Նախարար․ Ուրուգվայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին

Ուրուգվայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Երևանում մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան:

«Մեր երկիրն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացին, որն իրականացվում է ՄԱԿ-ի սկզբունքների վրա հիմնված լուծման հասնելու նպատակով: Խաղաղ լուծմանն այլընտրանք չկա», - շեշտեց նախարարը: Հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Ուրուգվայի վրա Ղարաբաղի հետ համագործակցության հարցերում, նախարարը նշեց, որ իր երկրում այդպիսի ճնշում չեն զգում: Միաժամանակ նա ընդգծեց, որ աշխարհում ոչ ոք չէր համարձակվի փորձել ճնշում գործադրել Ուրուգվայի վրա ՝ հաշվի առնելով նրա ձեռքբերումները ժողովրդավարական պետություն կառուցման հարցերում:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է բանակցային գործընթացի մասին և ներկայացրել հայական կողմի մոտեցումները:

Նախարարը շեշտեց, որ Ղարաբաղի բնակչության անվտանգությունը եղել և մնում է առաջնային, և դրանից բխող կարգավիճակի հարցը նույնպես գերակա է: Միևնույն ժամանակ, նա նշեց բանակցությունների առաջխաղացման համար մթնոլորտի ստեղծման կարևորությունը: «Ես բացատրեցի նաև խաղաղ կարգավորմանն այլընտրանք չունեցող մեր մոտեցումը», - նշեց Մնացականյանը, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: