Աշխատանքային հանդիպում Սանկտ Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգում կայացել է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հանդիպումը Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեն:

Սմոլնիում կայացած հանդիպման ընթացքում երկու կառույցների ղեկավարները քննարկել են միջգերատեսչական համագործակցության արդյունքները և Հայաստանի ու Ռուսաստանի քննչական կոմիտեների համագործակցության ամրապնդման և զարգացման հետագա ծրագրերը: Բացի այդ, ստորագրվել է գիտակրթական ոլորտում Ռուսաստանի Դաշնության ՔԿ-ի և Հայաստանի Հանրապետության ՔԿ-ի 2020-2022թթ. համագործակցության ծրագիրը:

Ալեքսանդր Բաստրիկինը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների իրագործումը կնպաստի երկկողմանի հարաբերությունների կայուն զարգացմանը: Աշխատանքը տարվում է ոչ միայն հանցագործությունների բացահայտման ու կանխարգելման, այլ նաև երիտասարդների մասնագիտական կողմնորոշման, բարձր բարոյական արժեքներ և իրավագիտակցություն ունեցող արժանի սերնդի դաստիարակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Խոսելով աճող սերնդի մասնագիտական կողմնորոշման մասին՝ ռուսական կառույցի ղեկավարը կիսվել է իր հայ գործընկերների հետ մանկական կենտրոններում իրականացված «Երիտասարդ հետաքննիչ» ծրագրի արդյունքներով, որին մասնակցել են Բելառուսի Հանրապետության սպաների երեխաները: Նա նաև հայտնել է թեմատիկ ամառային հանդիպումներ կազմակերպելու մասին, որոնք նախատեսվում են իրականացնել հաջորդ տարի Ռուսաստանի մանկական կենտրոններում գործընկերների երեխաների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի ներկայացուցիչների երեխաների համար: Այդ հարցը քննարկվում է Կրասնոյարսկում կայացած միջգերատեսչական համաժողովի արդյունքում:

Ռուսաստանի ՔԿ նախագահը նաև փաստել է, որ «ավելի վաղ Կրասնոյարսկում ՀՀ ՔԿ և ՌԴ ՔԿ-ի միջև ստորագրված նախնական հետաքննության քրեագիտական ապահովման շուրջ համագործակցության ծրագիրը հիմք էր պրակտիկ գործունեության մեջ ժամանակակից գիտության և տեխնիկայի ձեռքբերումները կիրառելու համար, և, ինչը առավելապես կարևոր է, մեր կառույցների մասնագետների համագործակցային աշխատանքի համար, երբ հնարավոր է դարձել փորձի փոխանակումն առանձին քննչական գործողություններն իրականացնելու, հետաքննության ժամանակակից մեթոդների, քրեագիտական տեխնիկայի նորագույն տեսակների կիրառման և քրեագիտության ոլորտի այլ պրակտիկ հարցերում»:

Հաշվի առնելով շարունակական փորձը՝ Ալեքսանդր Բաստրիկինը նշել է, որ նպատակահարմար է նաև ստորագրել երկու կառույցների միջև գիտակրթական համագործակցության ծրագիրը, որը կդառնա օրինաչափ արդյունքը՝ հաշվի առնելով փոխադարձ հետաքրքրվածությունը գիտական շրջանակներում, որակավորումը բարձրացնելու, փորձի փոխանակման և հանցագործությունները հետաքննելու լավագույն օրինակներով կիսվելու, ինչպես նաև հետազոտական գործունեության ոլորտում»:

Հաշվի առնելով երկու կառույցների համագործակցության ինտենսիվ զարգացումը՝ Ռուսաստանի ՔԿ նախագահը սատարել է բելառուս գործընկերների ավելի վաղ հնչեցրած նախաձեռնությունը՝ առաջարկելով անցկացնել համատեղ նիստեր Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ներկայացուցիչների մասնակցությամբ տարեկան երկու անգամ:

Հայկ Գրիգորյանը դրական է գնահատել աշխատանքային հանդիպման փորձագիտական ձևաչափը՝ նշելով, որ համագործակցությունը թույլ է տալիս արդյունավետ և օպերատիվ կերպով լուծել պրակտիկ հարցերը:

Կողմերը նաև քննարկել են առաջիկայում կայանալիք գործընկերների համատեղ նիստը առկա ամենաարդի հարցերի տեսանկյունից, որի շրջանակում պլանավորվում է նաև լսել կատարված աշխատանքի մասին հաշվետվությունները Կրասնոյարսկում պայմանավորվածությունների շուրջ: Ընդ որում՝ Ալեքսանդր Բաստրիկինը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայկ Գրիգորյանի նախաձեռնությանը Հայաստանում հերթական միջգերատեսչական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: