ԻՍԿ ՀԻՄԱ ՍԵԶՈՆԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՆ ՉԷ՞

Այս տարի ԿԲ-ի դոլարային պաշարները հասել են 171 միլիոնի։ Ընդ որում երեք օրում ավելացել են 40 մլն դոլարով։ Դա նշանակում է, որ Հայաստանում փողեր են պտտվում, տնտեսության արյունատար անոթները մաքրվել են։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Դիլիջանում անցկացվող «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովում, հաղորդում է News.am-ը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. իհարկե, զուգահեռները մարդկային օրգանիզմի արյունատար համակարգի և երկրի տնտեսական համակարգում դոլարային շրջանառության միջև գեղեցիկ են հնչում և կրեատիվ տպավորություն թողնում։ Փակում ես աչքերդ, ականջներդ և պատկերացնում, թե ինչպես են դոլարները, խոզանակի պես, մաքրում Հայաստանի տնտեսությունը լուրջ խնդիրների և հարցերի «խոլեստերինից»։ Սակայն հետո աչքերդ ու ականջներդ այնուամենայնիվ բացում ես ու նկատում, մեղմ ասած, տարօրինակ, ոչ այնքան գեղեցիկ, տեղ-տեղ՝ բացահայտ տաղտկալի, տեղ-տեղ՝ բացահայտ տագնապահարույց երանգներ։

Եվ այսպես, ըստ վարչապետի վարկածի՝ հիմնված ԿԲ-ի տվյալների վրա, արժութային պահուստները հասել են 171 միլիոն դոլարի։ Կառավարության ղեկավարը, ցավոք, չնշեց հաշվարկի մեկնակետը, ուստի ծագում է միանգամայն բնական հարց. ի՞նչ նիշից են դրանք հասել 171 միլիոնի մակարդակի։ Պատասխանը փնտրում ենք հենց նույն ԿԲ-ի ավելի վաղ հրապարակած տվյալների մեջ և միանգամից տեսնում, որ ընթացիկ տարվա սկզբին Կենտրոնական բանկի արժութային պահուստները կազմել են մոտ 1,9 միլիարդ դոլար։ Եթե ներկայումս դրանք հասել են 171 միլիոնի, ապա դա ոչ այլ ինչ է, քան աղետալի անկում, կրճատում գրեթե 10 անգամ։ Այ այստեղ ցանկություն է առաջանում նորից փակել աչքերն ու ականջները

Թեև աղոտ հույս է մնում, որ Փաշինյանը «ԿԲ-ի դոլարային պաշարներ» ձևակերպման տակ այնուամենայնիվ նկատի ուներ ինչ-որ այլ բան։ Կամ էլ, ինչն ավելի հավանական է, սխալմամբ նշել է ոչ այն թիվը, ճիշտ չի հաշվարկել զրոների քանակը, ակամա կրճատելով ներկայացված ցուցանիշը 10 անգամ։ Դե, ո՞ւմ հետ չի պատահում։ Սխալվեց մարդը։ Եվ ընդհանրապես մեր վարչապետը թվերի հետ չունի (և սա բնավ ոչ առաջին, ոչ միակ օրինակն է)։ Ճիշտ է, եթե հաշվի առնենք, որ կառավարության ղեկավարը ելույթ էր ունենում գործարար-համաժողովում, որտեղ հավաքվել էին հաշվել կարողացող մարդիկ, ապա սխալը, ուղիղն ասենք, բավական լուրջ է։

Թեպետ, շատ ավելի լուրջ սխալ է այն, որ վարչապետն ընդհանրապես սկսեց խաղարկել այդ ցուցանիշը, իր կարծիքով՝ դրական տնտեսական միտումների համատեքստում։ Նախ՝ այն պատճառով, որ արժութային պահուստների նույն այդ բավարար ծավալը բնավ չի նշանակում, թե այդ փողերը շրջանառվում են երկրի տնտեսության մեջ։ Դրանք պահուստներ են, որոնք, օրինակ, թույլ են տալիս ԿԲ-ին անհրաժեշտության դեպքում ինտերվենցիաներ իրականացնել արժութային շուկայում, խուսափել արժույթի պակասուրդից, դրանով իսկ ապահովելով կայունությունն այդ շուկայում։ Դա յուրօրինակ անվտանգության բարձիկ է հայկական դրամի համար, ապահովագրում վերջինիս փլուզումից՝ երկրում արժույթի ներհոսքի էական կրճատման դեպքում, ենթադրենք, արտահանման, տրանսֆերտների, օտարերկրյա ներդումների՝ երկիր մտնող արժույթի հիմնական աղբյուրների ծավալների անկման պատճառով։ Ուստիև, կրկնեմ, դրանք այն փողերը չեն, որոնց շրջանառությունն անմիջականորեն ազդում է երկրի տնտեսության մեջ «արյան շրջանառության» բարելավման վրա։ Այդ ազդեցությունը կարող է լինել միայն անուղղակի։ Եվ առավելևս «անհատական ջանքերի հաջողությունների» (ինչի մասին խոսում էր կառավարության ղեկավարը) կապակցումը ՀՀ ԿԲ արժութային պահուստների հետ, դժվար թե տեղին է։

Երկրորդ, այն, ինչը վարչապետը փորձում է ներկայացնել որպես նվաճում, իրականում այդպիսին չէ։ Արժութային պահուստների աճն ու կրճատումը, հենց նույն ԿԲ-ի հավաստմամբ, կապված են սեզոնային գործոնի հետ։ Այսպես, օրինակ, ընթացիկ տարվա սկզբին արձանագրվել է ԿԲ պահուստների ծավալների 11 տոկոսանոց անկում։ Մեկնաբանելով այդ իրավիճակը, ԿԲ մամլո քարտուղարը հայտարարեց. «Այդպիսի ֆինանսական շարժերը սեզոնային բնույթ են կրում։ Այդ սեզոնայնությունը արտահայտվում է և՛ տարեվերջին, և՛ տարեսկզբին։ Եթե մոնիտորինգ անենք անցած տարվա վիճակագրությունը, ապա կտեսնեք, որ այն ժամանակ էլ սկզբում արժութային պահուստները կրճատվել են, բայց հետո տարվա ընթացքում՝ զգալիորեն ավելացել»,-ասաց Հարություն Բերբերյանը «Sputnik Արմենիա»-ի հետ հարցազրույցում, հավելելով, որ հնարավոր են այդ թվերը շահարկելու, հասարակությանը մոլորության մեջ գցելու փորձեր, բայց փաստը մնում է փաստ։

Համաձայնեք, եթե արժութային պահուստների կրճատման վերաբերյալ բացասական գնահատականները՝ առանց հաշվի առնելու սեզոնային գործոնը, համարվում են թվերի շահարկում, ապա նույնպիսի շահարկում են նաև դրական գնահատականները։ Եթե նկատի առնենք նույն այդ սեզոնային գործոնը, ապա Նիկոլ Փաշինյանի ներկայացրած թվերը պարզապես, ինչպես ասում են, ոչ մի բանի մասին ենԵվ առավելևս՝ ոչ այն մասին, թե ի՜նչ հիանալի է, որ երկրի տնտեսության մեջ «փողեր են պտտվում», որ «արյունատար անոթները մաքրվել են»։

Այո, նման ձևակերպումները գուցե ոմանց համար կրեատիվ ու գեղեցիկ են հնչում, բայց ըստ էության դրանք չեն արտացոլում իրական պատկերը։ Քանի որ տնտեսության համար կարևոր է ոչ թե այն, որ պահուստային փողերը պարզապես պտտվում են, այլ այն, որ պտտվեն ներդրումային փողեր, որոնք ապահովում են արտադրության զարգացումը, զբաղվածության խնդիրների լուծումն ու տնտեսական աճը։

Основная тема:
Теги: