Ի՞ՆՉ Է «ՊԱՏՎԻՐՈՒՄ» ԱՐԵՎՄՈՒՏՔԸ

Լռությունը, ինչպես հայտնի է, ոչ միշտ է ոսկի։ Հատկապես երբ այն ընկալվում է որպես համաձայնություն, իսկ առավելևս՝ աջակցություն։ Է՛լ ավելի ցուցանշական է, երբ լռությունը ամրապնդվում է էական ֆինանսական սնուցմամբ, ինչը կասկած չի թողնում, որ այդ միջոցները հատկացնող կառույցները ոչ միայն պարզապես համերաշխ են դրանց հասցեատիրոջ հետ, այլև որոշակի չափով իրենց վրա են վերցնում նախագծի իրականացման մեթոդների և դրա արդյունքների համար պատասխանատվությունը։ Ի վերջո, հանրահայտ ճշմարտությունը, որ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը, դժվար է վիճարկել։

Այդ իմաստով հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում Հայաստանում դատաիրավական բարեփոխումների շուրջ։ Ոչ ոք, այդ թվում նույնիսկ ամենից արմատական ընդդիմադիրները կասկածի տակ չեն առնում այն փաստը, որ բարեփոխումներն անհրաժեշտ են։ Այլ հարց են միջոցները, որոնց դիմում են իշխանությունն ու իր ներկայացուցիչները դա անելիս։ Պրոֆեսիոնալ մասնահատվածի էական մասի, ինչպես նաև հայտնի փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների կողմից հնչող սուր քննադատությունը, որոնք համարում են, որ տեղի է ունենում երկրի սահմանադրության և օրենքների ակնհայտ խախտում, կասկած չի թողնում իրավիճակի պարադոքսալության վերաբերյալ։ Այն է՝ դատաիրավական համակարգի բարեփոխման ճանապարհն արդեն պատված է սահմանադրական-իրավական նորմերի խախտումներով։ Իրավիճակները միանգամայն տրամաբանորեն տեղավորվում են «բարի մտադրություններով է սալարկված դժոխքի ճանապարհը» դասական ասույթի մեջ։

Նման մոտեցման առավել վառ դրսևորումներ դարձան վարչապետի անմիջական կոչով իրականացված դատարանների շենքերի արգելափակումը, իսկ այնուհետ Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրումն ու ընտրությունը օրենքի բացահայտ խախտումով, որից հետո նորընտիրը իրեն ինքնահռչակեց ՍԴ նախագահ։ Ընդ որում բերելով հիմնավորում, որի անհեթեթությունն ակնհայտ է նույնիսկ իրավաբանական քաշքշուկարարությունից անտեղյակ մարդու համար։ Այսինքն հենց այդպիսի, նույնիսկ ամենածայրահեղ քաղաքական անհրաժեշտությամբ (ինչը երկրում չկա) չարդարացվող բացահայտ անիրավական մեթոդներով Հայաստանի իշխանությունները սկսեցին ճանապարհը դեպի արդար և պրոֆեսիոնալ դատական համակարգ։

Իսկ ինչպե՞ս արձագանքեցին արևմտյան երկրները՝ երկրում օրենքի գերակայության և ժողովրդավարական այլ բարեփոխումների հաստատման ամենակատաղի ջատագովները։ Հատկացրեցին լրացուցիչ միջոցներ. Եվրամիությունը հայտարարեց 25 միլիոն եվրո տրամադրելու մասին, իսկ ԱՄՆ-ում ընթանում է 40 մլն դոլար ֆինանսական օգնության հատկացումը հաստատելու գործընթաց։ Երկու դեպքում էլ նպատակը նշված է որպես ժողովրդավարական բարեփոխումների սատարում։ Ընդ որում Բրյուսելն ընդգծում է դատական բարեփոխման անցկացման կարևորությունը, իսկ Վաշինգտոնում նշեցին, որ փողերը կնպաստեն Հայաստանում ոչ միայն ժողովրդավարության զարգացմանը, այլև «կառավարության պատասխանատվության բարձրացմանը»։ Ըստ որում ժողովրդավարական աշխարհի մայրաքաղաքներից ոչ մեկում «չնկատեցին», որ դեռ չսկսված, դատական բարեփոխման գործընթացը նշանավորվեց հակասահմանադրական գործողություններով և օրենքի խախտումներով՝ հենց այն կառավարության կողմից, որի պատասխանատվության բարձրացմանը ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է օժանդակել։

Այդ կապակցությամբ ուշագրավ է, որ դատարանների շենքերն արգելափակելու աննախադեպ կոչը սկզբում համարժեք գնահատականի արժանացավ Եվրամիության որոշ ներկայացուցիչների, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։ Հիշեցնենք, որ բավական կտրուկ արտահայտվեց Freedom House-ի հատուկ հետազոտությունների գծով տնօրենը, որը Փաշինյանի գործողություններում դիտարկեց «այն պոպուլիզմը պահպանելու ձգտում, որը նրան բերեց իշխանության»։ Օբյեկտիվ էր նաև Եվրոպայի խորհրդի համազեկուցողների արձագանքը, որոնք մտահոգություն արտահայտեցին կառավարության ղեկավարի կոչի առնչությամբ։ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմը կիսեց նրանց մտահոգությունը և պետական պաշտոնատար անձանց կոչ արեց գործել բացառապես սեփական լիազորությունների շրջանակներում, համաձայն Սահմանադրության։

Որից հետո, սակայն, պաշտոնական բնույթի գովասանական ներբողների տարափ տեղաց, որոնք ըստ էության ողջունում էին Սահմանադրության խախտումները կառավարության կողմից։

Իսկ այս անգամ, Վահե Գրիգորյանի շուրջ իրավիճակի հետ կապված, համապատասխան գնահատականներ չհնչեցին նույնիսկ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից։ Կատարվող ամենի խորապատկերին համաշխարհային ժողովրդավարության սյուների լռությունը՝ ի դեմս Եվրամիության ու ԱՄՆ-ի, և դեռ մի բան էլ նրանց ֆինանսական աջակցությունը, հանգեցնում են այն մտքին, որ Արևմուտքը մտադիր է օժանդակել անիրավական մեթոդներով բարեփոխումներ անցկացնելու իշխանությունների գործողություններին։ Կոնգրեսական Ջեյքի Սփայերի արտահայտությունն այն մասին, որ այդ օժանդակությունն ուղղված է Հայաստանի կառավարության պատասխանատվությունը բարձրացնելուն, չի հարթում այն ընդհանուր տպավորությունը, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար բացարձակապես կարևոր չէ, թե հատկապես ինչպես կանցկացվի բարեփոխումը։ Եվ հետևաբար, նրանց համար գլխավորը գործի բնավ իրավական կողմը չէ և ոչ էլ բարեփոխումների էության իրականացման միջոցների համարժեքությունը, այլ բացառապես քաղաքական նպատակները։

Դժվար թե մեր արևմտյան գործընկերներն ավելի շատ են շահագրգռված Հայաստանում բարձր պրոֆեսիոնալ և կոռուպցիայից զերծ դատական իշխանություն ունենալու հարցում, քան մենք ինքներս՝ նրա բնակիչները։ Ուստի Եվրամիության և ԱՄՆ-ի պահվածքը, որոնք համառորեն հրաժարվում են գնահատական տալ առկա գործընթացներին, լուրջ կասկածներ է հարուցում նրանց մոտեցումների անշահախնդրության և ազնվության վերաբերյալ (դե, ներեցեք այսչափ ծիծաղելի և հնաոճ կատեգորիաների համար)։ Միայն թե պետք չէ պտտել ներքին գործերին միջամտել չցանկանալու մասին ձայնասկավառակը. կարելի է բազմաթիվ նախադեպեր հիշատակել ոչ վաղ անցյալից, երբ նշյալ կառույցներն ու երկրները նույնիսկ շատ էլ աննրբանկատորեն իրենց թույլ էին տալիս արտահայտվել Հայաստանում տիրող իրավիճակի առնչությամբ, չսևեռվելով «չմիջամտելու» թեմայի վրա։

Թեպետ, մի ազդանշան այնուամենայնիվ հնչեց, առայժմ հայտնի չէ, թե ինչ բնույթի։ Հունիսի 24-ին հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ Վենետիկի հանձնաժողովը շտապ եզրակացություն է նախապատրաստում Հայաստանի Դատական օրենսգրքի բարեփոխման վերաբերյալ։ Ըստ հաղորդագրության, հանձնաժողովը տեղեկացված է Հայաստանում սահմանադրական վերջին փոփոխությունների մասին, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի գործող անդամների վերաբերյալ հրապարակային վերջին հայտարարությունների։ «Հանձնաժողովը կարգադրել է նախապատրաստել շտապ եզրակացություն, որը հարցող մարմիններին կուղարկվի մինչև հոկտեմբերին կայանալիք լիագումար նիստը»,-նշվում է փաստաթղթում։

Հետաքրքիր է, որ մեկ-երկու օր առաջ հայկական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ի պատասխան Վահե Գրիգորյանի նետած մարտահրավերի, ՍԴ-ն կազմել և Վենետիկի հանձնաժողովին է ուղարկել մի ամբողջ փաթեթ, բաղկացած ինչպես ՍԴ նորընտիր անդամի հայտարարություններից, այնպես էլ հարցին վերաբերող օրենսդրական և սահմանադրական նորմերից։ Նշվում էր, որ Սահմանադրական դատարանում սպասում են տվյալ հարցի վերաբերյալ հանձնաժողովի կտրուկ գնահատականների։

Թե որքանով «կտրուկ» կլինի Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, ցույց կտա ժամանակը։ Իսկ առայժմ նշենք, որ այդ դիրքորոշման սկզբունքայնությունը և դրա համապատասխանությունը ժամանակին ի թիվս այլոց նաև տվյալ կառույցի կողմից հավանության արժանացած սահմանադրական ու իրավական նորմերին, թույլ կտան Արևմուտքին ինչ-որ չափով պահպանել դեմքն ու փրկել իմիջը։ Ինչպես նաև զսպող գործոն կդառնան նրանց համար, ովքեր համարում են, որ անիրավական մեթոդներով կարելի է հասնել բարի նպատակների։ Ասենք, բարի՞ են արդյոք դրանք։

Основная тема:
Теги: