Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններ. Առաջատար է Զելենսկու կուսակցությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կուսակցությունը` «Ժողովրդի ծառան», Գերագույն ռադայի ընտրություններում հավաքել է ձայների 42,12 տոկոսը և համարվում է առաջատարը։ Այս մասին հաղորդում է RT–ն` հղում անելով Ուկրաինայի ԿԸՀ–ին։

Երեկ` հուլիսի 21–ին, Ուկրաինայում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դրանց մասնակցել են 24 կուսակցություններ։ Քվեարկության պաշտոնական արդյունքները երկրի ԿԸՀ–ի կողմից պետք է հրապարակվեն մինչև օգոստոսի 5–ը ներառյալ։

Նախնական արդյունքներով` խորհրդարան է անցնում հինգ կուսակցություն. եթե Զելենսկու կուսակցությունն առայժմ զբաղեցնում է առաջին տեղը, ապա երկրորդ տեղում է «Ընդդիմադիր հարթակ` կյանքի համար» կուսակցությունը (12,69 տոկոս), երրորդ տեղում` նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխությունը» (8,70 տոկոս)։

Արտահերթ ընտրություններին մասնակցել են Ուկրաինայի ավելի քան 14,5 միլիոն քաղաքացիներ կամ ընտրողների 49,84 տոկոսը։

Նշենք, որ պատգամավորների կեսը (225 մարդ) ընտրվելու է կուսակցական ցուցակներով, մյուս կեսը` մեծամասնական ընտրությամբ։ Անցումային շեմը կազմում է 5 տոկոս, տեղեկացնում է armeniasputnik.am։