Նազելի ՎԱՐԴԱՆՅԱՆ. ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ ՈՍԿԻՆ ԱՎԵԼԻՆ ՉԷ, ՔԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՊՈՉԱՄԲԱՐՈՒՄ

Ամուլսարի հանքավայրի խնդիրը տարբեր ասպեկտներ ունի ՝ իրավական, բնապահպանական, տնտեսական: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավաբան Նազելի Վարդանյանը:

Փորձագետը ներկայացրեց խնդրի վերաբերյալ իր տեսակետը.

Սկսենք նրանից, որ Lydian Armenia ՓԲԸ-ն Հայաստանում գրանցված է որպես ռեզիդենտ կազմակերպություն, այսինքն սա հայկական կազմակերպություն է:

Ընկերության և Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության միջև ընդերքների օգտագործման մասին կնքված պայմանագրի համաձայն՝ բոլոր վեճերը քննվում են Հայաստանի դատարաններում: Այն դեպքում, եթե բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է օտարերկրյա պետությանը, ապա միաժամանակ նրանց ներդրումները պաշտպանվում են Ներդրումների մասին պայամնագրով՝ կնքված ՀՀ և այն երկրի միջև, որի ռեզինդենտը տվյալ ընկերությունն է:

Տվյալ դեպքում Lydian Armenia-ի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում են «Lydian resources Armenia» ընկերությանը, որը գրանցված է Վիրջինիա կղզում (Բրիտանիա)՝ օֆշորային գոտում:

Հայաստանը պայմանագիր ունի Բրիտանիայի, Կանադայի և այլ երկրների հետ, սակայն օֆշորային գոտու ընկերությունների վրա Բրիտանիայի իրավասությունը չի տարածվում:

Դրա համար այդ ընկերության հայցը չի կարող քննվել Միջազգային արբիտրաժում: Միջազգային արբիտրաժ դիմելու հնարավորությոուն ստանալու համար ընկերությունը 2018-ի օգոստոսին՝ այսինքն Ջերմուկ քաղաքի բնակիչների կողմից հանք տանող ճանապարհը փակելուց 2 ամիս անց, գրանցել է երկու դուստր ընկերություններ Լոնդոնում և Տորոնտոյում:

Այս նորից ստեղծված ընկերությունները այս տարվա մարտի 11-ին դիմում են ներկայացրել Հայաստանի կառավարություն՝ հետո արբիտրաժ դիմելու համար: Այս ընթացակարգը նախատեսված է ներդրումների մասին պայմանագրերով:

Եթե հարցը խաղաղ ճանապարհով չի լուծվում, որոշակի ժամկետում կարող են դիմել արբիտրաժ: Բրիտանիայի հետ պայմանագրով նախատեսվում է դիմումից հետո 3 ամսվա ընթացքում դիմել արբիտրաժ: Կանադայի հետ պայմանագրով, որը կավարտվի սեպտեմբերի 11-ին, նախատեսվում է 6 ամիս:

Եթե անգամ նրանք դիմեն Արբիտրաժ, նրանք գործը շահելու հնարավորություն չունեն, դա մեծ ծախսեր և երկարատև գործընթաց կառաջացնի:

Հարց է ծագում. ինչու մեր կառավարությունը հող չի նախապատրաստում պետության և ժողովրդի շահերի պաշտպանության համար: Ինչու մեր պետությունը անգամ դիմումն ընդունելուց հետո միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի հետո այդ կազմակերպությունները դատարանի միջոցով չկարողանան ինչ-որ բան պահանջել:

Հակառակը՝ իշխանության շատ ներկայացուցիչներ այդ կազմակերպությունների փաստաբանի և հաշվապահի դեր են ստանձնել:

Անցյալ տարվա սեպտեմբերին ես իրավական եզրակացություն ներկայացրեցի Հայաստանի օրենսդրության և երկրի կողմից վավերացրած կոնվենցիաների խախտման մասին՝ նշելով կոռուպցիոն ռիսկերը և յուրաքանչյուրի վերաբերյալ պետք էր հետաքննություն անցկացնել և քրեական գործեր հարուցել, մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Ինչու՞ դա չի արվում: Ինչու՞ չի խոսվում վտանգների և պոտենցիալ վնասի մասին, այն մասին, որ իրականում այս կազմակերպության անգործությամբ մեր պետությանը վնաս է հասցվել:

Ամենապարզ օրինակը. Lydian Armenia-ն առաջին բնապահպանական եզրակացությունը ստացել է 2009թ.: Հանքի շահագործման թույլտվությունը տրվել էր 10 տարով: Այսինքն՝ մենք այսօր պետք է խոսենք հանքի փակման, այլ ոչ թե բացման մասին:

2009-ից նրանք պետք է աշխատեին, շահութահարկ վճարեին, այլ պարտադիր վճարներ կատարեին: Խոսակցություններն այն մասին, որ «կբացենք և ոսկու մեջ կլողանք», անհիմն են:

Եթե հավատանք նրանց փաստարկներին, մենք արդեն 10 տարի պետք է «ոսկու մեջ լողայինք»: Իրականում մենք կորցրեցինք ունեցած ռեսուրսները: Այս տարածքում կարող էին հոտեր արածել, գյուղատնտեսական մշակաբույսեր աճել, այգիներ ծաղկել: Մարդիկ արտադրանք կտային, հարկեր կվճարեին, շահույթ կստանային: Դրա փոխարեն՝ անապատ, ծառահատված այգիներ:

10 տարի ընկերությունը ոչինչ չի արել: Վերջին 2 տարում սկել էին ինչ-որ բան կառուցել:

Հողի մի մասը գնել էին, մյուս մասն անհատույց վերցել ժողովրդից: Կտրել էին ծիրանի ագիներ: Ամենասարսափելին, որ կտրել էին գարնանը, երբ այգիները ծաղկում էին, ինչը խոսում է սեփականատերերի բարոյական կերպարի մասին:

Մինչև հիմա չեմ կարող մոռանալ այդ պատկերը. ժողովրդից խլեցին 152 հա հող, զրկեցին այդ հողի հաշվին ապրելու հնարավորությունից: Ի՞նչ ենք մենք ուզում: Եվս 10 տարի այսպես նստե՞լ:

Բայց չէ որ նախատեսվում էր այլ կերպ օգտագործել այս տարածքը: 2008-ին Կառավարությունը Ջերմուկում առողջապահության և տուրիզմի զարգացման մասին որոշում ընդունեց:

Արդեն պայմանավորվածություններ կային շվեյցարական ընկերության հետ տուրիստական կենտրոնի և ամառային և ձմեռային տուրիզմի սպորտային կենտրոնի կառուցման մասին:

Սա կգրավեր ամբողջ աշխարհի զբոսաշրջիկներին: Ջերմուկը 2100 մ բարձրության վրա է գտնվում, Ամուլսարը՝ 3000 մ: Շատ մարզիկներ, անգամ խորհրդային տարիներին, Ջերմուկ էին գալիս մարզվելու: Եվ դա կլիներ տնտեսության երկարատև, այլ ոչ թե կործանարար զարգացում:

Ընկերությունը կեղծել է հետազոտության բոլոր տվյալները: Ոչ մի խոսք չկա Ջերմուկի և Սևանի էկոլոգիայի վրա բացասական ազդեցության բացակայության մասին: Հակառակը՝ շատ է խոսվում ռիսկերի մասին, շատ մատնանշումներ կան, որ ընկերությունը փորձաքննության է ներկայացրել ոչ ամբողջական տվյալներ, սխալ տվյալներ, օգտագործել է սխալ մեթոդ: Ընկերությունը հանքավայրի մշակման փորձաքննության ոչ մի օրվա փորձ չունի, չնայած հայկական օրենսդրությունը անհրաժեշտ պահանջ է համարում 5 տարվա փորձի առկայությունը:

Պարզապես ծիծաղելի են «ռիսկերի բացակայության երաշխիքների» մասին խոսակցությունները: Անգամ Տեր Աստվածը չի կարող երաշխավորել: Հիմարություն է այդպիսի երաշխիքներ տալը, երբ դա կապված է բնության և լեռնային տեղանքի հետ: Տարածաշրջանում 10-բալանոց սեյսմիկ ռիսկեր կան: Տառացիորեն անցյալ շաբաթ գրանցվել է 2 ստորգետնյա ցնցում: Ինչի՞ մասին է սա ասում: Այն մասին, որ շատ մեծ ռիսկեր կան: Այն, որ արտասահմանցի փորձագետներն իրենք են ասում ոչ թե 100, այլ 500 տարի մոնիթորինգի անհրաժեշտության մասին, սա արդեն խոսում է ամբողջ մտահղացման հիմարության մասին: Եթե ռիսկեր չկան, ապա ինչո՞ւ 500 տարի: Եվ ինչո՞ւ Հայաստանի մի քանի սերունդ պետք է լինի ինչ-որ անհասկանալի ընկերության գերին: Երկրագնդի վրա չկա ոչ մի կազմակերպություն, որը 500 տարեկան լինի: Իսկ ո՞վ է վճարելու: Պարզ հաշվարկը ցույց է տալիս մտահղացման ոչ եկամտաբերությունը՝ 500 տարի շարունակ մոնիթորինգ, մաքրում, ռիսկերի նախազգուշացում: Իսկ տարօրինակն այն է, որ այն մասին խոսելու փոխարեն, որ ընկերությունը պետք է Հայաստանին վճարի մեծ գումար, քանի որ 10 տարի չի զբաղվել գործունեությամբ և պետությանը շահույթից զրկել է, բնակիչներին զրկել է եկամտից, դեռ մենք ենք վճարում նրանց ծախսերը: Սա ապաբարոյական է: Չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ է այդ ընկերությանը փաստաբանական ծառայություններ տրամադրելու փորձ արվում:

Ամուլսարի հարցն իրականում կարգավորված է օրենսդրությամբ: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ կետում դրույթ կա այն մասին, որ եթե մեկ տարվա ընթացքում կազմակերպությունը բնապահպանական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո գործունեություն չի սկսում, ինչի համար ստացվել է փորձաքննությունը (այն տրվել է կվարցային ոսկեբեր հանքի մշակման համար), որոշումն իրավաբանական ուժը կորցնում է: Այսինքն՝ 2017 թվականի ապրիլի 30-ին փորձաքննության եզրակացությունը իրավաբանական ուժը կորցրել էր: Ոչ մի ընկերություն առանց փորձագիտական դրական եզրակացության Ամուլսարի տարածքում որևէ գործունեություն իրականացնելու իրավունք չունի: Այսինքն՝ առանց նոր փորձաքննության անհնար է գործունեության թույլտվություն տալ:

Ինչ վերաբերում է այն քրեական գործին, որի շրջանակում փորձաքննություն է անցկացվել, և դրան հաջորդող հայտարարությունները, քրեական է և Քրեադատավարական օրենսգրքի տիրույթում է: Ինչո՞ւ են նրանք խնդիրը խորացնում և իրենց համար խնդիրներ ստեղծում: Իրականում ընկերությունն այնտեղ աշխատելու իրավունքը կորցրել է:

Փոշու բացակայության մասին խոսակցությունները նույնպես հիմնազուկ են: Երբ պայթյունատեխնիկական աշխատանքներ էին անցկացվում, Ջերմուկի բնակիչները դարձել էին «փոշու բացակայության» վկաները՝ փոշի, մշուշ, ցեխ, անձրևից հետո մեքենաների վրա կարմիր մուր էր նստել:

Դրանից բացի, այստեղ գրանցվել է ճառագայթման բարձր մակարդակ, հետևաբար այստեղ ռադիոակտիվ տարրեր կան: Ոսկու պարունակության մասին հնարավոր է խոսել, բայց այնտեղ այն ավելին չէ, քան ցանկացած այլ վայրում, նույնիսկ պոչամբարում: Ամուլսարի մեկ տոննա հանքանյութի մեջ մարունակվում է 0,75 գրամ ոսկի: Մեկ մատանու ոսկի արդյունահանելու համար պետք է մշակել 20 տոննա հանքապար: Նույն հաջողությամբ կարելի է մշակել ցանկացած պոչամբար:

Իսկ պատկերացրեք, որ 2 տարի հետո ընկերությունը կսնանկանա: Նա արդեն հիմա վիթխարի խնդիրներ ունի, և աուդիտը նրան անհուսալի գործընկեր է ճանաչել: Ո՞վ պետք է վերացնի հետևանքները: Հայաստանի կառավարությո՞ւնը: Ո՞ւմ հաշվին:

Արդեն հիմա կարելի է խոսել ընկերության գործունեության հետևանքով ռադոնային ֆոնի մեծացման մասին: Եվ սա ես չեմ ասում, այլ Հայաստանի ԳԱԱ Սևանի հարցով հանձնաժողովը: Այնպես որ՝ բնակիչներն իրենք կարող են ՄԻԵԴ միջոցով պահանջել իրենց իրավունքների պաշտպանությունը:

Ընկերությունը պատրաստվում է այդպիսի բարձրության վրա 10 հազար տոննայի ցիանային մակերես ստեղծել: 10-բալանոց երկրաշարժերի գոտում ինչ-որ մեկը երաշխիքների մասի՞ն է խոսում: Սա ռումբ է Հայաստանի տարածքի 80 տոկոսի տակ: Յուրաքանչյուր պայթյունից Ջերմուկի ջուրը կարող է անհետանալ: Ջերմուկում շենքեր կառուցելիս հիմքը մեխանիկական եղանակով են փորում՝ աղբյուրները կորցնելու վախից պայթեցման աշխատանքներ չկատարելով: Իսկ այստեղ պատրաստվում են պայթեցնել հազարավոր տոննաներով ապար:

Չի հաշվարկված ծծմբաթթվի դրենաժավորումը Որոտանի թունել. մինչդեռ մշակվող հանքը ուղղակի դրա տակ է: Եվ հիմա թունելում շատ ջուր կա, սա դրենաժավորման հետևանքն է, ընդ որում՝ ջրի թթվայնությունն արդեն բարձրացել է: Եվ ոչ մեկը չի հաշվարկել, թե այն ինչպես կազդի թունելի երկաթ-բետոնե կառուցվածքների վրա: Սա ռազմավարական նշանակության օբյեկտ է՝ մի քանի միլիարդ արժողությամբ: Մենք չգիտենք, թե դա ինչպես կազդի Սպանդարյանի ջրամբարի, Կեչուտի ջրամբարի ամբարտակի վրա: Պատկերացնո՞ւմ եք հետևանքները: Հայաստանին նման բան թշնամին էլ չի ցանկանա:

NEWS.am