ԱԷՄԳ-ը Իրանի հարցով արտահերթ նիստ կանցկացնի

Հուլիսի 10-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարող խորհուրդը արտահերթ նիստում կքննարկի Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադարձությունների զարգացումը: Այս արտահերթ հանդիպումն անցկացնելու խնդրանքով է դիմել Վիեննայում միջազգային կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ջեքի Ուոլքոթը, հայտնում է dpa գործակալությունը:

Իրանի վրա հարկավոր է ճնշում գործադրել, որպեսզի հրաժարվի իր միջուկային հավակնություններից, նույն օրը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը: Նրա խոսքով՝ հուլիսի 10-ի քննարկումների թեման կլինի «միջուկային ոլորտում Իրանի անթույլատրելի գործողությունները»:

Ավելի վաղ ԱԷՄԳ-ը հաստատել էր, որ Թեհրանն առաջին անգամ խախտել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դրույթը և մեծացրել է հարստացված ուրան պահելու սահմանը: ԵՄ մի շարք երկրներ, ներառյալ Գերմանիան, Իրանին նախազգուշացրել էին համաձայնագրի հետագա խախտումներից խուսափել:

Սակայն դրանից հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանն ինքը կորոշի հարստացված ուրանի իրենց անհրաժեշտ մակարդակը: «Հուլիսի 7-ից հարստացման աստիճանն այլևս չի սահմանափակվի 3,67 տոկոսով: Մենք մեր վրայից հանում ենք այդ պարտավորությունը»,- ասել էր նա:

Իրանի հետ վեճը սրվել է այն բանից հետո, երբ Թեհրանը հրաժարվել է կատարել ՀԳՀԾ շրջանակում պարտավորությունների մի մասը, որից ԱՄՆ-ն միակողմանի կարգով դուրս է եկել 2018 թվականի մայիսին: Վաշինգտոնն ի պատասխան խստացրել է Թեհրանի դեմ պատժամիջոցները և տարածաշրջան է ուղարկել ռազմական նավեր և ռմբակոծիչներ, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: