Վաշինգտոնը դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ մտցնելու հարցը

Վաշինգտոնը դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ մտցնելու հարցը՝ ռուսական ՀՀՊ Ս-400 համակարգերի ձեռքբերման հետ կապված։ Այս մասին ասել է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, տեղեկացնում է Bloomberg-ը։

«Մենք դիտարկում ենք դա»,- ասել է Մնուչինը Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողների հարցին։ «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել որևէ կոնկրետ որոշում, բայց մենք դիտարկում ենք այդ հարցը»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամները համառորեն կոչ են արել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին պատժամիջոցներ դնել Թուրքիայի վրա՝ Ս-400-ների գնման հետ կապված։ ԱՄՆ-ը արդեն հայտարարել է, որ թույլ չի տա, որ Թուրքիան մասնակցի F-35 կործանիչների ծրագրին։

Թուրքական լիրան 0,9 տոկոսով արժեզրկվել է Մնուչինի մեկնաբանություններից հետո։

ԱՄՆ-ը վաղուց արդեն հայտարարում էր, որ Թուրքիայի գործողություններն անհամատեղելի են ինչպես ՆԱՏՕ-ում, այնպես էլ F-35 ռեակտիվ ինքնաթիռների ծրագրում նրա դերի հետ, թեև նախագահ Դոնալդ Թրամփը նաև հասկանալ է տվել, որ չի ցանկանում լրացուցիչ պատժամիջոցներ մտցնել Թուրքիայի դեմ։

Թրամփն ասում է, որ նախկին նախագահ Բարաք Օբաման Թուրքիային ոչ մի ընտրություն չի թողել, բացի ռուսական համակարգ գնելուց, որովհետև ԱՄՆ-ը երբեք ամերիկյան արտադրության համակարգերի վաճառքի բավական լավ առաջարկ չի արել։

ԱՄՆ-ը ձգտել է Անկարային վաճառել Patriot ՀՕՊ-եր, համենայն դեպս 2013-ից, բայց նախագահ Ռեջեփ Էրդողանը պնդել է, որ փոխանցվեն նաև տեխնոլոգիաներ, որպեսզի Թուրքիան կարողանա ստեղծել իր սեփական հրթիռները։ Օբամայի վարչակազմը հրաժարվել է, տեղեկացնում է News.am։