Քոչարյան․ Առանց Հայաստանի համաձայնության կարգավիճակ չի լինի

Հայաստանը կարող է թույլ չտալ, որ իր համար ցանկացած ոչ բարեկամ պետություն դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանա ՀԱՊԿ–ում։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին հարցը։

«Մինչև այժմ կար դրույթ, որ կարող է լինել դիտորդ պետություն, այժմ կարգավորվում է նաև գործընկեր պետության կարգավիճակի հարցը»,- ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով` գործընկերն այն պետությունն է, որը շահագրգռված է խորացնել ՀԱՊԿ–ի հետ համագործակցությունն ու համամիտ է կառույցի գաղափարախոսության հետ։

Քոչարյանի խոսքով` Հայաստանի համար կարևոր է այն դրույթը, որ նման կարգավիճակ ունեցող երկրները չպետք է կազմակերպության անդամների դեմ որևէ բան ձեռնարկեն։

«Որևէ պետություն չի կարող ստանալ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակ՝ առանց ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների համաձայնության»,-ասաց Քոչարյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հայկական կողմից գնահատվել է այն ռիսկը, որ Ադրբեջանը կարող է գնալ ստվերային պայմանավորվածությունների՝ դառնալով գործընկեր կամ դիտորդ պետություն՝ հաշվի առնելով ՌԴ հետ այդ պետության ռազմավարական գործընկերությունը։

Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ Ադրբեջանը բուն ՀԱՊԿ-ում ունի միջնորդավորված ազդեցություն: ՀԱՊԿ-ը ունի պայմանագիր, որով կաշկանդված են անդամ բոլոր պետությունները, իսկ այդ պետությունների միջև արդեն գոյություն ունեցող երկկողմ պարտավորությունները չպետք է հակասեն ՀԱՊԿ պայմանագրին: Այս առումով ՀՀ-ն որոշիչ ձայն ունի։ Ըստ փոխնախարարի՝ Հայաստանը «ոչ» ասելու հնարավորություն ունի:

Քոչարյանը նշեց, որ ՀԱՊԿ–ի նպատակը դրա անդամների անվտանգությունն է։ Ու եթե կա պետություն, որն ուղղակիորեն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը՝ որևէ կարգավիճակ չտրամադրելու համար լրացուցիչ գործոններ պետք չեն։

«Հայաստանի դիքերն ամուր են ու կարևոր է, որ մենք անդամակցում ենք այդ կազմակերպություններին (ՀԱՊԿ, ԵԱՏՄ): Պատկերացրեք, որ այնտեղ Ադրբեջանը մտներ. դա մեզ համար շատ ավելի անընդունելի կլիներ»,-նշեց Քոչարյանը։

Նա նշեց, որ եթե դիտորդը որևէ գործողություն է կատարում ՀԱՊԿ–ի անդամի կամ, ընդհանուր առմամբ, կազմակերպության դեմ, ապա այդ պետությունը կամ կազմակերպությունը կարող է զրկվել կարգավիճակից նույնիսկ այն ստանալուց հետո։

Քոչարյանի խոսքով` նման իրավիճակ է Պակիստանի դեպքում, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի, տեղեկացնում է armeniasputnik.am։

Основная тема:
Теги: