Քոչարյանի պաշտպանները դիմել են դատավորներին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։

Պաշտպաններն Արմեն Դանիելյանից պահանջում են առաջին ատյանի դատարանին վերադարձնել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի նյութերը, իսկ Դավիթ Գրիգորյանից պահանջում են՝ Վերաքննիչ ատյանից հետ պահանջել քրեական գործի նյութերը և քննություն իրականցնել՝ անկախ նյութերը ստանալուց, քանի որ գործի նյութերը պաշտպաններն արդեն իսկ էլեկտրոնային կրիչով տրամադրել են դատարանին։

Խուդոյանը նշեց, որ իրենք դիմումը Դավիթ Գրիգորյանին էին ներկայացրել նախքան նրա՝ արձակուրդ մեկնելը, սակայն մինչ այժմ դրա վերաբերյալ արձագանք չեն ստացել։

Բանն այն է, որ Վերաքննիչ քրեական դատարանի՝ հունիսի 25-ի որոշումից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նիստի օր չի նշանակվել։ Ավելի ուշ պարզ դարձավ նաև, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը, ում նախագահությամբ պետք է վերսկսվի գործի քննությունը, արձակուրդում է։ Այս ընթացքում Քոչարյանի պաշտպանները մի քանի անգամ խնդրել են Դավիթ Գրիգորյանին հրատապ նիստ նշանակել, սակայն արձագանք չեն ստացել։