ՄԱՅԴԱՆԻ ՓՈՐՁ ԱՐՑԱԽՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը՝ գործող նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, հաջողվեց մեծ տոկունություն դրսևորել և կանխել խոշոր սադրանքը, ինչի կարող էր փոխարկվել «համազգային միասնության հանրահավաքը» Ստեփանակերտում։

Այն, որ օգոստոսի 5-ին հանրահավաք անցկացնելը բացառապես «թավշե հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն էր, կասկածից վեր է։ Այն անսպասելիորեն ձեռնարկվեց դրանից ընդամենը երեք օր առաջ, երբ ծանուցվեց Ղարաբաղի ժողովրդի և Սփյուռքի հետ Հայաստանի վարչապետի «կարևոր խոսակցությունը» Ստեփանակերտի հանրահավաքում։ Նիկոլ Փաշինյանի առանցքային հայտարարություններից մեկը դարձավ խրատաբանությունն այն մասին, որ 2020 թվականին Ղարաբաղում ընտրությունների ճանապարհով պետք է ձևավորվի լեգիտիմ իշխանություն։ Ըստ էության հենց դրա համար էլ այդ ամենը ձեռնարկվել էր, սակայն հանրահավաքի հենց սկզբից ակնհայտ դարձավ. «թավշե հեղափոխության» առաջնորդի ծրագրերը սրբագրվել են ԼՂՀ քաղաքական ղեկավարության գործողություններով, և հերթական անգամ մեկ դերասանի թատրոն սարքել նրան չհաջողվեց։ Ավելին, նրա հետ տեղի ունեցավ ամենասարսափելին. նա չդարձավ գլխավոր գործող անձը։

Հանրահավաքն իր ձեռքը վերցնելու Ղարաբաղի բարձրագույն քաղաքական և հոգևոր ղեկավարության օպերատիվ որոշումը, անշուշտ, բացարձակ ճիշտ գտնվեց ստեղծված իրավիճակում։ Այլապես օգոստոսի 5-ը բոլոր հնարավորություններն ուներ վերածվելու իրավիճակի ապակայունացման գործընթացների կատալիզատորի։ Չէ՞ որ արդեն կան երկու խմբավորումներ, չհաշված «Սասնա ծռերին», որոնք չեն թաքցնում սեփական մտադրությունները՝ ապակայունացնելու իրավիճակը մինչև հաջորդ տարվա գարնանը նշանակված համընդհանուր ընտրություններ։ ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը այնքան կայծակնային կերպով ողջունեց Ստեփանակերտում հանրահավաք անցկացնելու Փաշինյանի նախաձեռնությունը, որ Հայաստանի «հեղափոխական» ղեկավարության հետ իր գործողությունների համաձայնեցվածության տպավորություն թողեց։ Նույնիսկ արտաբերվեց Նիկոլ Փաշինյանի ականջը շոյող այն արտահայտությունը, թե չի կարելի թույլ տալ վերածել Ղարաբաղը «հակահեղափոխության որջի»։ Ահա այդպիսի «հեղափոխական» է հայտնվել. տարիներ շարունակ հանգիստ մաս էր կազմում Ստեփանակերտի «հակահեղափոխական ռեժիմին», իսկ երբ խնդրեցին հեռանալ պաշտոնից, «աչքերը բացվեցին», և հիմա ուզում է, որ «նոր Հայաստանի» կողքին կանգնած լինի «նոր Ղարաբաղը»։ Այդ նրա կողմնակիցներն էին ցուցադրաբար հրճվում հանրահավաքում Նիկոլի ելույթի ժամանակ։

Իսկ ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին ու իր խմբավորմանը, ապա դա ընդհանրապես որոշեց անմիջական սադրանքի դիմել, փորձելով «համազգային միասնության հանրահավաքում» խափանել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ելույթը։ Բանը հասավ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ցուցադրական միջամտությանը, որը դրանից մեկ օր անց լրագրողների հետ զրույցում միանգամայն արդարացիորեն նշեց, որ «Արցախը առանձնահատուկ վայր է, որտեղ պետք է կարգուկանոն տիրի»։ Սակայն նրան մնում է հասկացնել այդ ճշմարտությունը ոչ միայն Բաբայանին (ընդ որում բացարձակ ակնհայտ է, որ վերջինիս ուղեղին այդպես էլ ոչինչ չհասավ), այլև մնացած բոլորին՝ Երևանում կամ Ստեփանակերտում, ովքեր չեն հասկանում 2018 թվականի գարնան Հայաստանի նմուշի զանգվածային անկարգությունների մահաբերությունը Ղարաբաղում։

Ղարաբաղի իշխանությունները, նրա քաղաքական և ռազմական ղեկավարությունը դիմացան հերթական դժվարին փորձությանը։ Նրանք գոնե ժամանակավորապես թույլ չտվեցին իրադարձությունների զարգացման մայդանային սցենար ԼՂՀ-ում, ինչը աղետալի հետևանքներով է սպառնում ողջ հայ ժողովրդին։ Նրանք կարողացան ցույց տալ, որ չարաբաստիկ «դուխովը», երբ քթիդ տակ մինչև ատամները զինված և հարձակման համար հարմար պահի սպասող նենգ հակառակորդ կա, միանգամայն այլ բան է, քան մեկ տարի և երեք ամիս առաջ Հայաստանում տիրող զանգվածային պսիխոզը։

Հանրահավաքն ակնհայտորեն չստացվեց, Փաշինյանն առաջին անգամ թղթից էր կարդում հրապարակում։ Մեծագույն հավանականությամբ կարելի է ենթադրել, որ նա գործարկել է «Բ» ծրագիրը, երբ հասկացել է, որ 2019-ի օգոստոսի Ստեփանակերտը բնավ 2018-ի մայիսի Երևանը չէ։ Ճիշտ է, նրա առջև կանգնած է է՛լ ավելի բարդ խնդիր. հասկանալ վերջապես, որ 2018-ի օգոստոսի Երևանն էլ վաղուց արդեն 2018-ի մայիսի Երևանը չէ։

Արայիկ Հարությունյանը, Սամվել Բաբայանը, «Սասնա ծռերը», իհարկե, Ղարաբաղի ղեկավարությանը թույլ չեն տա թուլանալ։ Սակայն, ինչպես ասում են, չկա չարիք՝ առանց բարիք։ Հենց դա էլ կստիպի օրինական ընտրված իշխանություններին ավելի վստահ պահել ձեռքը զարկերակի վրա, մշտապես պատրաստ լինել կասեցնելու սադրանքներն ու իրավիճակի ապակայունացման փորձերը։ Դա անելու վճռականության մասին դեռևս հանրահավաքից առաջ հայտարարել է անձամբ Բակո Սահակյանը Ոստիկանության կոլեգիայի նիստում, ինչպես նաև Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայությունը։

Իսկ ի՞նչ է անհրաժեշտ, որ անի Հայաստանի ղեկավարությունը։ Համոզված եմ, որ պետք է վերջապես սկսի օրական կես ժամ հատկացնել Ադրբեջանական կենտրոնական հեռուստաալիքների լուրերի թողարկումները դիտելուն։ Բարեբախտաբար, Aztv պետական հեռուստաալիքի «Խեբերլար» հաղորդման թողարկումները հեռարձակվում են նաև ռուսերեն ու անգլերեն լեզուներով։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բռնազավթված Խանքենդի ադրբեջանական քաղաքում հանրահավաք անցկացրեց անջատողական ռեժիմի հանցավոր գործողությունների դեմ»։

Այս արտահայտությունը օգոստոսի 6-ին ամբողջ օրը պտտում էր Ադրբեջանի նախագահի վարչակազմին անմիջականորեն ենթարկվող հեռուստաալիքը։ Գուցե արժե՞ մի կողմ դնել Ղարաբաղի ղեկավարությունից սեփական նեղացածությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի և ոչ միայն այդ հարցում դիրքորոշման համար։ Գուցե արժե՞ հանգիստ թողնել ներքաղաքական գործընթացները Ղարաբաղում և թույլ տալ օրինականորեն ընտրված ներկայիս ղեկավարությանը 2020 թվականի գարնանը հերթական ժողովրդավարական ընտրություններն անցկացնելու ճանապարհով ապահովել իշխանության փոխանցումը Սահմանադրության շրջանակներում։ Չէ՞ որ մեր հարևան լինելն Ադրբեջանի հետ կարծես թե չի կարող չեղարկել նույնիսկ Նիկոլ Փաշինյանի «կախարդական փայտիկը»։

Հ.Գ. - Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը օգոստոսի 6-ին առաջին անգամ ուղիղ եթերով չհեռարձակեց հերթական Համահայկական խաղերի բացման արարողությունը։ Դա առաջին անգամ անցկացվեց Ստեփանակերտում…

Теги: