ՁԵԶ ԽԱԲԵԼ ԵՆ, ՊՐՆ. ՎԱՐՉԱՊԵՏ

Հայաստանի խոշորագույն 1000 հարկատուները 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետբյուջե են վճարել ավելի քան 511 մլրդ դրամ, ինչը 14,4%-ով կամ 64,4 մլրդ դրամով ավելի է, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածում։ Այդ մասին են վկայում 2019թ. հունվար-հունիսի արդյունքներով Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

Առաջին տեղը խոշորագույն 1000 հարկատուների ցուցակում 2019-ի առաջին կիսամյակի արդյունքներով պահպանել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը հաշվետու ժամանակահատվածում բյուջե է վճարել 29,5 մլրդ դրամ։

Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որը հաշվետու շրջանում պետբյուջե է փոխանցել 28,3 մլրդ դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ ավելի քան 22,8 մլրդ դրամով։ Այնուհետ խոշորագույն հարկատուների ցանկում հաջորդում է «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակը», որը պետբյուջե է վճարել մոտ 9,8 մլրդ դրամ, իսկ առաջատարների հնգյակը եզրափակում է GeoProMining Gold ընկերությունը՝ 9,1 մլրդ դրամով։ Խոշորագույն հարկատուների առաջին տասնյակում են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (7,8 մլրդ դրամ), «Ֆլեշ»-ը (7,6 մլրդ դրամ), «Ակվիլոն Թրեյդը» (6,6 մլրդ դրամ), Philip Morris Armenia-ն (5,18 մլրդ դրամ) և «Արմենիա» միջազգային օդանավակայանները (5,16 մլրդ դրամ)։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ամեն անգամ, երբ հրապարակվում է այս ցուցակը, հիմնական ուշադրությունը գրավում է այն, թե որքանով է փոխվել առաջին տասնյակի կազմը, ով է բարելավել իր դիրքերը, ով՝ վատթարացրել, և կան արդյոք ցանկում նորեկներ։ Բնականաբար, զուգահեռներ են անցկացվում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ։ Չշեղվենք այդ, պատկերավոր ասած, ավանդույթից և համեմատենք ներկայիս վերին տասնյակը նախորդ տարվա ցանկի հետ։ Ահա ուրեմն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» ինչպես հիմա, այնպես էլ անցած տարի գլխավորել է տասնյակը, 2019-ին վճարելով մոտ 5 միլիարդով ավելի հարկ, քան նախորդ տարի։ Երկրորդ տեղն այս տարի բաժին է ընկել «Գրանդ Տոբակո»-ին, մինչդեռ անցած տարվա ցուցակում ընկերությունը զբաղեցնում էր երրորդ հորիզոնականը, իսկ երկրորդը «Գազպրոմ Արմենիա»-ն էր։ Ըստ էության, այսօր այդ ընկերությունները տեղերով փոխվել են։ Ճիշտ է, այստեղ հետաքրքիր է մեկ այլ բան. անցած տարվա ցուցանիշի համեմատ «Գրանդ Տոբակոն» ավելացրել է հարկային վճարումների ծավալը գրեթե 60%-ով (անցած տարի վճարվել է 16,7 մլրդ հարկ)։ Այդ բնութագրիչով «Գրանդ Տոբակո»-ն մրցակցությունից վեր է, տասնյակից ոչ մեկը նույնիսկ չի մոտեցել աճի 60-տոկոսանոց նիշին։ Ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիա»-ին, ապա այստեղ աճը մեծ չէ. ընդամենը 2 մլրդ։

Տասնյակում ընդգրկված մյուս ընկերությունների վերաբերյալ նշենք հետևյալը։ Նախ, որքան էլ տարօրինակ է, բայց դրա մեջ չի հայտնվել «Ալեքս Հոլդինգը», որն անցած տարի (առաջին կիսամյակում) վճարել է 7,6 մլրդ դրամի հարկ և ցուցակում զբաղեցրել 7-րդ տեղը։ Երկրորդ, այս տարի ցուցակում նորեկ է հայտնվել՝ «Ակվիլոն Թրեյդը». ընկերություն, որը զբաղվում է մանրածախ առևտրով։ Բացի այդ, նշենք, որ եթե մեկ տարի առաջ առաջին տասնյակում չկար «Ֆլեշ» ընկերությունը, ապա այս տարի այն զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ Եթե անցած տարի 5-րդ տեղում CPS OIL CORPORATION-ն էր, ապա այս տարի ընկերությունն ընդհանրապես չկա վերին տասնյակում։

Ինչևէ, ներկայիս ցուցակի առավել ցայտուն գծերից մեկը, թերևս «Գրանդ Տոբակո»-ի հարկային վճարումների ռեկորդային աճն է։

Ասենք, խոշորագույն հարկատուների վերաբերյալ տեղեկատվությունը բովանդակում է նաև այլ բնութագրիչ, որին այսօր առանձնակի ուշադրություն է սևեռված։ Ավելին, դրան սևեռվեց կառավարության ղեկավարի ուշադրությունը, որը որոշեց Ֆեյսբուքի միջոցով հաղորդել ուրախալի լուրը հասարակայնությանը։ Խոսքը հարկային մուտքերի ընդհանուր աճի մասին է, ինչը մատուցվում է որպես գործող կառավարության պարծանքի առարկա։

Առաջին հայացքից, իսկապես, պարծենալու բան կա. հարկային մուտքերի 14-տոկոսանոց աճը ձեր համար «սուտի-մուտի» բան չէ։ ԲայցԲանն այն է, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է ավելի տպավորիչ աճ. 18%։ Չգիտեմ, արժե արդյոք ներկայիս 14-տոկոսանոց աճը համարել գերբնական և առանձնակի ոգևորիչ ինչ-որ բան, նշեմ լոկ այն, որ երկրում տարեցտարի արձանագրվում է խոշորագույն հարկատուներից ստացվող հարկային մուտքերի աճ։

Օրինակ, գրեթե 7% աճ է գրանցվել 2016-ի առաջին կիսամյակում, գրեթե 10%՝ 2017-ի առաջին կիսամյակում։ Մի խոսքով, դա կայուն գործընթաց է, որը, ըստ էության, առանձնակի փոփոխությունների չի ենթարկվել այն բանից հետո, երբ իշխանությունը նախկինների ձեռքից անցել է ներկայիս կառավարողների ձեռքը։ Եվ այստեղ արժե առանձնակի ուշադրություն դարձնել աճի այդ կայունությանը։ Ընդհանուր առմամբ դա նորմալ է լավ թե վատ զարգացող երկրի համար։

Բայց դա ֆանտաստիկա է այն երկրի համար, որն ապրում է կառավարման համակարգի ինստիտուտային կաթվածահարության պայմաններում (ըստ վարչապետի վարկածի՝ հիմնված գաղտնի փաստաթղթի վրա)։ Չի կարող անգործունակ, կաթվածահար համակարգը ապահովել դինամիկ զարգացում և բյուջեի հարկային մուտքերի մշտական աճ։ Ավելին, չի կարող կաթվածահար համարվել այն համակարգը, որի օրոք նույնիսկ թավշե իրադարձությունները, քաղաքական համաղետները չեն խաթարում, մասնավորապես, հարկային մուտքերի աճի առկա միտումները։ Վերջապես, չի կարող կառավարման համակարգն այն աստիճան փլուզված լինել, որ դրա զարգացման իներցիան բավականացնի հետհեղափոխական առնվազն մեկուկես տարվա։

«Ձեզ խաբել են, սա մեքսիկական ճագարամուկ չէ, սա շատ ավելի լավ մորթի է՝ շանհայական հովազի»։ Էլլոչկա Լյուդոեդկայի հետ Օստապ Բենդերի երկխոսությունը մտաբերեցինք ինստիտուտային կաթվածահարության մասին գաղտնի փաստաթղթի համատեքստում։ Ահա ուրեմն, ձեզ խաբել են, պարոն վարչապետ, ձեզ շատ ավելի լավ ժառանգություն են թողել։ Դրա ապացույցները մեծաթիվ են։ Իսկ հարկային միտումները դրանցից մեկն են։ Միայն թե մեկ բան է անհանգստացնում. որ գործող իշխանությունը չվերածի «շանհայական հովազը» «մեքսիկական ճագարամկան» կամ է՛լ ավելի վատթարի

Основная тема:
Теги: