Ալեքսանդր Իսկանդարյան. Իջևանի իրադարձությունները կհանգեցնեն իշխանությունների վարկանիշի նվազմանը
Իջևանի իրադարձությունները իշխանության ինստիտուցիոնալության տրամաբանական հետևանքն են: NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կովկոսի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ միջադեպն, իհարկե, կհանգեցնի իշխանությոթւնների վարկանիշի նվազմանը, սակայն իրադարձությունները պետք է ավելի լայն կոնտեքստում դիտարկել:
«Հետհեղափոխական շրջանում տեղի են ունենում բնորոշ երևույթներ անկախ նրանից, թե որտեղ է տեղի ունեցել հեղափոխությունը: Մասնավորապես դա դրսևորվում է վերնախավի կտրուկ փոփոխությամբ, ընդ որում ոչ թե էվոլյուցիոն, այլ հեղափոխական եղանակով, ինչը հանգեցնում է իշխանության ինստիտուցիոնալության աստիճանի նվազման:
Ռեպրեսիվ միջոցների համար լեգիտիմ մենաշնորհ ունենալու իշխանությունների հնարավորությունները նվազում են: Ինչի արդյունք ում Ոստիկանությունը, այլ պետական ինստիտուտները բնակչության աչքին պակաս լեգիտիմ են դառնում, պարզապես այն պատճառով, որ վերջերս բնակչությունը ողջ երկրի մակարդակով որոշակի քաղաքկան փոփոխություններ էր տեսել:
Հեղափոխությունը վաղ թե ուշ կանգ է առնում և նրան հետևում է իշխանության ինստիտուցիոնալությունն արդեն նոր պայմաններում:
Մենք այդ ամենի դրսևորումը տեսնում ենք կյանքի տարբեր ոլորտներում և կոնկրետ իրադարձությունների օրինակով, այդ թվում նաև Իջևանում», - նշեց նա:
Իսկանդարյանը հավելեց, որ Իջևանի իրադարձությունները պետք է դիտարկել որպես ընդհանուր իրավիճակի արտացոլում, երբ ճանապարհներ փակելը լեգիտիմ է, իսկ բողոքի ցույցեր ցրելը՝ ոչ լեգիտիմ:
«Նման երևույթները կարող են տեղի ունենալ այնքան ժամանակ մինչև որ կավարտվի իշխանության ինստիտուցիոնալությունը», - եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանների միջև հուլիսի 17-ի երեկոյան բախում էր տեղի ունեցել։ Ոստիկանները փորձել էին բացել ճանապարհը, իսկ ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել նրանց։
Իջևանցի վերավաճառողները պահանջում են էժանանացնել անտառի փայտը, ըստ նրանց՝ 1 խորանարդ մետրի համար սահմանված 16 հազար 800 դրամը շատ թանկ է։