Ի՞ՆՉ ԽՆԴԻՐ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ

Միջնորդություն քաղաքական ենթատեքստով

Քչերն արձագանքեցին Վաղարշակ Հարությունյանին գեներալ-լեյտենանտի կոչումը վերադարձնելու մասին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրին, մեկնաբանությունները հայտնվեցին այն լուրերի հետ միաժամանակ, թե հնարավոր է, որ Հարությունյանը նշանակվի ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում՝ Արտակ Դավթյանի փոխարեն։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերքեց Դավթյանի հրաժարականի մասին լուրերը, բայց այդ հերքումը ոչինչ չի նշանակում, կադրային փոխարինումների հարցերը Փաշինյանը լուծում է միանձնյա, ուստիև բացառված չէ, որ Գլխավոր շտաբի նոր պետի անունը պաշտպանության նախարարն իմանա լուրերի թողարկումից։ Այսօրվա նորությունները վերաբերում են հիմնականում նախարարի և Գլխավոր շտաբի պետի միջև բարդ հարաբերություններին։

Համաձայն ակտիվորեն շրջանառվող լուրերի, Հարությունյանին ուսադիրները վերադարձրել են հեռահար նպատակով. Գլխավոր շտաբի պետի կամ ԶՈՒ համակարգում մեկ այլ առանցքային պաշտոնում նա կնպաստի բանակի «մաքրմանը» Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կադրերից, այսինքն գեներալական այն կազմից, որին Փաշինյանը կամայականորեն մեղադրում է մահացու բոլոր մեղքերի մեջ։

Հարությունյանի հնարավոր նշանակման մասին լուրերի խորապատկերին հայտնվեցին ոչ միայն մեկնաբանություններ, այլև հարց, թե արդյոք նախագահն իրավունք ունե՞ր հրամանագիր ընդունել վարչապետի միջնորդության հիման վրա, որը կրում էր բացահայտ քաղաքական բնույթ։ Ակներև է վտանգավոր նախադեպը. այսուհետ Նիկոլը ցերեկվա և գիշերվա ցանկացած պահի կարող է միջնորդել իր նախորդների որևէ հրամանագրի չեղարկման մասին, իսկ նախագահ Սարգսյանը այդ առիթով հնազանդ կընդունի իր հրամանագրերը, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 139 (մաս 1) հոդվածով. «Իր լիազորություններն իրականացնելիս Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր և կարգադրություններ»։

Սովորաբար պետության առաջին դեմքերն ընդունում են հրամանագրեր, որից հետո ասվում է, որ դրանց բովանդակության հիման վրա ուժը կորցրած են համարվում նախորդ տարիների հրամանագրերը, բայց Նիկոլը ցանկանում էր ընդգծել, որ միջնորդել է Ռոբերտ Քոչարյանի հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին։ Դա հերթական անգամ ապացուցում է, որ վարչապետը սևեռված է երկրորդ նախագահի անձի վրա։ Նիկոլը ցանկանում էր ոչ միայն վերականգնել Հարությունյանի կոչումը, այլև չեղարկել Քոչարյանի հրամանագիրը։ Նրա համար դա ինքնահաստատման գլխավոր միջոցն է. իբր՝ այ թե ինչ զիլ տղա եմ, հենց իր՝ Քոչարյանի հրամանը չեղարկեցի։

Իր ժեստով Նիկոլը փորձեց Վիտալի Բալասանյանի կարգի՝ ուսադիրները մարտերում վաստակած խրամատային գեներալների քիթը տրորել։ Վերջերս նրա տված հարցազրույցը հույզերի փոթորիկ առաջացրեց «Սորոսի տղաների» ճամբարում, որոնք նույնպես, ինչպեսև Նիկոլը, չեն ծառայել բանակում։ Անցած տարի նրանք կարողացան ճանկել պետության կառավարումը և այժմ փորձում են փլուզել այն ռեկորդային ժամկետներում։ Եթե Հարությունյանի առաջիկա նշանակման մասին լուրերը հաստատվեն, ապա բանակում կադրային զտումները կարելի է համարել կատարված փաստ։ Նիկոլը բացահայտ հասկացնել տվեց, որ ժամանակները փոխվել են, նոր իշխանությունն այլ գերակայություններ և այլ սիրելիներ ունի, իսկ հերոսական անցյալն ու մարտում վաստակած ուսադիրներն այսօր արդիական չեն։

Ինչո՞ւ գաղտնի ռեժիմով

Մի՞թե Փաշինյանի քաղաքական քմահաճույքը բավական էր, որ նախագահ Սարգսյանը 17 տարի անց չեղարկեր իր նախորդներից մեկի հրամանագիրը։ Այո, 139 (մաս 1) հոդվածը նախագահին իրավունք է տալիս հրամաններ ու կարգադրություններ արձակել, բայց որո՞նք են վարչապետի միջնորդության իրավական նորմերը։ Ո՞ւր են այդ նորմերը, որտե՞ղ է միջնորդության իրավական հիմքը։

Ի՞նչ փաստաթղթերով է առաջնորդվել նախագահը, ստորագրելով Հարությունյանի կոչումը վեականգնելու հրամանագիրը։ ԶԼՄ-ներում հաղորդագրություն կար այն մասին, որ «լիազոր մարմնի երաշխավորությունը և կից փաստաթղթերը ներկայացվել են գաղտնի ռեժիմով, ուստիև հրապարակման ենթակա չեն»։ Ինչո՞ւ Փաշինյանը հարկ չհամարեց հրապարակավ հիմնավորել իր երաշխավորությունը. չէ՞ որ նա շարունակ ասում է, թե ինքը ժողովրդից գաղտնիքներ չունի։ Թե՞ որոշել է, որ Քոչարյանի ստորագրությամբ 17-ամյա վաղեմության հրամանագրի չեղարկումը արդեն ինքնին հիմնավորում է։

Իսկ գուցե Քոչարյանի հանդեպ անձնական հակակրանքի առատությունից նա տենչում էր ցույց տալ ողջ աշխարհին, որ իր համար խաղուպա՞ր է վերցնել ու չեղարկել նախագահի 2002թ. հուլիսի 22-ի 1135-Ա հրամանագիրը Վաղարշակ Հարությունյանին գեներալ-լեյտենանտի կոչումից զրկելու մասին։ Իր ֆեյսբուքյան գրառումում Փաշինյանն առանձնահատուկ ընդգծեց, որ նախագահ Սարգսյանը համապատասխան հրամանը ստորագրել է իր միջնորդությամբ։

«Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է: Հանրապետության նախագահը ընդունել է Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումներից զրկելու՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու իմ միջնորդությունը և ստորագրել համապատասխան հրամանագիր»։ Այն մասին, թե իրավաբանական ինչ փաստաթղթերով է հիմնավորված իր անձնական միջնորդությունը, Նիկոլը չհիշատակեց։ Ըստ երևույթին, վարչապետին թվում է, թե իր միջնորդությունները այդօրինակ «ավելորդ» հիմնավորումների կարիք չունեն։ Քչերը հարց տվեցին. իսկ ունե՞ր արդյոք վարչապետն այդպիսի միջնորդության իրավունք 17 տարի անց։ Եթե անգամ ուներ, ապա ի՞նչ փաստաթղթերի հիման վրա։ Եթե 17 տարի առաջ Հարությունյանը կոչումից զրկվել է ապօրինի կերպով, ապա ինչո՞ւ նոր իշխանությունը դա չհիմնավորեց, ապացույցներ չներկայացրեց, թե երկրորդ նախագահն անօրինականորեն է զրկել Հարությունյանին գեներալ-լեյտենանտի կոչումից։

Քաղաքական տեսանկյունից ամեն ինչ հասկանալի է. Հարությունյանը Լևոն Տեր-Պետրոսյանի և իր՝ Նիկոլի կողմնակիցների ճամբարում էր և ուժերի ներածի չափով օժանդակում էր նախկին իշխանության տապալմանը, իսկ այ օրինականության առումով մեծագույն կասկածներ կան։ Ի դեպ, որոշ իրավաբաններ կարծիք արտահայտեցին, որ վարչապետի կողմից շատ ավելի օրինական կլիներ նախագահի առջև միջնորդել Հարությունյանին գեներալ-լեյտենանտի կոչում շնորհելու մասին, այլ ոչ թե երկրորդ նախագահի 2002թ. նմուշի որոշումը չեղարկելու, բայց Նիկոլի համար միևնույնն է, թե ինչ կանի, միայն թե անի հակառակ Քոչարյանի։

Բանակում կադրային ջա՞րդ է նախապատրաստվում

Նախագահի կողմից շատ ավելի օրինական կլիներ գեներալ-լեյտենանտի կոչում շնորհել Հարությունյանին, այլ ոչ թե չեղարկել երկրորդ նախագահի 17-ամյա վաղեմության որոշումը առանց իրավաբանական հիմնավորման առկայության և գաղտնի ռեժիմով ներկայացված ինչ-որ «կից փաստաթղթերի» հիման վրա։

Մի խոսքով, վտանգավոր նախադեպն ակներև է, իսկ գեներալ-լեյտենանտ Հարությունյանը կարող է տեսանելի հեռանկարում պաշտոն ստանալ ԶՈՒ-ի վերին էշելոնում և ձեռնամուխ լինել բանակում կադրային ջարդի վերաբերյալ Փաշինյանի գաղտնի կարգադրության իրականացմանը։ Իսկ որ այդպիսի կարգադրություն կհաջորդի, քչերն են կասկածում։ Հարությունյանին որպես գեներալ-լեյտենանտ վերակենդանացնում են բնավ ոչ պատահականորեն։ «Այդ ուսադիրները հատուկ խնդիր են լուծելու»,- ասում են լավատեղյակ մարդիկ, նկատի ունենալով, որ Նիկոլի առանձնակի բարեհաճությունը վայելող գեներալը ռեկորդային ժամկետներում «կմաքրի» հայկական բանակը ներկայիս գեներալական կազմից, մարտունակ հրամանատարական կազմից և գրագետ տեխնիկական կադրերից, ինչը կհանգեցնի զինված ուժերի թուլացման։

Այսօր բազմաթիվ զինվորականներ խոսում են այն մասին, որ Հարությունյանին կհանձնարարվի բանակի թուլացման և վարկաբեկման խնդիրը։ Այսօր նա դրանով զբաղվում է Քառօրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի փորձագետի կարգավիճակով՝ իր վաղեմի ընկեր և համախոհ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ։ Բոլորին հայտնի է, որ ԽԺՀ-ի գլխավոր խնդիրը շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի ագրեսիայի հետևանք դարձած Քառօրյա պատերազմում մեր հաղթանակի վարկաբեկումն է։

ԽԺՀ-ն իր հաշվետվությունում այդ հաղթանակը պետք է ներկայացնի որպես պարտություն։ Այդպիսին է գլխավոր նպատակը, որ հետապնդում են Ա.Քոչարյանը և Վ.Հարությունյանը։ Իսկ այդ «պարտության» մեղքը պարոնայք կվերագրեն Հայաստանի նախկին քաղաքական ղեկավարությանը և գեներալական այն կազմին, որն այսօր նախորոշում է հայոց բանակի պատրաստականության որակն ու մարտունակությունը։

Основная тема:
Теги: