ԱՆՑՅԱԼԻ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄՆԵՐ՝ ՆԵՐԿԱՅԻՑ ԿՏՐՎԱԾ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի միջոցառման ժամանակ, պատմեց, թե ինչպես կարելի է լուծել Հայաստանի ժողովրդագրական խնդիրները, հաղորդում է Sputnik։

Նա ասաց, որ Հայաստանում մշտապես խոսում են ժողովրդագրական խնդիրների մասին, նույնիսկ հրավիրում փորձագետների և լսում խնդիրների լուծման նրանց տարբերակները։ Վարչապետի խոսքերով, լուծումը պետք է փնտրել ոչ այլուր, քան երկրի պատմության մեջ։ Օրինակ, ժողովրդագրական բում արձանագրվել է Խորհրդային Միության օրոք Հայաստանի արդյունաբերական զարգացման ժամանակ։ Համապատասխանաբար, վարչապետն առաջարկում է շեշտը դնել արդյունաբերական զարգացման վրա։

Այդ համատեքստում վարչապետն ընդգծեց, որ երկրի կառավարությունը մտադիր է ագրարային երկրից Հայաստանը վերածել արդյունաբերականի։ Դրա համար նա անհրաժեշտ է համարում ոչ միայն զարգացնել ծառայությունների, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների և այլ ոլորտները, այլև նախապատրաստել նոր սերնդին հզոր արդյունաբերական երկրում ապրելուն ու աշխատելուն։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. իհարկե, հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը, հայտնի լինելով անցյալում եղած դրականի ժխտմամբ, որոշեց հիշատակել խորհրդային դարաշրջանը, ինչպես ասում են, բարի խոսքով։ Այստեղ նույնիսկ կարելի է օբյեկտիվության տարր նկատել, քանզի իսկապես հենց խորհրդային շրջանում էր Հայաստանը գտնվում տնտեսական զարգացման բարձրակետում և հենց արդյունաբերության զարգացման շնորհիվ։ Բայց այդուհանդերձ Հայաստանի տնտեսական ապագան ներկայացնելը՝ վկայակոչելով խորհրդային անցյալը, յուրօրինակ գիտական ֆանտաստիկա է թվում։ Համենայն դեպս նման մոտեցումներում կարելի է դիտարկել բացարձակ կտրվածություն իրականությունից։ Եվ բնավ ոչ այն պատճառով, որ քչերի երևակայությունը կբավականացնի, որպեսզի պատկերացնեն Խորհրդային Միության և տնտեսապես զարգացած խորհրդային Հայաստանի վերածնունդը մեր օրերում։ Եվ ոչ էլ այն պատճառով, որ հանրապետության տնտեսական հաջողություններն այն ժամանակ անմիջականորեն կախված էին պլանային տնտեսության սկզբունքից և ԽՍՀՄ արդյունաբերական համալիրում գերինտեգրվածությունից, բոլոր հանրապետությունների արդյունաբերական ձեռնարկությունների կոոպերացումից, որ կարգավորվում էր Մոսկվայից։ Այդ ամենն անդառնալիորեն մնացել է անցյալում, և դժվար թե այսօր կոռեկտ ու տեղին է հիշեցնել անդարձ կորստի մասին։ Ինչի՞ համար են պատմական էքսկուրսները դեպի խորհրդային տնտեսական անցյալ։ Կարոտա՞խտ է Միության նկատմամբ։ Թեպետ, հարցը դա չէ։

Հարցը նույնիսկ այն չէ, որ այսօրվա Հայաստանը չի կարող համարվել ագրարային երկիր, որպեսզի վերածես այն արդյունաբերականի։ Ագրարային երկրում գյուղատնտեսության բաժինը ՀՆԱ-ում չի կարող կազմել մոտ 230%։ Ագրարային երկրում բնակչութան կեսը չի կարող ապրել ու աշխատել մայրաքաղաքում։ Վերջապես, ագրարային երկիրը չի կարող հրաժարվել գյուղատնտեսության առանձին պետական կարգավորումից, նախընտրելով լուծարել համապատասխան նախարարությունը։

Իրականում խնդիրն այն է, որ վարչապետն այսօր արդյունաբերության զարգացման գերակայություն է ազդարարում բացահայտ հետադիմության խորապատկերին։ Այո, վիճակագրությունը կասկածելի բան է, հատկապես հայրենի հետհեղափոխականը։ Այո, այն կարող է տվյալներ ներկայացնել այն մասին, թե արդյունաբերական արտադրանքի ծավալն աճում է։ Բայց թե ուր է անհետանում այդ ծավալը, մնում է հանելուկ։ Վիճակագրությունը վկայում է նաև այն մասին, որ ամսեամիս կրճատվում է արտահանումը։ Ընդ որում խոսքն ամենևին էլ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մասին չէ։ Օրինակ, օրերս պարզվեց, որ ընթացիկ տարվա հունվարից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում ավելի քան 20%-ով կրճատվել է արտահանման ծավալը ԵՄ երկրներ։ Հայտնի է, որ եթե ԵԱՏՄ ուղղությամբ Հայաստանից արտահանվում է հիմնականում գյուղմթերք, ապա եվրոպական երթուղիով առաքվում է առավելապես արդյունաբերական արտադրանք, մասնավորապես՝ լեռնարդյունաբերական։

Եվ ահա այս խորապատկերին վարչապետը լրջորեն խոսում է երկրի արդյունաբերականացման մասին։ Իհարկե, նրա հետ դժվար է չհամաձայնել այն առումով, որ հենց արդյունաբերական մասնահատվածը կարող է տնտեսական շոշափելի աճ ապահովել, փոխարկվելով ժողովրդագրական աճի։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ հենց արդյունաբերական մասնահատվածն ունի աշխատատեղերի ամենատպավորիչ ներուժ։ ԲայցԱյսօր սառեցվում է ձեռնարկությունների աշխատանքն ու փակվում են աշխատատեղերը։ Եվ դա այն դեպքում, երբ արդյունաբերականացման անհրաժեշտության մասին վարչապետը խոսում է դեռ անցած տարվանից։

Իսկ ընդհանրապես, եթե իշխանությունն իսկապես իր առջև դրել է արդյունաբերականացման խնդիրը, ապա պետք է լինի ինչ-որ հստակ ծրագիր, գործողությունների քարտեզ, կառավարության ծրագրում պետք է լինեն հստակ կողմնորոշիչներ։ Այդ ամենը չկա, կա միայն երկիրն արդյունաբերականացնելու վարչապետի ցանկությունը, ընդ որում ցանկությունն այդ, ինչպես պարզվում է, բխում է խորհրդային տնտեսական փառապանծ անցյալի մասին հիշողություններից։ Պրագմատիզմն ու իրատեսությունը դրա մեջ, համաձայնեք, մեղմ ասած՝ քիչ են։

Основная тема:
Теги: