Երեմ Սարգսյան. Ես ապշած եմ դատաքննության ընթացքից

Դատարանը մեր հակափաստարկներից որևէ մեկին չի անդրադարձել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով դատաքննությանը և դատարանի որոշմանը՝ կալանավորելու Գագիկ Խաչատրյանին։

«Մենք խորությամբ հակափաստեր ենք ներկայացրել, ընդ որում դրանք՝ գործի նյութերի և մեղադրանքի վերաբերյալ են։ Եվ այդ հակափաստարկների վերաբերյալ որևէ հակառակ դիրքորոշում անհնար էր ներկայացնել, որովհետև գործում չկային այնպիսի նյութեր, որոնք կարող էին չեզոքացնել մեր հակափաստարկները»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ չնայած ակնկալում էին, որ դատարանը արդեն նախկին շեմը հաղթահարել է ավելի օբյեկտիվ ու արդար կքննի, բայց «դատարանն անում է էն, ինչ ակնկալվում է իրենից»։

Ըստ փաստաբանի՝ դատաքննությունը ձևական բնույթ էր կրում․ «Երեք օրվա քննությունն ընդամենը ձևկան քննություն էր և որեէ նշանակություն չուներ, թե ինչ փաստեր են ներկայացվում, և արդյոք հակառակ կողմը կարողանում էր դրանք հերքել կամ չհերքել»։

Երեմ Սարգսյանը պնդեց, որ կալանավորման հիմքեր չկային, նշեց, որ ուղիղ 6 ամիս Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը ստորագրությունն էր չհեռանալու մասին և այդ 6 ամսվա մեջ նա երբևէ չի փորձել թաքնվել, երբևէ չի խոչընդոտել քննությանը, երբևէ նոր հանցանք չի կատարել․ «Թե ինչու հանկարծ մտավախություն ունեցան, որ կարող է թաքնվել, որևէ պատճառաբանություն անհնար էր ներկայացնել։ Այսքան ժամանակ դատարանը մտավախություն չուներ և հանկարծ ունեցավ, որ կարող է մեղադրյալը թաքնվե՞լ, այսքան ժամանակ որ չի թաքնվել, հիմա՞ պետք է թաքնվեր։ Գագիկ Խաչատրյանն անգամ Երևանից հասել է Ծաղկաձոր, մասնակցել խուզարկություններին, եթե փախչելու մտադրություն ունենար, չէր անի»։

Փաստաբանը հայտնեց, որ ըստ մեղադրանքի՝ վատնված գումարը, որի համար մեղադրվում է իր պաշտպանյալը, մոտ 200 միլիոն դրամ է, սակայն ըստ նրա՝ ինչ որ կատարվեց դատարանում, ընդհանրապես կապ չուներ իրավաբանության հետ․ «Դատարանի որոշման մեջ հիմնավորումներն ու պատճառաբանությունները, թե ինչու կալանվորվեց։ Ես ապշած եմ դատաքննության ընթացքից»։

Նա նշեց, որ անպայման բողոքարկելու են դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 30-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի որոշում է կայացրել բավարարել ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին։ Դատարանը, սակայն ոչ իրավաչափ է համարել Խաչատրյանին ձերբակալելու որոշումը, տեղեկացնում է NEWS.am։