ԲՈՒՄ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ. ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում առաջիկա տարիներին սպասվում է շինարարական բում, ասաց լրագրողներին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն ՎԵՐՄԻՇՅԱՆԸ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

Նրա խոսքերով, բումին մեծապես կնպաստի կոմիտեի կողմից մշակվող գոտիավորման, հողօգտագործման կարգավորման օրենսդրությունը և այլ փաստաթղթերը։ «Օրենսդրական և նորմատիվ կարգավորումները թույլ կտան հաշվի առնել նախորդ սխալները, օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաներ, նորարարական տեխնոլոգիաներ և այլն, ինչը թույլ կտա խթանել ոլորտը և կբերի շինանարարական ոլորտի աճի և կարևոր դեր կունենա երկրում իրականացվող տնտեսական հեղափոխության համար»,-ասաց Վերմիշյանը։

Նա նշեց նաև, որ ոլորտում կա չօգտագործված մեծ ներուժ, որն անհրաժեշտ է ակտիվացնել, այդ թվում բնակարանային ֆոնդի վերանորոգման ու նորացման, վթարային շինությունների վերականգնման գործում։ Նրա խոսքերով, արդեն հիմա կոմիտեն բազմաթիվ առաջարկություններ է ստանում բնակարանների բարեկարգման ու նորացման վերբերյալ, նշվում է շինարարական ծրագրերի մեծ հոսք ինչպես արտադրության, այնպես էլ բնակֆոնդի և գյուղատնտեսության ոլորտում։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. իհարկե, այն ամենը, ինչի մասին խոսում է պրն Վերմիշյանը, բավական հուսադրող է թվում։ Հատկապես շինարարական բումի առումով՝ տնտեսական հեղափոխության համատեքստում։ Ավելին, ակնհայտ է, որ շինարարական բումն իսկապես կարող էր հզոր ազդակ դառնալ երկրի տնտեսության զարգացման համար, եթե հաշվի առնենք տվյալ ոլորտի աշխուժացումից բխող մուլտիպլիկատիվ ազդեցությունը։ Ավելին, հայրենի բնակարանային ֆոնդի նորացումն իսկապես չափազանց արդիական է, եթե նկատի առնենք, որ այդ բնակֆոնդի մոտ 80 տոկոսը սպառել է ծառայության ժամկետը։ Եվ դրա նորացումը, բացի ամենայնից, պարզապես անհրաժեշտ է, համենայն դեպս՝ շահագործման անվտանգության տեսանկյունից։

Սակայն պետք է խոստովանել. դժվար է առանց թերահավատության նայել Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի նկարագրած հեռանկարային պատկերին։ Նախևառաջ այն պատճառով, որ բնագավառի զարգացմանը խանգարող գործոններն անհամեմատ ավելի շատ են, քան խթանիչները։ Ասենք, իրենց էությամբ էլ խոչընդոտները շատ ավելի լուրջ են, քան օրենսդրական ու նորմատիվ այն ազդակները, որոնց շնորհիվ ծրագրվում է ապահովել բումը։

В Армении в ближайшие годы ожидается строительный бум

Նույնիսկ ոչ թե բում, այլ ոլորտում թեթև աշխուժացում էլ, թերևս, դժվար է ակնկալել ներդրումային այն կլիմայի պայմաններում, որ այսօր հաստատվել է երկրում։ Այն մասին, որ այդ կլիման, մեղմ ասած, անբարենպաստ է, վկայում են օտարերկրյա ներդրումների կրճատման ոճական ցուցանիշները։ Իսկ այն մասին, որ ներդրողական մթնոլորտը կվատթարանա, վկայում են, մասնավորապես, դատաիրավական ոլորտում ծավալված գործընթացները։ Ակներև է, որ գործող իշխանության կողմից դատական համակարգի բարեփոխում անվանվող նախաձեռնությունը չի կարող հրապուրիչ գործոն լինել ներդրողների համար։ Ավելի շուտ կարող է խրտնեցնել։ Համենայն դեպս՝ տեսանելի հեռանկարում, համենայն դեպս՝ դրա նպատակների բացարձակ անորոշության ու կասկածելիության պարագայում։ Այդ խորապատկերին շինարարական բումը ոչ ավելին է, քան պատրանք։ Ո՞վ է ներդրումներ անելու շինարարական ոլորտում։ Նույնիսկ տեղի կապիտալն է արտահոսում երկրիցԷլ ուր մնաց օտարերկրյան։

Հաջորդ հանգամանքը, որ ամրապնդում է թերահավատությունը շինարարական ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ, թերևս, հարկային քաղաքականությունն է։ Ինչպես հայտնի է, իշխանությունը որոշել է բավականաչափ բարձրացնել անշարժ գույքի հարկը, ինչով, ըստ էության, միանգամայն շոշափելի հարված կհասցնի անշարժ գույքի շուկայում առկա պահանջարկին։ Շինարարության, առավելևս բնակարանայինի ի՞նչ նոր խթանիչի մասին կարելի է խոսել առհասարակ անշարժ գույքի պահանջարկի հավանական նվազման խորապատկերին։

Ի լրումն դրա, վիճակագրությունը դաժան տվյալներ է ներկայացնում այն մասին, որ աճում է բնակչության արտագաղթը երկրից։ Եվ այդտեղ ի հայտ է գալիս հաջորդ հարցը. ո՞ւմ համար կառուցել նոր տներ, եթե մարդիկ հեռանում են, իսկ մեծ հայրենադարձությունը, որ խոստացել էր ապահովել հեղափոխական իշխանությունը, ոչ մի կերպ չի մեկնարկում։

Հայաստանում շինարարական բումի մասին երազանքի իրականացումն արգելակող համանման խոչընդոտներ կարելի է նշել մեծ քանակությամբ։ Բայց այս մի քանիսն էլ բավական են, որպեսզի կասկածի տակ առնենք հնչեցված մտադրության իրագործելիությունը։ Այո, շատ բան կարելի է խոստանալ, անրջել էլ կարելի է շատ բանի մասին։ Բայց դա դեռ չի նշանակում, թե հույսերը կարդարանան, իսկ երազանքները կիրականանան...

 

Основная тема:
Теги: