ՌԴ-ի հետ Հայաստանին և Վրաստանին կապող միակ ճանապարհով տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի

Վրացա-ռուսական սահման տանող ճանապարհին կմտցվեն ցերեկային ժամերին տրանսպորտի երթևեկության սահմանափակումներ, հայտնում է «Sputnik-Грузия»-ն՝ վկայակոչելով Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրությունը:

Սահմանափակումները մտցվում են, մասնավորապես, Թերեք գետի վրա կամրջի վերանորոգման պատճառով, որը Մցխեթի-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղուց 125 կմ հեռավորությամբ է գտնվում:

«2019 թվականի օգոստոսի 19-22-ին նշված հատվածում ամեն օր 12:00-ից մինչև 16:00 արգելվում է կցմամբ կամ կիսակցմամբ տրանսպորտի երթևեկությունը, իսկ տրանսպորտի մնացյալ տեսակների համար երթևեկությունն ազատ է: Օրվա մնացած ժամերին ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշված ռեժիմով երթևեկության համակարգումն իրականացնելու է պարեկային ոստիկանությունը:

Գոյություն ունեցող 35-կիլոմետրանոց Ռազմավիրական ճանապարհը, որից ամեն օր օգտվում է 3,5 հազար ավտոմեքենա, Վրաստանի ամենավտանգավոր ճանապարհներից մեկն է: Տարվա մեջ 40 օրից ավելի, մեծ մասամբ ձմեռվա սեզոնին, այն փակում են, ինչը Ռուսաստանից Վրաստան ճանապարհորդող մարդկանց, ինչպես նաև բեռնափոխադրողների համար մեծ խնդիրներ է ստեղծում:

Այս պահին սա միակ գործող ավտոճանապարհն է, որը Հայաստանին և Վրաստանին կապում է Ռուսաստանի հետ, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: