ԲԱՐԵՓՈԽՈՒՄ, ԹԵ՞ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ

Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը, որը հայտնի է իր, մեղմ ասած, պոպուլիստական, իսկ ամենացավալին՝ իրավունքից հեռու արտահայտություններով, հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում հաստատեց հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում ՀՔԾ-ն լուծարելու իշխանությունների մտադրությունը։

Տվյալ ռազմավարության մշակումը, որով զբաղվում է կառավարությունը, ընթանում է մեծ գաղտնիության մթնոլորտում։ Եվ եթե նախկինում օրենսդրական բոլոր բարեփոխումներով զբաղվում էին հիմնականում Արդարադատության նախարարության համապատասխան բաժանմունքները, ապա ներկայումս շատ բան արվում է այդ գերատեսչության շրջանակներից դուրս։ Օրինակ, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքն առանց դատարանի մեղադրական եզրակացության բռնագանձելու գաղափարի կենսագործման ուղղությամբ եռանդագին աշխատում է վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանի գլխավորած խումբը։ Հիշում եմ, ժամանակին այդ գաղափարն արտահայտում և ակտիվորեն պաշտպանում էր Վահե Գրիգորյանը, և կարծում եմ, որ այդ ծրագրի իրականացման մեջ նրա դերն այսօր էլ բաականաչափ մեծ է։ Է՛լ ավելի մեծ անակնկալ դարձավ այն լուրը, որ «Իմ քայլը» կառավարող կուսակցությունը վաղուց զբաղվում է վեթինգի նախագծի մշակմամբ, մինչդեռ մենք բոլորս մինչև վերջերս բացարձակ անտեղյակ էինք այդ մասին։ Այլ կերպ ասած, մեր թավշե իշխանություններն օրենսդրական բնույթի անակնկալների և ամենատարբեր անսպասելի արարքների վարպետ են։ Բայց վերադառնանք ՀՔԾ-ին։

Եթե հիշում եք, այդ մարմինը ստեղծվեց Դավիթ Հարությունյանի ժամանակների դատաիրավական բարեփոխման շրջանակներում։ 2007 թվականին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը ձեռնամուխ եղավ իր պարտականությունների կատարմանը, որոնք ամփոփված էին բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների, հատուկ ծառայությունների և ուժայինների ներկայացուցիչների նկատմամբ քննչական գործողություններ կատարելու, բացի ամենայնից՝ նաև ընտրական իրավունքի հետ կապված հանցագործություններ հետաքննելու մեջ և այլն։ ՀՔԾ-ի առաջին ղեկավարը դարձավ Անդրանիկ Միրզոյանը, որը երկար տարիներ աշխատել էր Գլխավոր դատախազությունում, մասնավորապես՝ այդ գերատեսչության քննչական վարչության ղեկավարի լրջագույն պաշտոնում։ Աշխատելով 6 տարի, ոտքի կանգնեցնելով տվյալ քննչական մարմինը, 2013 թվականին նա պաշտոնը զիջեց մեկ այլ պրոֆեսիոնալի՝ ստաժավոր դատախազ Վահրամ Շահինյանին։ Եվ, ինչպես մենք բոլորս գերազանց հիշում ենք, թավշե իրադարձություններից հետո ՀՔԾ-ի երրորդ ու վերջին ղեկավար նշանակվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Մհեր Խաչատրյանի որդի Սասուն Խաչատրյանը։

Նախկին քննիչը և, ինչ թաքցնենք, մինչև պաշտոնի ստանձնումն անհայտ անձնավորությունը (նրան ճանաչում էին թերևս միայն հոր շնորհիվ) «փառաբանվեց» Արթուր Վանեցյանի հետ իր հեռախոսազրույցի գաղտնալսման հետ կապված պատմությամբ, «ուզի-չուզի, պիտի կալանք տա» կարգի մարգարիտներով՝ Հրաչիկ-Վաչիկ դատավորի մասին, «Մարտի 1»-ի գործում օրենքի տառով ձեռնածությամբ, աղմկահարույց, բայց հայտնի չէ, թե ուր անհետացող մերկացումների մասին հայտարարություններով և, վերջապես, դատարանների արգելափակման փաստով քրեական գործ հարուցելուց հրաժարումով։ Նրա գլխավորած գերատեսչությունը այդ ճչացող իրադարձության մեջ չի տեսնում հանցակազմ, այսինքն՝ Սահմանադրության և ՀՀ օրենքների բացահայտ ոտնահարում։ Թեև ինչո՞ւ ենք զարմանում։ Այդ ամենը չտեսան նաև ո՛չ Գլխավոր դատախազությունը, ո՛չ էլ մյուս իրազեկ մարմինները։

Մինչդեռ ՀՔԾ-ի լուծարումը քննարկվում էր 2013 թվականից, այդ թեման ակտիվացավ 2014-ին՝ ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) ստեղծումից հետո։ Այդ ժամանակաշրջանում ակտիվ քննարկումներ էին ընթանում ոչ միայն ՀՔԾ-ի, այլև Ազգային անվտանգության ծառայության և Պետեկամուտների կոմիտեի քննչական ստորաբաժանումների լուծարման վերաբերյալ։ Հիմք էին ընդունում այդ մարմինների գործառույթների վերլուծությունը, որոնք ըստ էության կրկնում են միմյանց, և ի վերջո հանգեցին այն եզրակացության, որ արդյունավետ աշխատանքը կարելի է ապահովել դրանց կրճատումով՝ ՔԿ շրջանակներում առանձին մասնագիտացված բաժանմունքներ ստեղծելու պայմանով։ Այն ժամանակ խոսակցություններն այդպես էլ մնացին խոսակցություններ։ Իսկ այժմ, ըստ երևույթին, իրավիճակը փոխվում է։ Միայն թե հարց է՝ արդյոք դեպի լա՞վը։ Կամ, պարզ ասած, ի՞նչ կտա դա գործնականում։

Այն, որ քննչական ու հետաքննիչ մարմինները փոքրիկ Հայաստանում ավելի շատ են, քան ահռելի Ամերիկայում, փաստ է։ Մյուս կողմից, այսօրվա դրությամբ բացարձակապես անհասկանալի է, թե ինչ է մեզ սպասում այսպես կոչված հակակոռուպցիոն բարեփոխման շրջանակներում։ Ասում են, թե ստեղծվելու են մասնագիտացված դատարաններ, այսինքն յուրօրինակ ՀՔԾ՝ դատական համակարգում։ Բազմաթիվ իրավաբաններ լուրջ մտավախութուն ունեն, որ հակակոռուպցիոն բարեփոխումը յուրօրինակ ինքնանպատակ է, երբ իրականացնում են օրենսդրական փոփոխություններ և հետո միայն, հետին թվով, սկսում մտածել, հիմնավորել ու ընդհանրապես հարց տալ. իսկ ինչի՞ համար է սա։

Այնինչ կցանկանայինք հիշեցնել, որ 2018 թվականին խորհրդարանն օրենք ընդունեց կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով ստեղծելու մասին, որը չգիտես ինչու այդպես էլ չձևավորվեց ու չսկսեց աշխատել։ Շատերը, բնականաբար, չեն մոռացել այդ մասին և համարում են, որ ներկայումս ամենահարմար պահն է դա ասպարեզ մտցնելու համար։

Բայց առայժմ կոնկրետություն չկա։ Անհասկանալի է, թե ինչ է լինելու ՀՔԾ-ի աշխատակազմի հետ (իսկ աշխատողներն այնտեղ բավական շատ են. քննչական մասն ու վարչական աշխատակիցները)։ Այն հարցին, թե ով է գլխավորելու հակակոռուպցիոն նոր մարմինը. ՀՔԾ գործող ղեկավարը, թե՞ մեկ ուրիշը, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ չգիտի, որոշողն ինքը չէ։ Հարցն իհարկե վաղաժամ է, բայց կարծում ենք, որ այնուամենայնիվ նրան չի վստահվի ղեկավարել նոր կառույցը, որի հետ, ըստ երևույթին, մեծ հույսեր են կապում։ Ուզես-չուզես…

Основная тема:
Теги: