Արտակ Դավթյանն այցելել է հյուսիսարևելյան զորամասեր

Օգոստոսի 17-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերում: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի խնդիրները։ Զեկուցվել է նաև մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Այցի ընթացքում ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից ստուգվել է ստորաբաժանումների անձնակազմի նոր դաշտային հանդերձանքը, որն առավել արդյունավետ կդարձնի զինծառայողների գործողությունները մարտական խնդիրներ կատարելիս:

Ստուգվել են նաև նոր կառուցված պահեստներում պահեստավորված զենքերն ու զինամթերքը:

Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին:

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիային հաջողվել է պարզել, որ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի մոտակայքում ՀՀ ԶՈւ–ն բարելավել է դիրքերը։

Հայկական զինուժն ամրացրել է նոր հենակետ, որից անհրաժեշտության դեպքում կարող է սաստել ադրբեջանական կողմի ոտնձգությունները, որոնք այս տարածքում բավական հաճախ էին գրանցվում։

Ի դեպ, հենց այդ մասում է գտնվում Խորանաշատի վանքը, որը տարիներ շարունակ փակ էր գյուղացիների համար։

Основная тема:
Теги: