ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ԵՎՍ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔԻ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության շնորհիվ, Տավուշի մարզի Պառավաքար գյուղում բնակվող Բուլղադարյանների ընտանիքն ակտիվ շինարարություն է սկսել:

«Գործն առաջ է գնում կամավորների օգնությամբ, միայն թե այս անգամ շինարարությանը կամավորագրվել են տանտիրոջ՝ Աշոտի հարևանները: Բոլորը տեղյակ են. նույն ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորներն աշխատում են մեկ ուրիշ մարզում: Կողմերը կարևոր են համարում դրական տրամադրվածությունն ու խնդիրը լուծելու պատրաստակամությունը: Կարևորը արժեհամակարգ դարձած մոտեցումն է. ֆիզիկապես ու հոգեպես մարդուն օգնելու ձգտումը: Շահառու ընտանիքն ու աջակցող կազմակերպությունները միմյանց ուղերձ են հղել տեսախցիկների միջոցով»,- նշել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում:

«Այս օրերին, տարբեր մարզերում շինարարական աշխատանքներ են իրականացվում: Ժամանակ առ ժամանակ, երբ աշխատանքային ժամանակացույցս թույլ է տալիս գտնել փոքրիկ պատուհան, մասնակցում եմ շինարարությանը: Իհարկե, դժվար է լինել բոլոր վայրերում, բայց ձգտում եմ հնարավորինս ներկա լինել և գործընկերներիս հետ աշխատել: Նյութական աջակցությունից բացի, շատ կարևոր է հեռավոր մարզերում ապրող մեր հայրենակիցներին նաև հոգեբանորեն աջակցելը: Կամավորության սկզբունքով կատարվող աշխատանքներն այդ նպատակն են հետապնդում: Իսկ երբ ֆիզիկապես ներկա չեմ լինում՝ հետևում եմ և տեղեկացվում: Առիթից օգտվելով՝ դիմում եմ բնակարանաշինության ծրագրից օգտվողներին և հորդորում չհուսահատվել, քանի որ ամեն ինչ լավ է լինելու: Իսկ կամավորներին շնորհակալություն եմ հայտնում սրտացավ ու հոգատար վերաբերմունքի համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս տարի ծրագրում զգալի տեղ են զբաղեցնում Պառավաքարի բնակիչները: Շատ կարևոր է սահմանապահ գյուղերին աջակցելը: Այստեղ ապրողները կենդանի վահան են դարձել հակառակորդի անկանխատեսելի վարքագծի դեմ: Նրանք, սակայն, այնքան ամուր են ու հաստատակամ, որ շարունակում են ապրել հայրենի գյուղում, ձգտում շենացնել այն և իրենց կամքով վստահություն են փոխանցում սահմանին կանգնած մեր զինվորներին: Պառավաքարն այդ գյուղերից մեկն է: Գործընկեր կառույցի հետ, ձգտում ենք հնարավորինս ուշադրության կենտրոնում պահել սահմանապահ գյուղերին»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Առաջիկայում շինարարական աշխատանքներ կսկսվեն գյուղի նաև այլ տներում:

Основная тема:
Теги: