Ռադիկ Մարտիրոսյանը հնագիտության մշակութային և քաղաքական նշանակության մասին

Հայաստանում հնագիտության զարգացումը մշակութային և քաղաքական նշանակություն ունի: Այս մասին հուլիսի 9-ին Երևանում ընթացող «Հնագիտությունը Հայաստանում տարածաշրջանային ենթատեքստում» 2-րդ միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Հայաստանի ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ հնագիտության կարևորությունը կասկածի ենթակա չէ, և անհրաժեշտ է հասկանալ, թե այն տըարածաշրջանային և համաշխարհային մասշտաբներով ինչ ուղղությամբ պետք է զարգանա: Մարտիրոսյանը հավելեց, որ Հայաստանում ուղղության հաջողությունը սերտորեն կապված է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ, որն ամբողջ աշխարհում հայտնի է, ինչի մասին է վկայում նաև այս գիտաժողովին տարբեր երկրներից գիտնականների մասնակցությունը: «Հնագիտության զարգացումն անհնար է առանց նորագույն տեխնոլոգիական լուծումների, որոնք կիրառվում են նաև Հայաստանում կատարվող պեղումների ժամանակ: Գիտությունների ակադեմիան այս ուղղությամբ աշխատանքները կշարունակի այն նպատակով, որպեսզի ընդլայնի հնագիտության հնարավորությունները»,- հավեեց նա:

ԳԱԱ նախագահը շեշտեց անհատների կարևորությունը, որոնք կանգնած են եղել Ինստիտուտի ստեղծման և զարգացման ակունքներում, մասնավորապես՝ Բաբկեն Առաքելյանի, ինչպես նաև Արամ Քալանթարյանի, որն ահռելի աշխատանք է կատարել միջազգային կապերի ստեղծման ուղղությամբ: «Ուրախալի է, որ այսօր Ինստիտուտի աշխատակիցների նոր սերունդը շարունակում է այդ մարդկանց աշխատանքը»,- եզրափակեց Ռադիկ Մարտիրոսյանը:

Նշենք, որ հուլիսի 9-ին Երևանում ընթանում է «Հնագիտությունը Հայաստանում տարածաշրջանային ենթատեքստում» 2-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի 60-ամյակին, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: