Հովհաննես Դիլանյան. Արսեն Թորոսյանի գործունեությունն ապակառուցողական է հայկական բժշկության համար

Հարգելի Նիկոլ Փաշինյան։ Ասում են, Դուք ուշադիր հետևում եք, թե ինչ է տեղի ունենում Ֆեյսբուքում։ Թույլ տվեք ներկայանալ. ես վիրաբույժ-ուրոլոգ-օնկոլոգ եմ, Մոսկվայի քաղաքային հիվանդանոցներից մեկի ուրոլոգիայի բաժնի վարիչը, բժշկական գիտությունների թեկնածու։ Ես մի շարք բարդ և բարձրտեխնոլոգիական վիրահատություններ եմ կատարել Հայաստանում, մի քանի դպրոց անցկացրել լապորոսկոպիկ ուրոլոգիայի վերաբերյալ։ Մի քանի բժիշկներ Հայաստանից իմ մասնակցությամբ և աջակցությամբ որակավորում են ստացել Մոսկվայում։ Այսպիսով, ես մեկն եմ, ով Հայաստանի հետ կապված է միայն ծագմամբ և նրա հանդեպ սիրով։ Հայտարարում եմ շահերի կոնֆլիկտների լիակատար բացակայության մասին։

Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է վիրաբույժ-ուրոլոգ-օնկոլոգ, Մոսկվայի քաղաքային հիվանդանոցներից մեկի ուրոլոգիայի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հովհաննես Դիլանյանը։

«Իրավիճակ. Ուռուցքաբանության ազգային ինստիտուտում կա օնկոուրոլոգիայի բաժին։ Այն ղեկավարում է տաղանդավոր, աշխատասեր և ազնիվ մարդ՝ Վարուժան Շահսուվարյանը (նա երբեք ժամանակ չի ունեցել Ֆեյսբուքում էջ բացել)։ Պոլիվալենտ վիրաբույժը վիրահատում է ծայրահեղ ծանր դեպքերի ժամանակ։ Յուրաքանչյուր պացիենտի տառացիորեն դուրս է քաշում մահվան ճիրաններից։ Պայքարում է յուրաքանչյուրի համար։ Միաժամանակ, բարձրացնում է օնկոուրոլոգիայի մակարդակը երկրում։ Նրա կլինիկայում ուսանած օրդինատորը ստանդարտ կերպով զարմացնում է բժիշկներին պատրաստվածության իր մակարդակով։ Արժե՞ արդյոք պատմել, որ այս ամենը նրան տրվում է սեփական առողջության գնով։ Չէ՞ որ բոլորն են հասկանում, որ նրան ընտանիքի հետ շփման ժամանակ չնչին չափով է մնում։ Եկեք մի վայրկյան պատկերացնենք մի մարդու, որի մասին նրան իմացող ցանկացած մարդ կասի՝ «իսկական բժիշկ է»։ Եվ ահա այսօր այդ մարդը գրում է դիմում ազատման մասին և հեռանում ինստիտուտի տնօրենի հետևից, որին... մեկ օր առաջ ազատել էր նախարարն առանց պատճառները բացատրելու։ Ազատում է ստուգումների ամբողջ շարքից հետո, որոնք ոչ մի խախտում չեն հայտնաբերել, ազատում է այն բանից հետո, երբ ինստիտուտն իր վրա է վերցնում խելահեղ բեռնվածություն նախարարի պոպուլիստական հայտարարություններից հետո «երաշխավորված անվճար վիրաբուժական օնկոօգնության» մասին, որի հետեում ֆինանսական ոչ մի ապահովում չկա։ Տեղեկանքի համար. միզապարկի հեռացման ստանդարտ խոռոչային վիրահատության միջին ծախսը կազմում է 2500 դոլար, դա՝ էժան նյութերի օգտագործմամբ և առանց վիրաբուժական ու անեսթեզիոլոգիական բրիգադի աշխատանքի արժեքը հաշվելու։ Ասենք, որ այդ վիրահատությունը փորձագիտական մակարդակով տևում է 6 ժամ։ Թե ինչ է կատարվում վիրաբույժի ոտքերի և մեջքի հետ՝ թողնում եմ Ձեր երևակայությանը։

Հարգելի Նիկոլ Փաշինյան։ Դուք միշտ կողմ եք եղել այն տեսակետին, որ ռազմավարական հարցերում պատշաճ չէ կողմնակից լինել ազգակցական կամ բարեկամական կապերին, այդ պատճառով բազմիցս քննադատել եք նախորդ իշխանություններին։ Ես նույնպես այդ տեսակետին եմ. շատ տարիներ իմանալով Արսեն Թորոսյանին և նրա հետ ընկերական փոխհարաբերություններ ունենալով՝ ստիպված եմ ընդդեմ գնալ նրա իրականացրած ապակառուցողական քաղաքականությանը։

Բժշկությունն այն ոլորտը չէ, որտեղ ընդհանրապես հնարավոր են կտրուկ բարեփոխումները կամ վաստակավոր կադրերի փոխարինումը երիտասարդներով: Յուրաքանչյուր հմտությունը պահանջում է 10000 (տա՛ս հազար) կրկնողություն՝ կատարյալ դառնալու համար: Մի վայրկյան պատկերացրեք՝ որքան տարբեր հմտություններ են հարկավոր թեկուզ երիկամի հեռացում կատարելու համար: Իսկ վիրահատությունից հետո նաև դեռ պահանջվում է տեսնել, որ հիվանդը հիմա իրեն վատ կզգա: Տեսնել և կանխել: Հավատացեք, սա չի կարող հաղթահարել երիտասարդը: Նույն բանն է բժշկության ղեկավարման մեջ. չեք գտնի բժշկության մեջ ոչ հասուն տարիքի հաջող ղեկավարի ոչ մի կադր: Եվ փորձառու կադրերի խիստ պակասի պայմաններում նախարարը քաղաքականություն է անցկացնում, որի դեպքում Ուռուցքաբանության ինստիտուտից հեռանում են տնօրեն Արմեն Տանանյանը (հաջող վիրաբույժ-ուռուցքաբան և առողջապահության հոյակապ կազմակերպիչ) և օնկոուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Վարուժան Շահսուվարյանը, նրա մասին արդեն նշվել է վերևում: Հավաստիացնում եմ Ձեզ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը առանց աշխատանքի չեն մնա: Բայց ի՞նչ կպատահի Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի հետ:

Հարգարժան Նիկոլ Փաշինյան: Որպես առողջապահության նախարարության ոչ կառուցողական քաղաքականության դեմ բողոքի ակցիա, ես չեղյալ եմ հայտարարում այս տարի նախատեսված լապարոսկոպիկ ուրոլոգիայի դպրոցը և իմ մասնակցությունը Ուրոլոգիայի հայկական ասոցիացիայի տարեկան համաժողովին: Խնդրում եմ Ձեզ ուշադրություն դարձնել հայկական բժշկության համար առողջապահության նախարարի ապակառուցողական քաղաքականության վրա»,- նշել է Դիլանյանը, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: