Կարապետյան․ Ամուլսարի հարցով վերջնական որոշում չկա

Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ անցկացնելու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Ամուլսարի հարցով քննարկումները շարունակվում են։ Վարչապետն ավելի վաղ հանձնարարել էր շրջակա միջավայրի նախարարությանը պատրաստել իրենց մոտեցումները շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի վերաբերյալ։ Երեկ նախարարությունը ներկայացրեց իր մոտեցումները»,–ասաց նա։

Նրա խոսքով` նախարարը տարբեր մոտեցումներ է ներկայացրել, և այդ ամենի մասին արդեն իսկ կառավարությունը հայտարարություն է տարածել։

Նկատառմանը, թե այդ հայտարարության մեջ ոչինչ հստակ նշված չէ` Կարապետյանն արձագանքեց, որ ոչինչ վերջնական չի, դրա համար էլ հստակ չէ։

Հիշեցնենք, որ երեկ կառավարությունը հայտնել էր, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է ընդհանուր վիճակը և նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել։

Նշվում էր, որ հարցի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են Ամուլսարի ծրագրի՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնելու ընթացակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել խնդրի իրավական ասպեկտներին, բնապահպանական նոր գործոնների ի հայտ գալուն և այլն, տեղեկացնում է armeniasputnik.am:

Основная тема:
Теги: