Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը

Երկիր մոլորակի վրա ՀՀ-ը պիտի գոյի հավիտյան՝ բարձր ծածանելով մեր ոգին ու հպարտությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով։

29 տարի է անցել այն օրից, երբ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: Դա հայ ժողովրդի միասնական և հավաքական կամքի դրսևորումն էր, որով ազդարարվեց հայոց պետականության սկիզբը։

Ինքնիշխանության հաստատման այդ տարիների ամեն օրը մեզ համար եղել է հանրային համակեցության դժվարությունների, ներքին ու արտաքին մարտահրավերների, հայտնի ու թաքուն փորձությունների անընդհատ շղթա, որը կարողացել ենք հաղթահարել դարձյալ միասնական կամքով ու նվիրումով:

Ղարաբաղյան գոյամարտը, 2016 թվականի ապրիլյան պատերազմը, 2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձությունները ցույց տվեցին, որ հայ ժողովուրդն անհաղթահարելի և անհնարին թվացող խնդիրները կարող է լուծել՝ ապավինելով բացառապես սեփական ներուժին, հավաքական կամքին ու զարգանալու անխախտ հավատին։

Վստահ եմ, որ հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության, ինքնիշխանության ու իրավունքի կորուստ: Երկիր մոլորակի վրա Հայաստանի Հանրապետությունը պիտի գոյի հավիտյան՝ բարձր ծածանելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը խորհրդանշող եռագույնը:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»։

Panorama.am