«ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՊԸ» ԳՈՐԾՈՒՄ Է ՄԵՐ ԴԵՄ

2018թ. մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում ընտրվելուն նախորդած իր ճառում Նիկոլ Փաշինյանը երկրի ամենաբարձր ամբիոնից հայտարարեց այն մասին, թե ինքը կտրուկ կրճատելու է բանակում զոհվածների վիճակագրությունը։ Վերջին շաբաթների իրադարձութունները ցույց տվեցին, որ Փաշինյանի այդ խոստումը նույնպես իրականում սուտ գտնվեց։

Վերջին շաբաթներին զինծառայողների մահվան մասին լուրեր ստացվել են կանոնավորապես։ Խոսքը ինչպես բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների զոհերի, այնպես էլ ադրբեջանական դիպուկահարների գնդակներից զոհվածների մասին է։ Ոչ կանոնադրական հարաբերությունների զոհերի վիճակագրությունը վկայում է այն մասին, որ կարգապահության առումով բանակում գործերը շատ ավելի վատ են, քան նախկին իշխանության օրոք, իսկ հայ-ադրբեջանական սահմանի վրա գնդակոծումների քանակն այն փաստի վկայությունն է, որ Բաքվի հետ Փաշինյանի «օպերատիվ կապը» գործում է ընդդեմ հայկական կողմի։

Ակնհայտ է, որ վերելակային դիվանագիտությունը ձախողում է կրում, հակառակորդը շատ ավելի լկտի պահվածք է դրսևորում, քան սովորաբար։ Ասենք, գտնվեցին վերլուծաբաններ, որոնք հայ-ադրբեջանական սահմանի վրա սրացումը վերագրեցին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը։

Բանն այն է, որ այդ պարոնը վերջերս հայտարարեց կառավարության մտադրության մասին՝ կառուցելու 150 կմ երկարությամբ ճանապարհ, որը կկապի Կապանը Հադրութի հետ։ Այդ ճանապարհի վերաբերյալ խոսակցություններ վաղուց կային, բայց Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունն այն մասին, որ որոշումն արդեն ընդունված է, դարձավ պարզ երկնքում ճայթած ամպրոպի պես մի բան։ Ավելին, Գրիգորյանը հայտարարեց, որ ճանապարհը կկառուցեն շատ արագ՝ 2020 թվականի ընթացքում։ Սույնին հաջորդեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արձագանքը։ Այնտեղից հաղորդեցին, որ նախագիծը գոյություն ունի գաղափարի մակարդակով, իսկ այն մասին, որ ամեն ինչ արդեն վճռված է, գլխավոր գերատեսչությունը, ինչպես պարզվեց, տեղյակ չէր։

Փոխարենը ադրբեջանական կողմն օգտագործեց Գրիգորյանի խոսքերը, որպեսզի բողոքի Մինսկի խմբին, որ նման հայտարարությունները մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին։ Որոշ դիտորդներ նշեցին, որ ադրբեջանական կողմը դիպուկահարներին գործի է դրել ռազմավարական կարևորության ճանապարհի շինարարության վերաբերյալ Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունից հետո։

Լավ իմանալով, թե որքան ոգեշունչ է ստում իշխանությունը, կարելի է մեծագույն հավանականությամբ ենթադրել, որ Հադրութի և Կապանի միջև ոչ մի ճանապարհ 2020-ին չեն կառուցելու։ Հարց. ի՞նչ նպատակով Գրիգորյանը հարկ համարեց հանդես գալ նման հայտարարությամբ, որը, հավանաբար, լարվածության աճ սադրեց սահմանի վրա, ինչի արդյունքում հայկական կողմից կան սպանվածներ և վիրավորներ։

Основная тема:
Теги: