՝ վրացական իրադարձությունների պատճառը ամենաանհեթեթն էր, և Աղասի Ենոքյանը չի բացառել, որ դա սադրանք էր։ Բայց իրադարձությունները ցույց են տվել, որ ժողովուրդը դժգոհ է կյանքից, դժգոհ է Ռուսաստանի հետ հարաբերություններից, ընդգծել է քաղաքագետը։

Ի պատասխան, շարունակել է քաղաքագետը, Ռուսաստանը կօգտագործի հնարավորությունը Վրաստանի հանդեպ պատժամիջոցներ մտցնելու համար։ «Վերջերս Վրաստանում էի, և կարող եմ վկայել, որ ՌԴ-ից հսկայական քանակությամբ զբոսաշրջիկներ կային»,- նշել է Ենոքյանը՝ ասելով, որ առաջին անգամ Լարսը փակվում է Վրաստանի կողմից, և արդեն կա նախադեպը չունեցող դեպք, երբ չեն թողել Հայաստանի ավտոբուսն անհայտ պատճառով։ Աղասի Ենոքյանի գնահատմամբ՝ հետևանքները կարող են լինել շատ լուրջ Հայաստանի համար։ «Հայաստանը պետք է ունենա դիրքորոշում կատարվողի հանդեպ, և լավ կլիներ արագ արտահայտել այն»,- նշել է Ենոքյանը։ Նրա կարծիքով՝ ընդհանուր լարվածությունը տարածաշրջանում կարող է գայթակղություն դառնալ Ադրբեջանի համար, որպեսզի ռազմական գործողությունները դառնան թույլատրելի և անգամ անհրաժեշտ։ Եթե լուծի մնացած խնդիրները, ամփոփել է քաղաքագետը, տեղեկացնում է NEWS.am։

Основная тема:
Теги: