Մինսկում բացվել է «Արմենպրես»-ի և «ԲելՏԱ»-ի լուսանկարների ցուցահանդեսը

Բելառուսում ՀՀ դեսպանության, Բելառուսի ազգային պատմության թանգարանի, «Արմենպրես» և «ԲելՏԱ» լրատվական գործակալությունների նախաձեռնությամբ Մինսկի Ազգային պատմական թանգարանում բացվել է «Սպիտակի ողբերգություն. հիշատակի հետահայաց» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

Ներկայացնելով ցուցահանդեսի խորհուրդը՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշել է. «Սա ոչ միայն հարգանքի տուրք է հիշողությանը, այլ նաև յուրատեսակ երախտիք բոլոր մարդկանց, կազմակերպություններին, պետություններին և ժողովուրդներին, որոնք արհավիրքի այդ ծանր պահին եղել են հայ ժողովրդի կողքին և ուժերի ներածին չափով նպաստ են բերել աղետի գոտու վերականգնմանը։ Մենք ցանկանում ենք այս լուսանկարները ներկայացնել Սպիտակում՝ Բելառուսի կողմից վերականգնված մշակույթի պալատում՝ որպես ապագայի և վերածննդի խորհրդանիշ։ Այս ցուցահանդեսով մենք նաև խոսում ենք ապագայի մասին, որը նույնպես այսօր է գրվում»։

Անանյանը մեծապես կարևորել է նմանօրինակ միջոցառումների իրականացումը և նշել, որ աղետի հետևանքների հաղթահարման գործում նշանակալի դեր են ունեցել լրագրողները, ովքեր բնական արհավիրքի մասին իրականության ներկայացմամբ խթանել են մարդասիրական առաքելության իրականացումը աղետի գոտում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը հիշեցրել է, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ուժեղ երկրաշարժը տևել է ընդամենը 30 վայրկյան, բայց խլել է 25 հազար մարդու կյանք:

«Ավելի քան 30 տարվա ցավ հարազատների, ընկերների և գործընկերների նկատմամբ: 30 վայրկյանը տարեգրության սկիզբ դարձավ, որը տևում է մինչև օրս՝ հանուն ավերված գյուղերի և քաղաքների վերականգնման ու բարգավաճման: Սպիտակի ողբերգությունը նաև մարդասիրության և փոխադարձ օգնության տարեգրություն է: Սարսափելի ողբերգության լուրը աշխարհի հարյուրավոր երկրներից հազարավոր բժիշկներ և փրկարարներ է ուղարկել Հայաստան, ովքեր երկիր են բերել ոչ միայն դեղորայք և սարքավորումներ, այլ նաև ամրապնդել են հավատը և իրենց մասնակցությամբ հույս են ներշնչել: Ամենադժվար օրերին Բելառուսը նույնպես իր օգնության ձեռքն է մեկնել և նպաստել յուրաքանչյուր կյանքի փրկությանը: Եվ այսօր այս ցուցահանդեսը լռությամբ խոսում է լուսանկարներով և փոխանցում է այդ օրերի ողջ մթնոլորտը»,- ասել է Ղևոնդյանը:

Դեսպանը ընդգծել է, որ «Սպիտակի ողբերգություն. հիշատակի հետահայաց» նախագիծը հնարավոր է դարձել կյանքի կոչել «ԲելՏա»-ի և «Արմենպրես»-ի գործընկերային հարաբերությունների շնորհիվ:

«ԲելՏԱ»-ի գործադիր տնօրեն Իրինա Ակուլովիչը Ազգային պատմական թանգարանում ցուցահանդեսի բացման ժամանակ նշել է, որ «Սպիտակի ողբերգություն. հիշատակի հետահայաց» թեմայով լուսանկարների ցուցահանդեսը ցույց է տալիս, որ ցանկացած ողբերգություն կարելի է հաղթահարել միասին:

«Հայաստանում ողբերգությունը հաղթահարել են միասին: Ի վերջո, երբ մենք բոլորս միասին ենք, այդ ժամանակ ամեն ինչ ստացվում է: Նախ և առաջ, մենք ցանկանում էինք այս իմաստը ներդնել ցուցահանդեսում, ոչ միայն հիշել, այլ նաև իմանալ, որ միասնությունը միակ բանն է, որը հնարավոր է այսօրվա աշխարհում»,- ասել է Ակուլովիչը:

Նրա խոսքով՝ լուսանկարիչների, ինչպես լրագրողների դեպքում, աշխատելը շատ դժվար է, քանի որ թեմաները տարբեր են `ուրախ և տխուր,եբ պետք է տեսնել թե վիշտը, թե մահը, և դա շատ բարդ է, հետևաբար «ԲելՏԱ»-ի ներկայացված լուսանկարները հուզիչ են և բարդ: Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Սպիտակի ողբերգություն. հիշատակի հետահայաց» թեմայով ցուցահանդեսում ներկայացված են «ԲելՏԱ» և «Արմենպրես» լրատվական գործակալությունների ֆոտոթղթակիցների 34 լուսանկարները, որոնք կատարվել են ողբերգական օրերին՝ արտացոլելով աղետը, ինչպես նաև ողջ մարդկության, մասնավորապես, բելառուս ժողովրդի արձագանքը հայ ժողովրդի ցավին:

«Սպիտակի ողբերգություն. հիշատակի հետահայաց» ցուցահանդեսը բացառիկ նախագիծ է, որտեղ ներկայացված են մեծ պատմական արժեք ունեցող լուսանկարներ, որոնք հիշեցնում են մի լայնամասշտաբ բնական աղետի և այն հաղթահարելու ամուր կամքի մասին: 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսում գրանցված հզոր երկրաշարժի ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը: Կես միլիոնից ավելի մարդ կորցրել է օթևանը, երկրաշարժի հետևանքով շարքից դուրս է եկել Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40%-ը։ Ամբողջովին ավերվել են Սպիտակ քաղաքն ու 58 գյուղ, մասամբ ավերվել են Լենինական (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայում՝ Վանաձոր) քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայրեր: Ողջ մարդկությունը արձագանքել է հայաստանյան աղետին, Խորհրդային Միության հանրապետություններն ու աշխարհի 113 երկիր, բազմաթիվ միջազգային մարդասիրական կազմակերպություններ ու անհատներ նեցուկ կանգնեցին Հայաստանին: Հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնեցին նաև բելառուսները, ովքեր աղետի առաջին իսկ օրերից մասնակցում էին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին: Բազմաթիվ հայ երեխաներ աղետից հետո հետցնցումային վերականգնում էին անցնում բելառուսական հաստատություններում, բելառուս լրագրողները իրենց հանրությանն ու աշխարհին էին ներկայացնում Հայաստանի մեծ աղետը:

Основная тема:
Теги: