ՈՒՏԵԼ, ԹԵ՞ ՉՈՒՏԵԼ

Ունենալով բարձր մակարդակի գիտական կենտրոն, Հայաստանը չի օգտագործում դրա հնարավորությունները

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնին կից գործող Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը այսօր միակ կառույցն է Հայաստանում, որը կարող է միանգամայն հավաստի և գիտական հիմքի վրա գնահատել արտահանվող և երկրի բնակչության կողմից օգտագործվող սննդային արտադրանքը։

Ստեղծված լինելով համեմատաբար ոչ շատ վաղուց՝ 2012 թվականին, կենտրոնը, որը ղեկավարում է Իտալիայում նախապատրաստում անցած սննդային գիտությունների դոկտոր Դավիթ ՊԻՊՈՅԱՆԸ, արդեն հասցրել է կարգավորել լայն միջազգային կապեր, բազմաթիվ հոդվածներ հրապարակել արտասահմանյան հեղինակավոր գիտական ամսագրերում, կենտրոնի լաբորատորիաները ստացել են վկայականներ, իսկ երիտասարդ աշխատակիցները մշտապես նախապատրաստում են անցնում արտասահմանյան գիտական կենտրոններում։

Բայց եթե արտասահմանում ահռելի միջոցներ են ծախսվում նման կենտրոնների ստեղծման վրա և նրանց կազմակերպչական աջակցություն են ցուցաբերում կառավարությունները, որոնք շահագրգռված են բնակչության կողմից օգտագործվող սննդամթերքի անվտանգությունն ապահովելու հարցում, ապա Սննդի շղթայի ռիսկերի գնահատման հայկական կենտրոնը կազմավորվել ու հեղինակություն է ձեռք բերել ինքնուրույն, չծանրաբեռնելով կառավարությանը ո՛չ ծախսերով, ո՛չ կազմակերպչական մասնակցությամբ։ Կենտրոնի զարգացումն ու ապահովումը սարքավորմամբ իրականացվում է եվրոպական գրանտներով, ընդ որում կարևոր է նշել, որ այդ գրանտները ստացվել են ոչ թե որպես օգնություն, այլ կոշտ մրցակցության պայմաններում, այդ թվում նաև «Երասմուսծրագրի գրանտը։ Բայց ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նման կենտրոնի ստեղծումը, որը փաստորեն նվեր է երկրին, մնում է բնավ ոչ միայն չգնահատված. դրա հնարավորությունները պահանջված չեն։

Севанская форель

Ասենք, զարմանալի էլ չէ, քանզի Հայաստանն առայժմ այդպես էլ ընդգրկված չէ աշխարհի այն 130 երկրների թվում, որոնք ունեն հստակ պետական քաղաքականություն սննդամթերքի անվտանգության ոլորտում և գործնականում օգտվում են դրա վերաբերյալ առկա օրենսդրությունից։ Ընդ որում ողջ քաղաքակիրթ աշխարհում այդ օրենսդրությունը հիմնված է ռիսկի գիտական վերլուծության սկզբունքի վրա, ինչը ծայրաստիճան կարևոր է, քանի որ երբ որոշումներն ընդունվում են առանց գիտական հիմնավորումների, սխալները և բացասական հետևանքներն անխուսափելի են։ Իսկ չէ՞ որ խոսքն ազգի առողջությանն է վերաբերում։ Այսօր տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ օնկոլոգիական, առաջացման կարևորագույն գործոններից մեկը սննդամթերքի անբավարար որակն է։

Այն մասին, որ ագրարային արտադրության ոլորտում պարարտանյութերի և բույսերի պաշտպանության միջոցների օգտագործումն իրականացվում է գործնականում անվերահսկելիորեն, վաղուց է խոսվում, սակայն իրավիճակի կարգավորման իրական միջոցներ չեն ձեռնարկվում։ Քիչ չեն նաև արհեստական ջրամբարներում աճեցվող ձկան որակի հետ կապված մտավախությունները։ Խնդիրն այն է, որ այդ ձուկը ստանում է արհեստական կերեր, որոնց բաղադրության մեջ շատ են հավելիչները, այդ թվում հորմոնային նյութեր և հակաբիոտիկներ։ Սակայն սննդամթերքի բաղադրության մեջ պարունակվող այս կամ այն նյութերի բացասական ներգործությունը մարդկային օրգանիզմի վրա կախված է ոչ այնքան դրանց առկայությունից, որքան տվյալ սննդամթերքի օգտագործվող քանակից։

Այդ պատճառով էլ Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը զբաղվում է ոչ միայն սննդամթերքի ստուգմամբ, այլև բնակչության սննդակարգի հետազոտությամբ։ Այսպես, օրինակ, արհեստական ջրամբարներում աճեցված ձուկը բավական հազվադեպ է հայտնվում հայերի մեծամասնության սեղանին։ Ինչպես ասում է Դավիթ Պիպոյանը, դա ավելի շուտ «բանկետային ուտելիք» է, որը մատուցվում է հիմնականում ռեստորաններում կամ տանը՝ հատուկ հանդիսությունների ժամանակ։ Այդ պատճառով էլ թանկարժեք թառափի օգտագործումը տարեկան 5, առավելագույնը 10 անգամ, չի կարող համարվել վտանգավոր։ Ինչ վերաբերում է բնական պայմաններում բազմացող և մատչելի գին ունեցող սիգին, ապա չնայած Սևանի էկոլոգիական խնդիրներին, այդ ձուկը դեռևս մնում է առողջ սնունդ։ Իսկ ինչ վերաբերում է համացանցում տարածվող տեղեկատվությանը Սևանա լճում մուտանտ ձկների հայտնվելու մասին, ապա, ինչպես հավաստիացնում է Դավիթ Պիպոյանը, դա հաստատում չի ստացել և ավելի շուտ բլոգերների փորձ է՝ վախեցնելու բնակչությանը։

Շատ ավելի մեծ խնդիրներ կան կապված բանջարեղենի հետ, հատկապես ամառային շրջանում։ Քանի որ Հայաստանում բանջարեղենի գները տարբեր են տարվա տարբեր եղանակներին և բնակչության համար առավելագույնս մատչելի են դառնում միայն ամռանը, ապա հենց այդ շրջանում է ամենից շատ միրգ ու բանջարեղեն սպառվում։ Այդ պատճառով էլ դրանց վերահսկողությունը առանձնակի ուշադրություն է պահանջում։

-Մեզանում շատ են գյուղմթերք արտադրողները, բայց եթե խոշոր, հատկապես արտահանման ուղղությամբ աշխատող արտադրողների մթերքի որակը վերահսկելը բավական հեշտ է, ապա մանր տնտեսությունները, որոնց արտադրանքն օգտագործում են մեր հայրենակիցները, մնում են գործնականում անվերահսկելի, ինչը սպառնում է լուրջ վտանգով,- ասում է Դավիթ Պիպոյանը։- Թե ինչպես են նրանք կիրառում պարարտանյութերն ու բույսերի պաշտպանության միջոցները, ինչ նյութեր են օգտագործում, պետությունը չգիտի, և ավելին, չի ցանկանում իմանալ։ Իսկ լուծել այդ խնդիրն առանց պետական աջակցության՝ գործնականում անհնար է։ Հայաստանը սննդամթերքի վերաբերյալ չունի հստակ քաղաքականություն, ռազմավարական ծրագիր, չկա մանր տնտեսությունների և ձեռնարկությունների հսկողությունը նախորոշող փաստաթուղթ։ Պետությունը խուսափում է մեր քաղաքացիների օգտագործած սննդամթերքի որակի համար պատասխանատվությունից։ 2013 թվականից խոսվում է այն մասին, թե սննդամթերքի մշտական ստուգումները վնասում են բիզնեսին, և ավելի լավ է հանգիստ թողնել արտադրողներին։ Իհարկե, բիզնեսի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծել պետք է, բայց ոչ բնակչության առողջության հաշվին։ 

Продукты питания

-Կա ևս մեկ գործոն, որի մասին արժե մտորել։ Մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը մշտապես աճում է։ Ողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում ակտիվորեն զարգանում է նոր ուղղություն՝ էկոգաստրոնոմիական տուրիզմը, որը կապված է այս կամ այն կերակրատեսակների համար համապատասխան գինիների ընտրության հետ։ Բնական է, որ զբոսաշրջիկներին հետաքրքրում են ոչ միայն հայկական ազգային խոհանոցի առանձնահատկություններն ու այստեղ արտադրվող գինու տեսակների բազմազանությունը, այլև դրանց որակը։ Այս տարվա մայիսին Հայաստանում անցան հիանալի կազմակերպված Գինու օրերը, որոնք հրապուրեցին բազմաթիվ զբոսաշրջիկների։ Հետևաբար, եթե մենք ցանկանում ենք հաջողությամբ զարգացնել այդ նոր ուղղությունը, ապա պետք է մշտապես մտածենք որակի մասին։ Վերջերս Հայաստան էր այցելել ոգելից խմիչքների գծով իտալացի մի նշանավոր փորձագետ, որը նշեց, որ վերջին 10 տարիների ընթացքում հայկական գինիների որակը զգալիորեն բարձրացել է, մինչդեռ գարեջրի որակը, որը նախկինում բարձր էր, ընկել է։ Բայց ամենից արդիական խնդիր է մնում սննդամթերքի անվտանգությունը։ Այդ արտադրանքի մոնիտորինգի ապահովումը կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն է,-ասաց Դավիթ Պիպոյանը։

Եվ ուրեմն, ինչպե՞ս պետք է լուծվի այս խնդիրը։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, և մեր երկիրը պետք է առաջնորդվի տեխնիկական կանոնակարգերով, այդ թվում նաև նրանցով, որոնք վերաբերում են պեստիցիդների օգտագործմանը։ Անհրաժեշտ են պետական հատուկ ծրագրեր, որոնք կապահովեն բարեխիղճ և անվտանգ գյուղատնտեսական արտադրություն։ Բայց նման ծրագրեր, ցավոք, չկան։ Զարգացած երկրներում արտադրողը պարտավոր է վարել օրագիր, որտեղ գրանցվում է այս կամ այն պարարտանյութերի և բույսերի պաշտպանության միջոցների օգտագործումը։ Մեր երկրում նման պրակտիկա գոյություն չունի, ինչն էականորեն դժվարացնում է արտադրանքի ստուգումը։ Բանն այն է, որ սննդամթերքի մեջ բոլոր վնասակար նյութերի առկայության ստուգում իրականացնելը գործնականում անհնար է, ուստիև պետք է ուշադրություն դարձնել հենց այն նյութերին, որոնք օգտագործվել են արտադրողի կողմից, ինչպես նաև հաշվի առնել տվյալ տեղանքի էկոլոգիական յուրահատկությունը, քանի որ այս կամ այն ծանր մետաղների առկայությունը տարբեր տարածաշրջանների հողերում էականորեն տարբեր է։ Եվ թեև 2014 թվականին օրենք ընդունվեց այն մասին, որ ագրարային արտադրության և սննդարդյունաբերության ոլորտին առնչվող բոլոր որոշումները պետք է ընդունվեն գիտական հիմքի վրա, օրենքն այդպես էլ կիրառում չգտավ։ Իսկ Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը լիազորություններ դեռևս չի ստացել ։

-Մենք մշտապես մասնակցում ենք արտասահմանում անցկացվող միջոցառումների՝ կապված սննդամթերքի անվտանգության հետ, մեր կենտրոնը ճանաչում են, մենք ունենք շատ լավ աշխատանքներ, միջազգային լայն կապեր։ Գիտելիքներն ու բարեխիղճ աշխատանքը ապահովել են մեր կենտրոնի միջազգային հեղինակությունը։ 2019 թվականին Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի պատվերով Սննդամթերքի անվտանգության եվրոպական գործակալությունը (EFSA) հրապարակեց գիտականորեն հիմնավորված փաստաթուղթ՝ մոլիբդենի հետ կապված ռիսկերի վերաբերյալ, ընդ որում փաստաթղթի եզրակացությունները հիմնված էին մեր հետազոտությունների վրա։ Արտասահմանցի գործընկերների մոտ բառացիորեն շոկ է առաջացնում այն, որ ունենալով նման մակարդակի գիտական կենտրոն, Հայաստանը չի օգտագործում նրա հնարավորությունները սննդամթերքի անվտանգությունն ապահովելու համար,-ասաց Դավիթ Պիպոյանը։

 

Основная тема:
Теги: